7 ՀԱՐՑ. ԱՇՈՏ ՍՆԽՉՅԱՆ

2

Խորագրի հյուրն է ճարտարապետ, «SNKH» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը:

 – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ անկյունը  Հայաստանում:

– Ուսանողական տարիներին ամռանն ընկերներով գնացել էինք Դիլիջան: Հարակից անտառում զբոսնելով` անսպասելիորեն հայտնվեցինք երիցուկի հսկայական դաշտում: Շատ տպավորիչ էր: Իհարկե, չեմ կարծում թե եզակի մարդկանցից եմ, որ եղել եմ այնտեղ (ժպտում է, –խմբ.):

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Ամենաշատն ինձ նյարդայնացնում է հանրային տարածքների բացակայությունը: Մայթեր չկան, մայթերի մեծ մասը քաղաքացիներից գրավված է: Բոլոր շենքերը առաջ են եկած տարբեր տեսակի խանութներով, ով ոնց ուզում սարքում է:

 – Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

 – Ուղեղը, մտավոր աշխատանքը: Միակ ռեսուրսն է, որ շատ է: Երևի այդքան օպտիմալ չի օգտագործվում, բայց հատկապես նոր սերունդը մեծ պոտենցիալ ունի:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ստանիսլավ  Լեմ՝ «Սոլյարիս», Հարուկի Մուրակամի՝ «Հրաշքների աշխարհն` առանց արգելակների, և  Աշխարհի վերջը» վեպերը, ինչպես նաև Ռոբերտ Շեկլիի «Ներխուժում լուսաբացին» պատմվածքը:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Շատ եմ ճանաչում: Ընկերներիս մեծ մասը: Ում հետ իմ ցանկությամբ եմ շփվում, բոլորը դրական լիցքեր փոխանցող մարդիկ են` լավատեսական տրամադրությամբ, ընկերասեր, ուրախ, մի քիչ էլ` խելառ:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Չեմ կարող ասել` ինչ, բայց կարող եմ ասել, թե ինչպես կկառուցեի: Երևանը արդի ճարտարապետության մեծ պակաս ունի: Իսկ եթե ավելի կոնկրետ ասենք` ընդհանրապես չկա: Զգում եմ, որ այս հարցում աշխարհից կտրված ենք: Շատ կուզեի, որ առաջադիմական ճարտարապետություն լիներ, ինչը նույնպես աշխարհին ներկայանալու լավ տարբերակ է:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Նոր սերունդը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register