7 ՀԱՐՑ. ԱԻԴԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ալտահարների կոնցերտմայստեր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աիդա Նալբանդյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Անցյալ տարի հյուր ունեի Բեյրութից, երկու ամսով էի հյուրընկալել: Նրա հետ ճամփորդեցի ողջ Հայաստանով(ժպտում է,-խմբ.): Շատ հետաքրքիր տեղերում եղանք: Կառանձնացնեի Ջերմուկի «Տաք ջրեր» կոչվող առողջարանային վայրը: Նախ՝ ճանապարհն էր շատ հետաքրքիր, ասես ջունգլիներով  անցնեինք, մեքենայով կտրեցինք գետը, իսկ վերջում հասանք գեյզերներին:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Կուզենայի, որ Երևանի բնակիչները (էական չէ` այստեղ են ծնվել, մեծացել, թե տեղափոխվել են ապրելու) մաքուր պահեն քաղաքը: Մարդիկ շատ են սիրում մեղադրել ղեկավարությանը, թեպետ իրենք ոչինչ չեն անում: Գտնում եմ, որ քաղաքի մաքրությունը միայն ղեկավարների ու «Սանիթեքի» խնդիրը չէ: Մեքենա վարելիս հաճախ եմ տեսնում, թե ինչպես է հարևան մեքենայի վարորդը ծխախոտի տուփը, կոնֆետի թուղթը շպրտում պատուհանից… Սարսափելի զայրանում եմ, լինում է ազդանշան եմ տալիս:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

–  Երազում եմ, որ մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը լինի Հայաստանի այցեքարտն աշխարհում:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Պատանեկությանս տարիներին շատ էի սիրում Ալեքսանդր Գրինի «Алые паруса»(«Ալ առագաստներ» – թարգմ.) վեպը՝ որպես սիրո, հրաշքի մասին գիրք: Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» նույնպես կարևոր գիրք է ինձ համար… Ախր շատ են գրքերը, և դժվար է ընտրել: Այժմ իմ «հացն ու ջուրը» Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է, որն ամեն օր քնելուց առաջ կարդում եմ:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։

– Չեմ մտածել, թե ում կուզեի ընդօրինակել: Պարզապես կուզենայի, որ մարդիկ լինեին ավելի բարի, ավելի կամեցող: Չարությունը նրանց միջից դուրս գար:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Դահլիճ: Մեր համերգային դահլիճն ակուստիկայի հետ կապված խնդիր ունի: Երբ արտերկրում համերգներ ենք ունենում, հրաշք ակուստիկա է լինում, կարողանում ես բոլորին առանձին-առանձին լսել… քեզ թվում է, թե այդ սիմֆոնիան դու` ինքդ ես. քեզ հասանելի են բոլոր ձայները:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ինչպես աղջիկս է ասում՝ ես հին, սովետական մարդ եմ(ծիծաղում է,-խմբ.): ԽՍՀՄ-ում տարածքի սահմաններից դուրս ունակություններդ  ներկայացնելու հնարավորությունից  զրկված էիր : Մենք՝ երաժիշտներս, օրինակ, ուզում էինք մասնակցել արտերկրյա մրցույթների, բայց այդ հնարավորությունը չունեինք, փակված էինք: Անկախությունը մեզ նման հնարավորություն տվեց, բացեց սահմանները: Անկախությունը շատ լավ բան է: Այն ինձ համար առաջին հերթին ազատություն է…

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register