7 ՀԱՐՑ. ԲՈՐԻՍ ՔՈՉԱՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն է ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Բորիս Քոչարյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Չունեմ, ճիշտն ասած: Հայաստանում ծածուկ տեղ դժվար է գտնել: Այնուամենայնիվ, մոտ 30 տարի առաջ, ինձ համար հայտնություն էր Մեղրին: Մինչ այդ թվում էր, թե Հայաստանում ամեն ինչ տեսել եմ: Մեղրին արտակարգ է` իր արևադարձային մրգերով, տարածքի տեղադրվածությամբ: Քաղաքի կանաչը գալիս-գալիս է և կարծես քանոնով կտրում ես վերևից: Շատ հետաքրքիր քաղաք է:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Ցավոք, շատ են: Օրինակ` սարսափելի աղմուկը: Համակեցության ոչ մի կարգ ու կանոն չունեցող քաղաքի տպավորություն է թողնում: Գիշերային ժամերին առանց խլացուցիչ մեքենա են վարում կամ հրավառություն կազմակերպում: Շատ աղմկոտ և կեղտոտ քաղաք է դարձել Երևանը:

 – Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Մենք միշտ էլ աշխարհին մեր անհատներով ենք ներկայացել, դրա համար էլ բոլորվին ինձ վատ չեմ զգում, որ մենք Հենրիխ Մխիթարյանի անունով ենք աշխարհին ներկայանում: Մյուս կողմից, արդեն ժամանակն է, որ մեր պետությունն աշխարհին ներկայանա հենց իր տարածքով, ներքին կյանքի կազմակերպման որակով: Կարծում եմ` շատերիս ցանկությունն է:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Կնշեմ ըստ հերթականության, փուլերով: 8-րդ դասարանում ձեռքս ընկավ Նիկոլայ Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը: Հավանաբար մեկ ամբողջ տարի այդ գրքի ազդեցության տակ էի: Ուսանող ժամանակ ընկերներով ճարել էինք Հիպոլիտ Տենի «Արվեստի փիլիսոփայությունը», որն իրարից խլելով կարդում էինք: ԽՍՀՄ տարիներին դժվար էր ճարել, բայց ինստիտուտն ավարտելուց հետո կարդացի «Աստվածաշունչը» և և ոչ մեկ անգամ: Փաստորեն մեր ամբողջ քաղաքակրթության հիմքն է այնտեղ: Բովանդակությանը,սյուժեին ծանոթ չլինելու դեպքում շատ դժվար է դասական նկարիչների գործերը հասկանալը, որոնց կտավներում գերազանցապես աստվածաշնչյան թեմաներ են:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։

– Մի քիչ դժվար է ժամանակակիցներին գնահատելը: Կարծում եմ` միշտ էլ կան ընդօրինակման արժանի մարդիկ: Ինձ վրա ազդեցություն թողած մարդկանցից կարող եմ նշել` Ջիմ Թորոսյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Մարտին Միքայելյանի, Մարտուն Գրիգորյանի անունները: Մարդիկ, որոնք  հետք են թողել իմ մտածողության վրա:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Այգի, զբոսայգի, հանրային լուրջ տարածքներ, մշակված քաղաքակիրթ պուրակ: Երևանի հանրային տարածքները գրեթե ամբողջությամբ մասնավորեցվել, ոչնչացվել են:

-Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Անկախությունը պայմանավորված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությամբ, այլ կերպ՝ պետության առկայությամբ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register