7 ՀԱՐՑ. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Hakob-Badalyan-1

Խորագրի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Ավանդույթներն ու արժեքներն իրենց խորքում ինքնին ունեն որևէ «ֆիկացիայի» չենթարկվելու ուժը: Գոյություն ունեն իրավունքի, ազատության, մարդու ստեղծագործական հնարավորությունների հետ կապված համամարդկային արժեքներ՝ որոնցով տևական ժամանակ առաջնորդվում է աշխարհը: Հայաստանում այդ արժեքների ադապտացումը՝ կնպաստի  մեր երկրում առկա, զարգացման համար անհրաժեշտ մարդկային մեծ ներուժի բացահայտմանը:

– Եթե  Դուք  լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ  ձեր առաջին  հանձնարարականը:– Երևանը հսկայական քաղաք է, և շատ ավելի կարևոր է, թե մարդն ընդհանրապես ինչ պատկերացում ունի քաղաքի մասին: Առաջին քայլը կարող է չլինել ամենակարևորը, ամենակարևորը կարող է լինել 10-րդ քայլը: Քայլերի դասավորությունն ավելի շատ պայմանականություն է: Երևանում հարյուրավոր, հազարավոր քայլերի անհրաժեշտություն կա, և բացարձակ նշանակություն չունի դրանց հերթականությունը:

 – Թվարկեք  երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Երևի նույն կերպ պատասխանեմ: 3 քայլով հայրենադարձություն հնարավոր չէ կազմակերպել: Կարող եմ մի քանի եռյակներ թվարկել, օրինակ` զարգացնել տնտեսությունը, հաստատել արդարություն և բարձրացնել անվտանգությունը: Մոտ ապագայում անհրաժեշտ է կասեցնել արտագաղթը, հետո 303 քայլ կատարել Հայաստանում ապրող մարդկանց ներուժն առավելագույնս օգտագործելու, մարդկանց ՕԳԳ-ն բարձրացնելու համար: Այս ամենի արդյունքում ինքնաբերաբար կհայտնվենք մի ռեժիմում, որն ինքնին ենթադրում է հայրենադարձության գործընթացի մեկնարկ:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Հայոց պատմության մեծ գիտակ չեմ և սիրողական կարող եմ պատասխանել. ռազմաքաղաքական մտածողության և աշխարհաքաղաքական հարցերի համարժեքության առումով կտամ Տիգրան Մեծի անունը, նաև կնշեմ Պապ թագավորին, որպես ռեֆորմատորական մտածողություն ունեցող կառավարիչ, երրորդը կնշեմ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից` Արամ Մանուկյանի անունը:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Նման հնարավորություն ունենալու դեպքում առավելապես կկենտրոնանայի վերջին 20 տարիների վրա: Եթե խոսում ենք պրակտիկ, պատմական ընթացքի մասին,ապա պատմության վերջին շրջանի վերանայումն առավել առանցքային և իրատեսական է: Մենք դեռ ունենք անցնող 20-25 տարիների պատմությունը ռեալ սրբագրելու հնարավորություն: Ամբողջ ներուժը, հանրային էներգիան պետք է ծառայեցնել հենց այդ պատմությունը սրբագրելուն, որովհետև  դրանից  է կախված է մեր ապագան: Իսկ ավելի հետ նայելու դեպքում՝ կփորձեի փոփոխել ցեղասպանության էջը…

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Չգիտեմ` լավ է, թե վատ, բայց մարդ եմ, որ շատ քիչ է զարմանում: Այդ առումով, չեմ կարողանում նույնիսկ մտաբերել, թե վերջին անգամ ինչն է ինձ զարմացրել:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Ճիշտն ասած` այդպիսի բաղադրատոմս չունեմ: Կարծում եմ` ընդհանրապես  հաջողության գրավականն առաջին հերթին աշխատանքն է և աշխատասիրությունը: Ըստ ոլորտի` գուցե նաև տաղանդը: Շատ կարևոր է հանրային մտածողության մեջ սերմանելը,  որ մարդու հաջողությունը կամ անհաջողությունն առաջին հերթին կախված է գլխավորապես իրենից: Ըստ իս, առաջատար հասարակություններում՝ քաղաքացիների մտածողության մեջ հենց այս ընկալումն է ներդրվել: Այդ քաղաքացիներն են լինում ավելի մոտիվացված, քիչ տրտնջացող և ավելի շատ լուծումներ փնտրող:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register