4 ՄԱՆԴԱՏ՝ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻՆ

mandat

Նոր ընտրական օրենսգրքի ամենաակնառու փոփոխություններից է Ազգային Ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մանդատ հատկացնելու մասը: Ընտրություններին մասնակցող բոլոր կուսանկցությունները (կամ դաշինքները) բացի համապետական ընտրական առաջին ցուցակից, կարող են ունենալ նաև երկրորդ մաս`բաղկացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Ընտրություններին նախորդած վերջին մարդահամարի տվյալներից ելնելով էլ որոշվում են Հայաստանում առավել մեաթիվ չորս ազգային փոքրամասնությունները: 2011 թվականին անցկացված վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ապրում է  35308 եզդի, 11 911 ռուս, 2796 ասորի, 2162 քուրդ: Հենց այս ազգային փոքրամասնություններն են 1-ական ներկայացուցիչ ունենալու ԱԺ-ում:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ:

Գրանցված 9 կուսակցություններից (կամ դաշինքներից) միայն 4-ում կա համապետական երկրորդ ցուցակ: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Կոմունիստական ու «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները չեն ներկայացրել համապետական երկրորդ ցուցակ:«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացրել են եզդիներ, ռուսներ և ասորիներ, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ունեն ներկայացուցիչներ բոլոր 4 խմբերում: Ընդհանուր առմամբ 27 թեկնածու, որոնցից 7-ը եզդի, 8-ը` ռուս, 7-ը` ասորի, 5-ը` քուրդ: 27-ից 6-ը կին է, 21-ը` տղամարդ: Մանդատները բաժանվում են  սահմանված արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների միջև: Այսինքն` համամասնական ընտրակարգով ընտրված 101(նվազագույնը) պատգամավորներին միանում են նաև ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները:

«Ճամփորդը» զրուցել է ազգային փոքրամասնությունների տարբեր ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեն գալիք ընտրություններից:

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ ողջունում է սահմանադրական փոփոխությունները և ուրախ է, որ եզդիական համայնքը ներկայացուցիչ է ունենալու ԱԺ-ում, սակայն այն ավելի շատ խորհրդանշական է համարում:

Կարծում եմ, որ պատգամավորի դերը խնդիրները լուծելու հարցում մեծ չէ: Չի կարելի գերագնահատել պատգամավորի դերը: Մինչ այժմ հիմնական աշխատանքը կատարվել է հասարակական կազմակերպությունների կողմից: Պատգամավորը կարող է հարցերը բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, բայց նրա ներկայությունն ԱԺ-ում գնահատում ենք սիմվոլիկ: Եզդի պատգամավորի նախաձեռնությամբ ԱԺ-ն կարող է քննարկել 1915 թվականին հայերի հետ նաև եզդի ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը: 2014 թվականին Իրաքի Սինջար քաղաքում եզդիների կոտորածի վերաբերյալ ԱԺ-ն մինչ այժմ չունի բանաձև»,- նշեց Սաշիկ Սուլթանյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ցուցակի քուրդ առաջին թեկնածուն՝ անկուսակցական Կնյազ Հասանովն է:

«Քրդական համայնքն ունի կրթական, մշակութային, լեզվի պահպանման և մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Առաջնահերթն, իհարկե, լեզվի պահպանման հարցն է: Չնայած այս ուղղությամբ բավական միջոցառումներ են իրականացվում. քրդաբնակ գյուղերի դպրոցներում շաբաթական 3-4 ժամ դասավանդվում է քրդերեն, համայնքային երկու թերթ ունենք` «Ռյա Թազան» և «Զագրոսը»: Քրդական հաղորդումներ են հեռարձակվում ռադիոյով, որը հասանելի է նույնիսկ Թուրքիայում ապրող քրդերին»:

Մենք զրուցեցինք նաև ՀՀԿ-ի համապետական երկրորդ ցուցակում առաջադրված ասորի ներկայացուցիչ Արսեն Միխայլովի հետ, ով Հայաստանի ասորիների «Աթուր» ասոցիացիայի նախագահն է:

Պետք է ասեմ, որ ասորական համայնքը քաղաքական խնդիրներ չունի: Ունենք դեռևս չլուծված կրթամշակութային հարցեր, որոնցով մշտապես զբաղվել ենք հասարակական կազմակերպության գործունեության մակարդակով: Գլխավորը աշխատանքի հարցն է: Գուցե կարելի է Արարատի մարզում, որտեղ կան ասորաբնակ գյուղեր` Վերին Դվինը, Դիմիտրովը, ստեղծել գյուղական մթերքի մթերման գործարան:

«Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում այսօր մոտ 3 հազար, բայց մեր տվյալներով` 5-6 հազար ասորի է բնակվում »,- նշեց Արսեն Միխայլովը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական երկրորդ ցուցակով ներկայացված ռուսական համայնքի ներկայացուցիչ Գայանե Մալիշենկոն առաջնահերթ է համարում երկրի խաղաղության հարցը:

«Կարծում եմ` Հայաստանում բնակվող ցանկացած մարդ, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, գլխավորապես մտածում են խաղաղ ապրելու մասին: Տարիներ շարունակ ապրում ենք վախի մթնոլորտում. ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, և այս օրերին ամենակաևորը խաղաղությունն է: Ապրիլյան պատերազմից հետո ռուսական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ մեկնեցին Հայաստանից: Ինչ վերաբերվում է ինձ, ես այստեղ եմ ծնվել, մեծացել և չեմ պատրաստվում լքել Հայաստանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մանդատ տալը ընտրական օրենսգրքի ամենալավ փոփոխություններից է: Ազգային փոքրամասնությունների ձայնն այնքան էլ լսելի չէր: Կարծում եմ` այսուհետ իրավիճակը կփոխվի»:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register