7 ՀԱՐՑ. ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

GettyImages-481310750_croped

Խորագրի հյուրն է գրոսմայստեր, 2016 թվականի շախմատի մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:

– Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ճիշտ է, գուցե շատերին է հայտնի, բայց  ինձ առանձնակի դուր է եկել Արարատի մարզի Զանգակատուն գյուղը, բնությունը: Պարույր Սևակի գյուղն է, որտեղ գտնվում է նաև նրա տուն-թանգարանը:

 – Կա՞ մի բան Երևանում, որն անասելի  նյարդայնացնում է Ձեզ:

– Ոչ մաքուր փողոցները: Ընդհանուր աղբահանությունը:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան-խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Կարծում եմ` հայերի խելացիությունը կարող է այցեքարտ դառնալ:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– «Փոքրիկ իշխանը» կարդալիս մեծ հաճույք եմ ստացել: Ցանկացած տարիքում կարելի է կարդալ և ամեն անգամ տարբեր ձև ընկալել: Շախմատային գրքերից կարող եմ նշել աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի «Հոգեբանություն» գիրքը, որը շատ ուսուցանող է: Երրորդը՝ «Բոբի Ֆիշեր» գիրքն է, որը նվիրված է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իմ ընկերները, ընտանիքի անդամներն ինձ անընդհատ դրական լիցքեր են փոխանցում: Նաև շատ հաճելի է լսել պատահական, անծանոթ մարդկանց գովեստի, դրվատանքի խոսքերն ուղղված ինձ: Շատ են նման մարդիկ, հաջողություն են ցանկանում մրցաշարերից առաջ, ինչը շատ ոգևորիչ է:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Որակյալ, բարձրակարգ համալսարաններ, որոնց շնորհիվ էապես կկրճատվեր արտրկրում ուսման ձգտողների քանակը:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Մարդկանց բարեկեցությունը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register