7 ՀԱՐՑ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

2020

Խորագրի հյուրն է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հեղինակ և վարող, ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Սարգսյանը։

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»։ – Որքան էլ տարօրինակ է, մեր հնամյա լեզուն այսօր ամենաշատն ունի պաշտպանության և, եթե կուզեք, «հայաֆիկացման» կարիք: Խոսքը ոչ թե մաքրամոլության, ամեն ինչ թարգմանելու մոլուցքի, այլ համացանցում հայատառ գրելու անհրաժեշտության մասին է: Այլատառ, հատկապես լատինատառ հայերենն իսկական պատուհաս է դարձել և լեզվական քաղաքականության ամենակարևոր առաջնահերթություններից պիտի լինի:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Երևանը պետություն է պետության մեջ, վերջին մի քանի տասնամյակում հնարավոր ու անհնար ամեն բան արվեց՝ Երևանը ոչ միայն քաղաքաշինական, այլև մշակութային, պատմական, ազգագրական դիմագծից զրկելու համար: Այսօր մայրաքաղաքն ավելի շատ խառնիճաղանջ, կոնգլոմերատ բնակավայր է հիշեցնում: Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը ներքաղաքային տրանսպորտի սարսափելի վիճակն է: Անարժանապատիվ, նվաստացուցիչ և ոչ անվտանգ միկրոավտոբուսներից այսքան տարի շարունակ հնարավոր չեղավ ազատվել:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:-Հայրենադարձությունն ինքնանպատակ չպետք է լինի, պետությունը պետք է գիտակցի, որ հայրենիք տեղափոխվելու որոշում կայացնողին չի կարելի անտեր թողնել, ավելին՝ գոնե սկզբնական շրջանում նրա համար արտոնյալ պայմաններ պիտի սահմանվեն, օրինակ, աշխատանք կամ բնակարան ձեռք բերելու հարցում: Հայրենադարձությանը նպաստելու առաջին քայլը զանգվածային արտագաղթը կասեցնելն է, ինչին պիտի հաջորդեն հատկապես սփյուռքահայ փոքր և միջին գործարար շրջանակների համար գրավիչ ներդրումային դաշտի ստեղծումն ու ինքնիրացման լայն հնարավորությունների ընձեռումը:
Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:


– Չափազանց դժվար է առանձնացնել միայն երեքին: Առավել հայտնի պատմական դեմքերի անունները վերստին չկրկնելու համար կառանձնացնեմ հանիրավի մոռացված, սակայն գնահատանքի ու մեծարման արժանի երեք գործչի՝ 4-րդ դարի հայոց սպարապետ, Ձիրավի փառավոր ճակատամարտում հայոց բանակի զորավար Մուշեղ Մամիկոնյանին, 18-րդ դարի հայ ազատագրական շարժման նվիրյալ, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին, և 1915-ին Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ, ապա Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին:

Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Մեր պատմությանը սթափ, անաչառ հայացք նետելը, ցավոք, առերեսում է նաև մի շարք անցանկալի, երբեմն անգամ՝ ամոթալի էջերին: Դրանք առավել հաճախ տեղի են ունեցել ճակատագրական պահերին, երբ խաղասեղանին է եղել հայության ֆիզիկական գոյության կամ հայրենիքի վերստեղծման հարցը: Մեր նոր պատմության, թերևս, ամենաողբերգական էջերից է Կարսի անկումը՝ 1920 թ.-ի հոկտեմբերին: Ընդամենը երկուսուկես տարի առաջ Երևանի մատույցներում ջախջախված թուրքերը երազել էլ չէին կարող, որ հայերը Կարսի անառիկ բերդը կհանձնեն անարյուն, առանց դիմադրության: Մեծ կարսեցի Չարենցը, թերևս հայրենի քաղաքի նվաստացուցիչ անկումը հիշելով, հետո պիտի գրեր. «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար…»:

Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Ինձ շարունակաբար զարմացնում, հիացնում և ոգևորում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ և սահմանապահ համայնքների բնակիչների տոկունությունը, ամուր կապը հող ու ջրին: Երբ հոգնում եմ երևանյան դեպրեսիվ տրամադրություններից ու ֆեյսբուքյան կեղծ օրակարգերից, ամեն առիթով այցելում եմ Տավուշ և Արցախ՝ զգալու և ըմբռնելու հայ գյուղացու իմաստնությունը՝ առանց պաթոսի, կենացի ու քարոզի:

Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:
– Աշխատասիրությունն է, որ մարդուն շարունակաբար կատարելագործում է: Երբ սահմանափակվում ես եղածով ու ննջում դափնիների վրա, շատ արագ դուրս կմղվես ու կպարտվես մրցակցության մեջ: Ամեն հաջորդ օր պետք է մի նոր բանով նշանավորվի, արժևորվի, ու եթե դա գիտելիքը, իմացությունն ու հմտությունն է, ուրեմն որպես մասնագետ երբեք չես ժանգոտի:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register