7 ՀԱՐՑ. ԳՈւՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

11

Խորագրի հյուրն է արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Հայաստանը տեղով մի անկյուն է, որն ինձ համար շատ սիրելի է, ուր էլ գնամ: Սակայն ինձ հատկապես տպավորել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի «Քարի գլուխ» կոչված ֆանտաստիկ տեղը: Երբ կանգնում ես այնտեղ, այնպիսի բարձրություն է, որ քեզ արծիվ ես զգում:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում է Ձեզ:

– Շատ բաներ կան: Հիմնականում աղմուկն է նյարդայնացնում: Չեն հասկանում, որ աղմուկը սարսափելի թույն է: Իրար խլացնելով, մենք իրար կյանք ենք կրճատում: Կարծես` հատուկ մտածված իրար խլացնեն: Ես ապրում եմ Այգեձորում, ձորի ռեստորաններից մինչև ուշ գիշեր այնպիսի վայնասուն, կլկլոց է գալիս, հետո էլ հրավառություններ են սկսվում… այնպիսի տպավորություն է, որ մեր մարդիկ ամեն ինչ անում են ոչ թե իրենց համար, ուրախանալու համար, այլ ուրիշին խլացնելու:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Հայաստանը տեղով այցեքարտ է, ուղղակի ներկայացնել, գովազդել է պետք: Իսկապես Հայաստանում շատ լավ բաներ կան: Էլ չեմ ասում` վանքերը, ձորերը, ծերպերը, բնությունը, գինին, կերակուրը, որ էկոլոգիապես մաքուր է և շատ համեղ: Մարդիկ, որ շատ հյուրասեր են ու բարի:  Փառք Աստծո` ինտերնետը կա, յուրաքանչյուրը կարող է կարդալ մեր երկրի մասին:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը» և իհարկե պատանեկան տարիքում` Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներն» ու այդ շարքի մյուս գրքերը:

 – Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։

– Շատ դժվար է: 20-րդ դարում մարդիկ դեռևս կռիվ էին տալիս… Մոդեռն գրականություն կար, «փողի իշխանության» դեմ բողոքողներ, ըմբոստացողներ կային: Մարդիկ կային, որ անձնազոհ էին, կարող էին թքել փողի վրա: Այժմ գնալով ծանրանում է վիճակը, ժողովրդական լեզվով ասած` «մարդը կզում է փողի առաջ»: Ամեն ինչ մոռացած` հայրենիքը կթողնի, կգնա, ոչ մի սրբություն, ի՞նչ կրոն, ի՞նչ Աստված… մարդկանց համար միակ արժեքը դարձել է փողը, փայլուն իրերը, հարմարավետությունը: Դրա համար ընդօրինակելի մարդիկ ավելի ու ավելի քիչ են մնում: Ինձ համար այսօր Տիգրան Մանսուրյանն է ընդօրինակելի մարդ: Իր արածի համեմատ, նա այնքան համեստ է, նրբանկատ, հանդուրժող, քրիստոնյա:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Հիմա ես ավելի շատ կքանդեի, քան թե կկառուցեի: Մենք շատ արագ մոռացանք երկրաշարժը: Զարմանում եմ` ինչպես կարող է հայը իր հիշողության նկատմամբ այդքան անփույթ վերաբերմունք ունենա: Այսօր կառուցում ենք բարձրահարկ շենքեր, որոնք դժվար թե սեյսմակայուն լինեն: Բացի այդ, Երևանի բարձրահարկները ոչ միայն ճարտարապետական արժեք չունեն, նույնիսկ եղած արժեքներն են նսեմացնում:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Պետականություն ունենալը, լեզու ունենալը: Այժմ որևէ պետություն, նույնիսկ ամենահզորները՝ բացարձակ ազատություն, անկախություն չունեն: Մենք ունենք ամենալավ պաշտպանվածությունը` ներսից. դա մոնոէթնիկ երկիրն է: Պետք է աշխատենք պահել:

 

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register