7 հարց. ՎԱՀՐԱՄ ՔՈՍԱԿՅԱՆ

Vahram-Qosakyan

Խորագրի հյուրն է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը:

 

– Ձեր կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ծածուկ անկյան մասին թերևս չես բարձրաձայնի: Հենց բարձրաձայնեցի՝ այն այլևս ծածուկ մնալ չի կարող (ժպտում է,- խմբ.):  Անձամբ ինձ շատ են դուր գալիս Ենոքավանն ու Լաստիվերը: Երիտասարդության ներգրավման դիտանկյունից՝ Լաստիվերն ու  «Տաթևերը» բավական հարմար տարբերակներ են:

 

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Այո, կա: Երթևեկությունն է: Իհարկե, հասկանում եմ, որ դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, որ մեր փողոցների թողունակությունը չի բավարարում տրանսպորտային առկա միջոցների հոսքին: Սակայն նաև տեսել եմ, թե ինչ լուծումներ են գտել խոշոր քաղաքներում: 15-20 միլիոնանոց քաղաքներում չկան խցանումներ, ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, թե ինչու 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում պետք է լինի նման ծանր երթևեկություն:

 

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Կարծում եմ, որ օրինակ Արամ Խաչատրյանով Հայաստանն ավելի շատ գիտեն, քան, ենթադրենք, դուդուկով կամ խորովածով: Մտածում եմ, որ եթե շեշտադրումն անենք մեր առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքի վրա և Նարեկացուն կարողանանք պատշաճ ներկայացնել աշխարհին, մեծ հաջողության կհասնենք: Գիտականորեն ապացուցված է, որ աստվածակենտրոնությունից դեպի մարդակենտրոնություն տանող ճանապարհի ամենաառաջին ցուցանողը հենց Գրիգոր Նարեկացին է եղել:

 

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Իմ ընթերցած առաջին գեղարվեստական գիրքը՝ Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները»: Իսկ եթե ավելի լուրջ, թերևս, ԳաբրիելԳարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը»:

 

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։

– Ինձ համար ընդօրինակելի մարդ է Խաչատուր Աբովյանը: Գրեթե բոլոր ուղղություններով նա ուղենիշներ դրեց, սեփական ժողովրդին անմնացորդ նվիրվելու և ամենակարևորը՝ կրթական ճանապարհով խնդիրները լուծելու մոդելն առաջինը հենց նա առաջարկեց: Այսօր ևս բոլոր խնդիրների կարգի բերման բանալին՝ կրթական համակարգի մեջ է:

 

– Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Երևանում ոչինչ էլ չէի կառուցի: Սահմանամերձ բոլոր համայնքներում կկառուցեի ամենաարդիական լաբորատորիաներով զինված կրթական հաստատություններ:

 

–  Շոգից  փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։

– Իմ «բաղադրատոմսը» ներառում է երկու տարբերակ՝ բնական և արհեստական: Արհեստականը օդորակիչներն են, բնականը՝ շաբաթական գոնե երեք անգամ վաղ առավոտյան լողավազանում լինելը և շաբաթվա վերջին քաղաքից դուրս գալը:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register