7 ՀԱՐՑ. ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

2

Խորագրի հյուրն է լրագրող, «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը:

– Ձեր  կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը  Հայաստանում:

-Հայաստանի ճամփեքով անցնել շատ եմ սիրում, այդ պատճառով մի փոքր դժվարանում եմ ընտրել։ Շատ եմ սիրում Տավուշի Ենոքավան գյուղը։ Երկու անգամ եմ եղել, սարերի մեջ է, այնտեղ տարվա բոլոր եղանակներին հիանալի օդ կա։ Այդ գյուղը հատկապես դուր կգա Էքստրեմալ սպորտի սիրահարներին. տարածաշրջանի ամենաերկար զիփլայնն այնտեղ է։ Սիրում եմ Սպիտակ քաղաքի գողտրիկ ու փոքր գյուղերը, Ջերմուկում կարելի է կտրվել իրականությունից։

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Տանել չեմ կարողանում երթևեկությունը։ Խցանումները քո օրից խլում են նվազագույնը 1 ժամ։ Բացի այդ, որոշ հանդիպումներից ես ուշանում, ծրագրած գործերը՝ հետաձգում, որոշներն էլ թողնում հաջորդ օրվան։ Կարծում եմ, Երևանին խանգարում է ավտոմեքենաների մեծաքանակությունը։ Եթե փողոցներում հատուկ տարածքներ տրամադրվեին հեծանվորդներին և գծանշած լիներ երթուղին՝ մեծ հաճույքով հեծանիվ կվարեի։

-Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Կարծում եմ, նշվածներից բացի, մեր երկրի այցեքարտ է համարվում նաև շախմատը։ Փոքր երկրում մեծ սպորտ պահելը շատ բարդ խնդիր է, բայց մենք կարողանում ենք։ Շախմատն, իսկապես, Հայաստանի այցեքարտերից է։

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Մտքիս առաջինը եկավ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» ստեղծագործությունը: Պարզապես հիանալի գիրք է, հաստափոր, բայց մեկ շնչով ընթերցվող: Գիրքը սովորեցնում է` ինչպես արկածներով հասնել նպատակիդ, լինել ազատ և երբեք չհանձնվել: Կնշեմ նաև Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն  և Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպերը:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Նախ պետք է դրական լիցքեր տալ, ապա նոր պահանջել: Իմ կարծիքով, հարաբերություններում կարևոր են մանր դետալները, դիպուկ խոսքերն ու տեղին ժպիտները: Ընդհանուր եզրեր ունենալու դեպքում՝ դրական լիցքեր կարող եմ ստանալ յուրաքանչյուրից: Մասնագիտությունս պահանջում է շփվել տարբեր մարդկանց հետ. սառը, տարօրինակ, տհաճ, բայց փորձում եմ յուրաքանչյուրից քաղել այն, ինչը պետք է կամ կարող է պետք գալ:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Կկառուցեի հայկական սպորտի թանգարան: Այնտեղ կլինեին բացառիկ նմուշներ` մինչև անկախացումն ու դրանից հետո: Մեծ, ուսուցողական թանգարան կլիներ, իր յուրահատուկ լուծումներով: Մուտքավճարը բարձր կսահմանեի, կաշխատեի այն դարձնել տուրիստների սիրելի վայրերից մեկը: Իհարկե, այս ամենը հիմա չէի անի. մոտ 30 տարի հետո(ժպտում է,-խմբ.):

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ծնվել եմ այն ժամանակ, երբ Հայաստանն արդեն անկախ էր: Չեմ ապրել ԽՍՀՄ տարիներին, այդ իսկ պատճառով էլ ինձ համար դժվար է համեմատականներ անցկացնելը: Պետք չէ անընդհատ ու հիվանդագին հաճախականությամբ աչք գցել արտասահմանյան երկրներին: Իմ հայրենիքում լիարժեք երջանիկ կլինեմ, եթե երբևէ առիթ չունենամ նախանձելով պատմել այս կամ այն երկրում հանդիպած որևէ երևույթի, մշակույթի, նիստուկացի կամ կառույցի մասին:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register