6 ՊԱՏՃԱՌ՝ ՅՈԳԱՅՈՎ ԶԲԱՂՎԵԼՈւ ՀԱՄԱՐ

2

Հիշո՞ւմ եք, որոշ ժամանակ առաջ  ամբողջ աշխարհը սրտատրոփ հետևում էր թայլանդացի երեխաների ճակատագրին․ 10-16 տարեկան երեխաների ֆուտբոլային թիմն իրենց 25-ամյա մարզչի հետ մնացել էին «բնական» պատանդում՝ քարանձավում։ Արդեն ամեն ինչ անցյալում է, և հարցազրույցներից մեկում ուսուցիչը հարցին, թե ինչպես էր ստացվում չընկճվել ու մեղմել երեխաների վախն ու տագնապայնությունը, պատասխանել էր, որ նրանք ամեն օր յոգայով էին զբաղվում, մեդիտացիա ու շնչառական վարժություններ էին անում: Եվ սա իսկապես օգտակար էր. երեխաներն ավելի հանգիստ էին նայում իրավիճակին և չէին տրվում զգացմունքներին։

Եթե անգամ փակ քարանձավում յոգան կարող է օգնել հանգիստ լինել ու սթափ գիտակցել՝ չտրվելով զգացմունքներին, ապա է՞լ ինչով է այն օգտակար։ Մենք փոքր-ինչ ուսումնասիրեցինք ու ահա թե ինչ հետաքրքիր փաստեր պարզեցինք։

Մեդիտացիան օգնում է ուղեղի բջիջների վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել էին Հարվարդի համալսարանի գիտնականները 2011 թվականին։ Տոմոգրաֆիայի օգնությամբ նրանք բացահայտել են, որ իսկապես, մեդիտացիան ազդում է ուղեղի մոխրագույն զանգվածի վրա՝ դրանում որոշակի դրական փոփոխություններ անելով։

Յոգան նաև օգտակար է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցում։ Շնեյդերը, Գրիմը, Ռայնֆորտը ու այլ գիտնականներ հետազոտել են 201 կնոջ ու տղամարդու՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ։ Նրանց բաժանել են երկու խմբի, որից  մի խումբը սիստեմատիկ զբաղվում էր յոգայով, իսկ մյուսը՝ ոչ։ Հինգուկես տարի անց յոգայով զբաղվող խմբում գրանցվել է ինֆարկտի և սրտի ցավի ռիսկի 48 տոկոս նվազում։

Յոգան մեծ դերակատարում ունի նաև սթրեսների հաղթահարման մեջ։ Օգնում է ազատվել վատ տրամադրությունից, բացասական մտքերից: Յոգա խորհուրդ են տալիս նաև դեպրեսիա ունենալիս՝ դեղորայքային ու հոգեթերապևտիկ բուժման հետ  շատ ավելի արագացնում է բուժման ընթացքը։

Այն նույնիսկ իմունիտետն է ամրապնդում։ Դրա թուլացման պատճառները հաճախ հենց սթրեսներն են, անքնությունը: Սրանք վերացնելով՝ լուծվում է նաև իմունիտետի հարցը։

Յոգան նույնիսկ ոչ բավարար քանակի քնի հարցն է լուծում․ որոշակի ասանաներից հետո ստանում ես բավարար էներգիա, և եթե քիչ քնելու արդյունքում օրը պետք է անցներ  «ծույլ» ու դանդաղ, ապա դրանցից հետո  ձեզ ավելի թարմացած կզգաք։ Իհարկե, այն չի փոխարինի առողջ քունը, բայց  կօգնի մարմնի թարմացմանը ու հետո էլ կօգնի ավելի հեշտ քնով անցնել։

Յոգան բարելավում է շնչառությունը՝ սպասելի էր։ Դե որովհետև յոգայի հիմնական վարժությունները սերտ կապ ունեն ճիշտ շնչառության հետ։ Յոգայի շնորհիվ մենք սովորում ենք խորը շնչել, որքան խորն ենք շնչում, այնքան մեր ներքին օրգաններն ավելի լավ են սնվում թթվածնով, հետևաբար՝ ավելի լավ աշխատում ու մեզ կյանքի երկար տարիներ ապահովում։

Յոգայի դրական կողմերը կարելի է անվերջ թվարկել, բայց դրանք անիմաստ կլինեն, եթե դուք չորոշեք անել ամենակարևորը՝ զբաղվել յոգայով։ Փորձեք սկսել, վստահ ենք՝ դրական արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա։

Սյունե Սևադա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register