«13»-Ը՝ՀԱՂԹԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

2

Արեն Մկրտչյանը քսանհինգ տարեկան է, կրթությամբ՝ աշխարհագրության ֆակուլտետի շրջանավարտ, մասնագիտությամբ՝ մարզական լրագրող, սցենարիստ, տեսակով՝  ոչ անտարբեր քաղաքացի, դրական փոփոխություններին հավատացող ու այդ փոփոխություններում ակտիվ  ինտեգրված մարդ:

Խնդրում է այնպիսի սրճարանում զրուցել ու սրճել,  որտեղ կարելի է ծխել: Ասում եմ. Արեն, բա եթե հասարակական վայրերում չծխելու օրենքն ընդունեն, ի՞նչ ես անելու: Ասում է՝ շարունակելու եմ ծխել, որովհետև գիտեմ՝ այդ որոշման առաջ բոլորը չեն հավասար: Եթե օրենքն ընդունվի ու այս կամ այն պաշտոնյան  կողքի սեղանի մոտ ծխի, ոչ մեկը նրան  դիտողություն չի անի: Երբ կանեն, կամ երբ կտուգանեն, այդ ժամանակ ես նույնպես  կհարգեմ օրենքը՝ չնայած տվյալ որոշումը շատ սրտովս է, ափսոս՝  ամբողջովին չի իրագործվի:

Զրույցը թեթև ու անմիջական է սկսվում, բայց ծանր թեմայից պիտի խոսենք: Արենը ընկերների՝  Գագիկ Ներսիսյանի, Հրանտ Աթոյանի ու Գևորգ Գրիգորյանի հետ «13» անունով վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը հիմա թարգմանվում է հինգ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն։

1

Փակ  ցուցադրությունը  մայիսի 14-ին էր, շուտով հասանելի կլինի համացանցում: Պլանավորում են նաև կինոթատրոններից մեկում բաց դիտում կազմակերպել. կոմերցիայի մասին խոսք լինել չի կարող: Նպատակ կա նաև արտասահմանյան կայքերին հասցնել,փառատոների ուղարկել: Հետաքրքրվում եմ՝ հարևան երկիրը նմանօրինակ ֆիլմեր ունի՞ իրենց զինվորների մասին, երևի ուսումնասիրած կլինեն: Ասում է՝ շատ ուշադիր հետևում եմ, նման ֆիլմեր դեռևս աչքովս չեն ընկել, պատճառը երևի ադրբեջանական զինուժի փակ ու ստի վրա հիմնված աշխատանքն է: Մենք էլ թերացումներ ունենք, ապրիլյան օրերը ապտակ էին ու ուղիղ մատնանշում՝ դրանց վրա, բայց զոհերի մասին միշտ տեղյակ ենք, բանակը հնարավորինս թափանցիկ է աշխատում այս առումով: Ադրբեջանը վերջերս է հայտնաբերել իր երկու հարյուր զոհերով գերեզմանը, ինչի՞ մասին է խոսքը: Զոհերին թաքցնում են, իրենց հերոսը ռամիլսաֆարովներն են, ոչ թե՝ զինվորները:

Ներկայացնում եմ Արենի՝ ֆիլմի լրագրող-սցենարիստի խոսքը՝ առանց միջամտության։

Ֆիլմ-հուշարձան ստեղծելու մտահղացումը վաղուց է ծնվել: Ճիշտ ժամանակին հանդիպեցինք մարդկանց,թիմ դարձանք, մեր մտքերը, գաղափարները համընկան։ Սկսվեց նկարահանման պրոցեսը: Միտք ունեինք հենց ապրիլի մեկին կամ երկուսին  պրեմիերան անել, բայց քանի որ  պառլամենտական ընտրություններն էին,  խուսափեցինք  շահարկումներից և այլն,  պրեմիերան ավելի ուշ եղավ:

Ֆիլմում Սյունիքի՝ ապրիլյան պատերազմին տված տասներեք զոհերն են․  պայմանական ընտրեցինք հենց Սյունիքը։ Ուզում ենք  շարքը շարունակական լինի  ու բոլոր մարզերով շրջենք: Ստացվել է այնպես, որ հերոսներից շատերին չեն ճանաչում, անտեսվել են: Նրանց ընտանիքներում ևս այդ խնդրի գիտակցությունը կա։ Սյունիքում շատ էին ցանկանում, որ ստեղծվի ինչ-որ մի տեսաշար, որը կպատմի իրենց հերոսների մասին: Բոլոր զոհերն էլ հերոսներ են, ուղղակի մեկին գիտենք, մյուսին՝ չգիտենք։ Բոլոր հարազատների համար էլ իրենց կորուստը  հավասարապես ծանր է։ Մենք ուզում ենք պատմել մարդկանց նրանց մասին։

