7 հարց. ԷԴՈւԱՐԴ ԱՅԱՆՅԱՆ

Խորագրի հյուրն է հեղինակ, հրապարակախոս, հեղինակային խոսքի և միջանձնային հաղորդակցության մասնագետ Էդուարդ Այանյանը:
– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:
-Հայաստանի բնությունը շատ բազմազան է: Գրեթե բոլոր շրջաններում, մարզերում կան շատերին անծանոթ վայրեր: Կոնկրետ վայր, որ ես եմ բացահայտել, դժվար նշեմ, բայց հաստատ կարող եմ ասել. Գառնիի ձորում` Ազատ գետի ափին այդպիսի վայրեր կան: Այդպիսի վայրեր կան նաև Տաթևի վանքի մոտակայքում:
– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:
– Ամենաշատն ինձ նյարդայնացնում է գավառական մտածողություն ունեցող չինովնիկների գործունեությունը: Նրանց, այսպես կոչված քաղաքաշինությունը, ճարտարապետությունը: Ինձ նյարդայնացնում է բարդույթներ և մշակութային շատ ցածր մակարդակ, քաղաքի անցյալը չհարգող ու ոչնչացնող մարդկանց գործունեությունը: Առևտրական մտածելակերպ ունեցող մարդկանց գործունեության հետևանքն է շատ ծանր:
– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։
– Հայաստանի «հոգին» պետք է դառնա Հայաստանի այցեքարտը աշխարհում: Մենք շփվող, մարդամոտ ազգ ենք և այստեղ բոլորն իրենց կարող են զգալ ինչպես տանը: Հայաստանը դրանով առանձնանում է շատ և շատ երկրներից: Կարծում եմ` բաց վերաբերմունքը, անմիջական շփումը մեր հաղթաթուղթը պետք է լինեն, որովհետև շատ քիչ տեղեր կան աշխարհում, որտեղ մարդիկ այսպես են վերաբերվում մյուսներին:
– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:
– Ինչ-որ գրքերի ազդեցության տակ աշխարհընկալումս երբեք կտրուկ չի փոխվել: Դպրոցական տարիներին էր, երբ կարդացի ամերիկացի գրող, սցենարիստ Դալթոն Տրամբոյի «Ջոնին ստացավ հրացան» վեպը: Այդ գիրքն ինձ վրա շատ էր ազդել, որովհետև մարդու կամքի մեծ ուժի մասին էր: Ժամանակին ինձ վրա ազդեցություն են թողել Սերգեյ Դովլաթովի գրքերը: Նրա լեզուն շատ տպավորիչ էր: Կշնեմ նաև Ուիլյամ Ֆոլքների «Քաղաքը» վեպը:
– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։
– Արժանի մարդիկ, իհարկե, շատ կան, բայց ես որևէ մեկի անունը չեմ նշի:Առաջին հերթին պետք է նայենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալներ են, իրենց կյանքում չեն կորցնում մարդկային ամենակարևոր սկզբունքները և չեն մոռանում իրենց արմատները: Երբ այս ամենը համատեղվում է մարդու մեջ, նա կարող է օրինակ լինել թե՛ մեզ, թե՛ մեր երեխաների համար:
– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։
– Կստեղծեի բազմաթիվ նոր պուրակներ, այգիներ: Երևանը չունի բավարար քանակությամբ կանաչ գոտիներ և խեղդված է:
– Շոգից փրկվելու Ձեր «բաղադրատոմսը»։
– Պետք է ուղղակի բնությանը մոտ լինել: Փառք Աստծո, նույնիսկ Երևանում կան գոտիներ, օրինակ` Հրազդանի կիրճը, որտեղ կարելի է մի քիչ մոտ լինել ջրին և մի քիչ հեռու՝ շենքերից: