7 ՀԱՐՑ.  ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

nk

Խորագրի հյուրն է բանաստեղծ, արձակագիր Արմենուհի Սիսյանը:

 – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում: – Անհարմար եմ զգում ասել, բայց ես Հայաստանն այդքան էլ լավ չեմ ճանաչում: Այնուամենայնիվ, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրի հարակից տարածքում մի գողտրիկ անկյուն կա: Այնտեղ Սուրբ Հարություն կոչվող մի փոքրիկ  մատուռ կա: Ի տարբերություն Կեչառիսի, որտեղ մշտապես այցելուներ կան, այստեղ ոչ մեկի երբեք չեմ հանդիպել: Ծաղկաձոր այցելելիս աշխատում եմ անպայման լինել այնտեղ:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի նյարդայնացնում է  Ձեզ: – Կա. մայթերին թքոտելը: Կուզեի այդպես վարվողների համար տուգանք սահմանվեր:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։ -Հայկական կոնյակը կամ գինին: Մարքեթինգի և գովազդի պակաս ունենք, այլապես երկուսն էլ արժանի են համահայկական բրենդ համարվելու:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն: – Սիրելի գրքերը շատ են, բայց եթե խոսքն աշխարհընկալման ձևավորման վրա ունեցած ազդեցությանն է վերաբերում, ուրեմն նշեմ՝ ըստ տարիքային ժամանակագրության.  Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ», Լև Տոլստոյ «Աննա  Կարենինա», Ջորջ Օրուել «1984»:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։ – Ոչ: Այս արևի տակ յուրաքանչյուր ոք ունի իր դերն ու ինքնատիպությունը, իսկ ընդօրինակել կարելի է մանկական տարիքում, առավելագույնը` պատանեկության: Այնուամենայնիվ, ցանկացած իսկապես բարի մարդ ինձ համար արժեք է:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։ – Երևանը մեր տունն է ու շատ բան չենք նկատում, քանի որ նայում ենք ներսից: Այդ պատճառով կդիտարկեմ դրսի աչքով` որպես զբոսաշրջիկ: Նախ կբազմապատկեի փողոցների անվանումներն ու թվերը շենքերի վրա` հայերեն և անպայման անգլերեն, ինչը շատ պակասում է մեր քաղաքում: Նաև անհրաժեշտ է հասարակական զուգարաններն ավելացնել, թող որ լինի վճարովի:

–  Շոգից  փրկվելու  Ձեր  «բաղադրատոմսը»։ – Ես ջերմություն, նաև տաք ջերմաստիճան սիրող  մարդ եմ: Այնպես որ` հիշեք խստաշունչ ձմեռների ու սաստիկ ցրտերի մասին և … փրկվե՛ք:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register