7 ՀԱՐՑ. ԳՐԻՇԱ  ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

6

Խորագրի հյուրն է «Hetq.am» էլեկտրոնային թերթի լրագրող, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գրիշա Բալասանյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– 21-րդ դարում դժվար է ինչ-որ բան դնել շրջանակի մեջ և ասել՝ սա մերն է: Նույնիսկ ժամանակին «հայաֆիկացված» արժեքներն ու ավանդույթներն են փոխվել: Չեմ կարող ասել՝ լավ է, որ փոխվել են, չեմ էլ կարող հակառակը պնդել, քանի որ աշխարհն առաջ է գնում և մենք չենք կարող դոփել տեղում: Բայց շատ կցանկանայի «հայաֆիկացնել» անարդարության դեմ պայքարը, որը չի ճանաչի ոչ ազգ, ոչ մշակույթ, ոչ ռասսա, ոչ սեռ ու սոցիալական կարգավիճակ: Արդարությունը համարենք մերը և չհանդուրժեք դրա աղավաղման և ոչ մի դրսևորում:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Այգիներից և պուրակներից, կանաչ տարածքներից դուրս բերել բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Դրանց փոխարեն հիմնել նոր այգիներ, կանաչ տարածքներ: Քաղաքի դեմքն ու դիմագիծը որոշվում է իր կանաչ տարածքով, իր բնությամբ: Երևանն այսօր չունի բնություն: Սյուներից կախված տարաներից «ժպտացող» ծաղիկները Երևանի բնությունը չեն, Օպերայի շրջակայքում, Ազատության պողոտայում ծառերի ու կանաչի հաշվին վեր խոյացող սրճարաններն ու առանձնատները Երևանի բնությունը չեն: Երբեմնի կանաչ մեր մայրաքաղաքում այսօր շնչելու օդ չկա, սրճարաններն ու ռեստորաններն են «շնչում» մեր օդը, իսկ մենք լուռ շնչահեղձ ենք լինում:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Կոռուպցիան վերացնելը կամ նվազագույնի հասցնելը, բիզնեսի ազատականացումը, որը չի հանդուրժի մենաշնորհի գոյություն, ինչպես նաև ազատ՝ ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների անցկացում:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Կարեն Դեմիրճյան, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին և Մոնթե Մելքոնյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Բոլոր այն էջերը որոնք ավարտվել են բարոյական հաղթանակով: Ցավոք այսօր էլ մեր ազգը «կերակրվում» է բարոյական հաղթանակներով: Բայց դա հաղթանակ չէ, հաղթանակը բարոյական չի լինում, կամ հաղթում ես կամ՝ պարտվում: Մենք երբեմն չենք հաղթում, բայց սկսում ենք խոսել բարոյական հաղթանակի մասին: Չգիտես ինչու սկսում ենք տոնել և մխիթարվել դրանով:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:-Հարցը հետաքրքիր էր, քանի որ դժվարանում եմ հիշել, թե ինչն է ինձ զարմացրել: Երևի շարքային քաղաքացու նկատմամբ հոգատար  ոստիկանը…

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Իդեալներ, դրանց հասնելու որոշակի բաղադրատոմսեր չունեմ: Եթե ցանկանում եմ հաղթել, այդ գործը սիրով ու նվիրումով եմ անում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register