7 ՀԱՐՑ. ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

1

Խորագրի հյուրն է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը  Հայաստանում:

– Ինձ մի շատ տաղանդավոր լրագրող նոր հուշեց, որ Արագածոտնի մարզում` Քասաղի կիրճում, կա մի կորած-մոլորած տեղ. այնտեղ, ուր վերջանում է ասֆալտը, փոքր եկեղեցի կա` Աստվածընկալ անունով… անհրաժեշտ է գնալ-բացահայտել:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի նյարդայնացնում  է Ձեզ:

– Այո: Քանի որ երևանցի եմ, վերաբերվում եմ քաղաքիս` ինչպես տանս: Անընդունելի եմ համարում գետնին թքող, գռեհիկ ծիծաղող և փողոցային կենդանիներին նեղացնող, նրանց հանդեպ  բռնացողների առկայությունն իմ քաղաքում:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

 – Ինքս դեմ եմ մեր պետության մատուցմանը բանջարաբոստանային ձևակերպումներում: Իհարկե, մեր իսկ չինովնիկների և «որսորդ» կոչվածների շնորհիվ է, որ գրեթե ոչնչացվել է Հայաստանի վայրի բնությունն ու դրա այն նեկայացուցիչները, որոնք պատկերված են մեր զինանշանի վրա: Սակայն, ծիրան-նուռ-խորոված-կոնյակով Հայաստանը ներկայացնելն այն անվերադարձ հրում է դեպի բանանային հանրապետությունների ընդգրկուն ցանկ: Շատ կուզեի, որ մեր երկրի այցեքարտը լիներ առողջ բնական միջավայրը, որակյալ կապը(ճանապարհներ, փոխադրամիջոցներ, հաղորդակցություններ), լավագույն բուհական և առողջապահական համակարգը, գեղեցիկ և կիրթ մարդիկ: Այս ամենը շատ իրատեսական է, սակայն դրա համար բոլորս պետք է շատ և միասնաբար աշխատենք:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Առաջինը՝ Արթուր Կոնան-Դոյլի` «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գիրքն էր, որի հերոսի մեջ, չնայած մանուկ հասակիս, ճանաչեցի իմ մտածելակերպը: Երկրորդը Ալեքսանդր Գրինի` «Ալիքների վրայով վազողը» վեպն էր, ապա կարող եմ նշել Ալեքսեյ Տոլստոյի գրեթե բոլոր աշխատությունները:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։

– Ոչ:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Կարագացնեի կրկեսի շենքի կառուցումն ու վերաբացումը:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ազատության խելամիտ օգտագործումը…

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register