ՀԻՆԳ ՄԵՋԲԵՐՈւՄ Ն․ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐՔԻՑ

11

«Երկրի հակառակ կողմն» այս օրերին շատ է քննարկվում ու մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Մոտակա օրերին «Ճամփորդը» կներկայացնի գրքի մասին ամբողջական կարծիք-հոդված, իսկ մինչ այդ՝ ներկայացնում ենք ձեզ գրքից մի քանի մեջբերումներ։

**

Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր։ Հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի  Հայաստան։ Չէ՞ որ  Երկիրը կլոր է, և եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն՝ քեզ սիրելի ու հարազատ տեղը։ Առաջ շարժվելով՝ վերադառնալու ես այն կետին, որտեղ  ընդհատվել է երազանքդ։

Եվ ուրախ եմ, որ անցնում եմ այս ճանապարհը․ բայց արդյո՞ք ինձ կհաջողվի հասնել նպատակակետին՝ վերադառնալ  Հայաստան,  վերադառնալ՝ երկրի հակառակ կողմից։ Չէ՞ որ այստեղ էլ՝ հայրենի ոստիկանության տեսադաշտից հեռու, ամեն պահի  կարող եմ ձերբակալվել։ Չունեմ փաստաթղթեր, ինձ ուղեկցում են մարդիկ, որոնց չեմ ճանաչել։

Բայց պարզվեց՝ այս ճամփորդությունն ավելի դժվար չէ, քան  տուրիստական ուղևորությունը։ Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երևան։ Երկրի հակառակ կողմից։

**

Ի՞նչ է ֆլամենկոն։
Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեր միակ, ձեր միակ սիրած էակի մերժումը, որին սիրում եք տիեզերական սիրով, ամբողջ մրամնով, ամբողջ հոգով, ամբողջ գիտակցությամբ, սրտի սպանող թրթիռով։ Ի՞նչ կզգայիք, եթե այդ սիրածին տեսնեիք ուրիշի գրկում։

Ինչպե՞ս կցնծայիք, եթե նա ոչ թե մերժեր, այլ պատասխաներ նույնպիսի սիրով, կրքոտ ու շնչահեղձ սիրով։

Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ամենաթանկ մարդու կորուստը, հեռացումը, մահը։ Ինչպե՞ս կցնծայիք, եթե վերադառնար, հարություն առներ նա։

Ի՞նչ կզգայիք, եթե դավաճաներ ձեր ամուսինը, ձեր կինը,  եղբայրը, ծնողը, զավակը, ընկերը, և ի՞նչ կզգայիք, եթե պարզվեր, որ իրականում ոչ մի դավաճանություն չի եղել։

Ինչպիսի՞ ցավ կզգայիք, եթե ձեր սիրտը  խոցեին դանակով, և  ինչպիսի՞ թեթևություն կզգայիք՝ իմանալով, որ դա ընդամենը երազ է։
Ինչպե՞ս կզգայիք ձեզ բանտում, եթե ձեզ խոշտանգեին, կտտանքների ենթարկեին, ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք կատարյալ ազատության մեջ և շրջապատված լինեիք օվացիաներով․․․
Ինչպե՞ս կբղավեիք հուսահատության պահին և ինչպե՞ս կբղավեիք հաղթանակից  հետո․ ի՞նչ կլիներ այս ամբողջ ընթացքում ձեր սրտի մեջ, ահա դա է ֆլամենկոն։

Ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրո՞ւմ։ Լսիր իսկական ֆլամենկո և կհասկանաս։

**

Ես տեսել եմ ճարտարապետական գլուխգործոցներ․ Սուրբ Սոֆիայի տաճարը, Սագարդա-Ֆամիլյան, Փարիզի Աստվածամոր տաճարը, բայց ինձ համար ամենասիրելի  շինությունը Իջևանի Խաչն է․ 3×4 չափի մի մատուռ, ամենասովորական մի շինություն։ Դրանից թանկ շինություն ինձ համար չկա երկրագնդի վրա։ Բայց երբեք չեմ ասի, թե Իջևանի Խաչը ճարտարապետական  կոթող է, գլուխգործոց։ Դա նույնն է, թե իմ սիրելի, շատ սիրելի տատիկի նկարը թերթի առաջին էջում տպագրեմ (ներիր ինձ, տատ) և մակագրեմ․ «Իմ տատիկը Ջինա Լոլոբրիջիտայից գեղեցիկ է»։ Ես կարող եմ հույս ունենալ, որ Մարիամը, որ կրում է տատիկիս անունը, կլինի աշխարհի ամենաչքնաղ աղջիկը, կունենա տատիկիս հոգին, տատիկիս սիրտը, նրա առաքինությունը, բայց ոչ երբեք ճակատագիրը։

Ես չեմ ապրում այն մտքով, թե Նորավանքը ճարտարապետական գլուխգործոց է, ես ապրում եմ այն մտքով, որ Հայաստանի ժողովուրդը  դեռ կստեղծի ճարտարապետական գլուխգործոցներ։

**
Ազատությունն ընտրության հնարավորություն ունենալն է, և ընտրության  հնարավորությունը՝ Աստվածատուր արժեք։ Նա, ով բռնանում է ընտրության ազատության նկատմամբ, նա պատերազմ է հայտարարում Աստծուն։ Եվ ուրեմն՝ Ազատության զինվորը Աստծու զինվորն է․․․
Ես տեսնում եմ քո քմծիծաղը՝ կեղծավոր, ես զգում եմ քո վախը՝ կեղծավոր։։ Դու ուզում ես, որ ես սխալված լինեմ, բայց ահա՛ թե ինչ կասեմ․ Աստված Եվային և Ադամին զգուշացրեց չճաշակել արգելված պտուղը, բայց  նրանց չզրկեց այդ անելու հնարավորությունից․․․

**

Զզվում եմ այս բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետև այն պոռնկուհու նման գայթակղում է մեզ և մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր  հայրենիքից, մեզ դարձնում վեհապանծ։
Ես չեմ տրվի այդ  գայթակղությանը, ես կտրվեմ հայրենիքի զնդաններին, բայց երբեք լոզանյան հանգստության սեփականությունը չեմ դառնա․․․

-Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում, ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ․․․
Ես կտրվեմ իմ երազած, մեր երազած Հայաստանի կերտմանը։ Հանուն այդ Հայաստանի, կպայքարեմ մինչև վե՛րջ։
Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի  Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register