7 ՀԱՐՑ. ԳԱԳԻԿ ԱՂԲԱԼՅԱՆ

3

Խորագրի հյուրն է «Hetq.am» և «Media.am» կայքերի լրագրող, ֆոտոլրագրող Գագիկ Աղբալյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Կարծում եմ Հայաստանում չկա անկյուն, որ մարդու ոտքը տրորած չլինի: Այլ բան է՝ երբ ինքդ քեզ համար բացահայտում ես համարում, ցանկանում ուրիշների հետ կիսվել այդ «բացահայտման» մասին: Մյուս կողմից, նոր բան բացահայտած եմ զգում, երբ Հայաստանի չքնաղ գյուղերում, կամ որևէ քաղաքի մի անկյունում հանդիպում եմ արարող մարդու, ստեղծագործական աշխարհի մի նվիրյալի, իր օրվա մի պատառ հացից հյուրին բաժին հանող համեստ ընտանիքի: Միայն հարցեր տուր իր կյանքից, հոգսից ու թաքուն ուրախությունից, ու տես ինչ հոգիներ կբացահայտես: Ու Հայաստանի գրավչությունը, շատ զբոսաշրջիկներից եմ լսել, հյուրասիրությունն է, առավելագույնս ազնիվ փոխհարաբերություններն անգամ անծանոթի հետ:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Ամենուր նկատվող մեծամտությունը, պատասխանատվության ցածր զգացումը հանրային վայրերում՝ ուրիշի անվտանգության ու կյանքի նկատմամբ: Այս առումով մենք  «իդեալական» ենք երթևեկության մեջ: Ամեն գնով վազանցելը, առաջ ընկնելը, թեկուզև՝ վթարային իրավիճակ ստեղծելու գնով, մեզ հատուկ բան է: Եվ դրա կողքին ընդհանրապես ծիծաղելի են ընկալվում լուրջ դեմքով խոսակցությունները՝ մեր հինավուրց ու քաղաքակիրթ լինելու մասին: Եթե մեզ փորձենք ճանաչել երթևեկության մեջ մեր պահվածքով, ապա կարող ենք հաստատ պնդել, որ մեր տաճարներն ու մշակույթն ընդհանրապես այլմոլորակայինների ձեռքի գործն է: Չեմ հանդուրժում այն մարդկանց, ովքեր Երևանը պատկերացնում են որպես իրենց մեծ աղբամանը:

 – Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Մեր ստեղծած ցանկացած բան, որը կարող է համամարդկային նշանակություն ունենալ: Կարծում եմ կարիք չկա մտածելու՝ մեր ո՞ր մի տաճարը, մեր ո՞ր մի ձեռագիր մատյանը համարենք այցեքարտ: Այցեքարտը մարդուն տալիս են այցելելու, կապ հաստատելու համար: Որպեսզի մեզ այցելեն, ունեցած ժառանգությունը քիչ է: Հարկավոր է հյուրընկալությանը, այցելություններին նպաստող միջավայր ստեղծել:Աշխարհում ամեն ինչ կա: Հարցն այն է, թե ով ինչպիսի միջավայրում է այդ ամենը պահպանում ու ներկայացնում:

 – Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Կյանքին այլ հայացքով նայելու առումով մեծ ազդեցություն է թողել պոզիտիվ հոգեբանության արդի դեմքերից Ալեքսանդր Սվիյաշի «Առողջությունը գլխի մեջ է, այլ ոչ՝ դեղատանը» գիրքը: Ամենաթարմ տպավորություններս Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» պատմավեպից են և Դաթո Տուրաշվիլիի «Ջինսե սերունդը» վիպակից:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Ցանկացած մեկը, ով կյանքում չի բավարարվում ձեռք բերածով և անընդհատ ձգտում է ինքնաճանաչողության  և սեփական թաքնված հնարավորությունների բացահայտման: Նրանց կոչում են հաջողակ մարդիկ:

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Բարեգործական ճաշարան  և խնամքի կենտրոն՝ աղքատ մարդկանց համար: Մանկությանս երազանքներից է:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Կարծում եմ՝ այն, ինչը խորհրդանիշների տեսքով ստեղծել կամ ամրագրել ենք 1991 թվականից այս կողմ, դեռ անկախությունը չէ: Բայց համաձայն եմ մի խելոք մարդու խոսքերի հետ, որ նախորդ 26 տարիներին ձեռք բերած գերագույն արժեքը ազատագրված Արցախն է՝ այնտեղ բնակվող քաղաքացիների՝ ապրելու և ստեղծելու իրավունքների իրացման համատեքստում: 

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register