7 ՀԱՐՑ. ԱՆԻ ԱՄՍԵՅԱՆ

1

Խորագրի հյուրն է բանաստեղծ, սցենարիստ Անի Ամսեյանը։ Օրերս լույս է տեսնելու նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ճանապարհ դեպի լռություն»-ը ։

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ամենալուսավոր, վառ հիշողություններս մանկությանս հետ են կապված, որն անցել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Կարելի է ասել, որ ոչ թե ես իրեն, այլ վայրն ինքն է ինձ բացահայտել, ձևավորել: Այս գյուղը պարզապես վայր չէ, այն իմ մանկությունն է, աշխարհը սկսվում և ավարտվում էր այստեղ: Այնտեղ տատիկս ու պապիկս էին, սիրելի մարդիկ, որ էլ չկան, իմ առաջին դպրոցը, ձմռան բուքը, թոնրի շուրջը գյուղի կանանց անվերջանալի զրույցները, մեր բակի ամենահամեղ խնձորները, ինձ համար սարսափելի գաղտնիքներ պարունակող մեր տան անմատչելի կտուրը, լռությունը, երեկոների խաղաղությունը, սառցալուլաները, որ պոկում և պաղպաղակի պես ուտում էինք:  Հիմա շատ հաճախ միայն կրկնվող երազներում եմ հայտնվում այնտեղ: Ես ժամանակը փորձում եմ տարածության մեջ փնտրել: Բայց այն այլևս չկա…

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է  Ձեզ:

– Երևանը  գնալով ավելի ու ավելի նյարդային է դառնում։ Դրա համար էլ, ինչպես արդեն ասացի, երազներում հաճախ եմ փախչում երանելի լռության հետքերով։ Աղմուկը շատ է քաղաքում։

 -Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Մշակույթը, որը նախ մենք ինքներս պիտի լավ ճանաչենք։ Մենք հրաշալի երաժշտություն, գրականություն, նկարչություն, քանդակագործություն ունենք, մեր պարերը, համեղ խոհանոցը, հրաշալի ճարտարապետությունը, որից ցավոք այսօր փշուրներ են մնում։ Նախ պետք է ինքներս փորձենք պահպանել, արդարացիորեն  գնահատել, ճանաչել, ապա ճիշտ ներկայացնել աշխարհին։

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Վախենում եմ, որ երեքն առանձնացելով, բաց կթողնեմ բազմաթիվ անուններ: Կնշեմ․ «Աստվածաշունչ»-ը, Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: Չէ, սիրտս չտարավ (ժպտում է,-խմբ.): Ավելացնեմ․Հոմերոսի «Ոդիսական»-ը, Չարենցի «Սոմա» և «Նավզիկե» պոեմները, Շեքսպիրի 66-րդ հիասքանչ սոնետը:

-Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Այո։ Եվ ամենաթանկն այս աշխարհում ինձ համար մարդիկ են, որոնց ես սիրում եմ: Մենք ցավոք կորցնելուց հետո ենք միայն գնահատում։ Միշտ փորձում եմ մարդկանց հայտնել երախտագիտությունս։ Ամեն օրը կարող է վերջինը լինել։ Եվ ի վերջո, երեխաների հետ եմ աշխատում, միշտ նրանցով եմ շրջապատված։ Իսկ նրանք գեղեցիկ են…

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Երևանը խեղդված է շենքերով, օդ և տարածություն չկա․․․ Ես ծառեր կտնկեի, շատ-շատ ծառեր։

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Բացարձակ անկախություն կամ ազատություն երբեք գոյություն ունենալ չեն կարող։ Մենք բոլորս ինչ-որ բանից կախված ենք, ինչ-որ բանի գերին ենք։ Սրան զուգահեռ կյանքն անընդհատ ծնում է խենթերի, որոնք ստեղծագործելով ազատագրվում և ազատագրում են բոլոր կապանքներից։ Ինձ համար ազատության խորհրդանիշներ են Փարաջանովի պատկերները, Կոմիտասի «Լոռվա գութաներգ»-ը, Թումանյանի հեքիաթները, Սարյանի գույները, Չարենցի հանճարեղորեն ընտրված բառերը, փոքրիկ Իվանը Տարկովսկու ֆիլմում, Բախի երաժշտությունը․․․

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register