Դինամիկ վիդեոբովանդակություն տալը մեր ոճն է․ ընդհանրապես, մենք բավականին դաժան ենք ինքներս մեր հանդեպ, շատ քննադատաբար ենք մոտենում մեր ստեղծածին,  մանրակրկիտ ամեն դետալի վրա աշխատում ենք։ Այս ֆիլմից հանել ենք ավելորդ պաթոսը, որովհետև նախ փորձել ենք ցույց տալ իրական թվերը։ Ցանկացած  պատերազմից հետո  ասում ենք՝ եղել է հարյուր զոհ, քսան հազար զոհ․․․ինչ-որ վերացական-ընդհանրական թիվ։ Այդ թիվն ասում ես, բայց չես պատկերացնում։ Բայց երբ դու, մեր օրինակով, տասներեք ընտանիքի  այցելում ես, իրենց հետ զրուցում,  հասկանում ես իրենց ցավը, թիվը մաշկիդ վրա ես զգում։ Այս ֆիլմի նկարահանումներից հետո հասկացա՝ հարյուր չորս ապրիլյան զոհերն ինչ ահռելի թիվ է։ Խնդիր ունեինք նախ կորուստի իրական մասշտաբները ցույց տալու։ Հետո, պաթոսը հանեցինք՝ ցույց տալու համար, որ պատերազմը  այս մարդկանց դեմքերը, հայացքներն ունի, այս կադրերն ու պատմությունները, միայն գեղեցիկ տեքստ չէ։

Տեխնիկական դժվարություններ չենք ունեցել, հոգեբանորեն էր շատ բարդ։ Կամ պետք է հնարավորինս լավ ֆիլմ նկարահանեինք, կամ ընդհանրապես չանեինք։  Ֆիլմում ամեն ընտանիքի պատմությանը երկուսից հինգ րոպե է հատկացված։ Բայց իրականում ամեն զրույցը տևել է վաթսունից յոթանասուն րոպե։ Մեր խնդիրն էր էկրանից ցույց տալ այն, ինչ  կենդանի զրույցի ժամանակ զգում ես։ Շատ դեպքերում չէինք դիմանում ու հուզվում էինք, անհնար էր մասնագիտական կեցվածքը պահել ու հույզերին չտրվել։ Փորձում էինք  իրար չնայել, բայց հետո հայացքս թեքում էի օպերատորի կողմ ու տեսնում, որ տեսախցիկի կողքին կանգնած փլվել ու հեկեկում է։

Զրույցներից առաջ հոգեբանական հնարք էի կիրառում․ տուն մտնելիս խնդրում էի ամենացածր աթոռը։ Այդպես զոհերի հարազատներն ինձնից բարձր էին նստում, ես՝ ցածր, հոգեբանորեն իրենց ավելի վստահ էին զգում, որովհետև զգացողություն էին ունենում, որ կառավարում են ինձ, ավելի անկեղծ էր զրույցը ստացվում, չէին կաշկանդվում։ Ես գիտեի՝ ինչ եմ ուզում ստանալ, գլխումս տեսնում էի։ Եթե հարցիս պատասխանը չէի ստանում,  ութսուն անգամ նույն փոփոխված հարցը տալիս էի, մինչև ուզածս ստանամ։ Ու ստացվեց։

Առաջին նկարահանումից հետո մեքենայում անզուսպ ծիծաղ էր բռնել։ Մեզնից մեկն ինչ-որ բան ասաց, սկսեցինք շատ բարձր ծիծաղել, ու չէր ստացվում հավաքվել։ Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Հետո գիտակցեցի՝ ինչպես է լինում, երբ, օրինակ, հուղարկավորության ժամանակ բակում  հարազատները ծիծաղում են։ Ինքնապաշտպանական պահվածք է, հաջորդներին արդեն ավելի սթափ էինք մեզ պահում։

Ֆիլմը մոնտաժելն ավելի ծանր էր։ Ո՛չ ես, ո՛չ ռեժիսորը  ալկոհոլ բացարձակ չենք օգտագործում, բայց մոնտաժի ժամանակ անընդհատ խմում էինք, որպեսզի կարողանայինք նորից նայել կադրերն ու աշխատել։ Տասնչորս ժամյա հումքը վեց փուլով կրճատվել է՝ դառնալով մեկ ժամանոց ֆիլմ։

Զոհերի հարազատներին հյուրընկալվելուց նկատում էինք, որ ֆինանսական օգնություն ստացել են։Նոր վերանորոգում կար, կենցաղային մինիմալ պայմաններն ապահովված էին։ Ես տեսել եմ, որ կոնկրետ այս տասներեքին օգնել էին։

Հետո հասկանում եմ՝ ծխել թույլատրող սրճարանը որքան կարևոր էր մեր հանդիպման համար: Արենը մեկ ժամ տևած զրույցի ընթացքում հասցրել է չորս գլանակ ծխել՝ լարվածությունից անընդհատ ձեռքի մեջ ծխախոտի հատիկը պտտելով, ես էլ ականջակալս եմ այնպես խճճել, որ կիրառական տեսքի բերելու համար մոտ հինգ րոպե պահանջվեց: Քայլում եմ դեպի  խմբագրություն՝ Արենի պատմածը հիշելով. Սյունիքի 13 զոհերի մեծ մասի երկրորդ պատերազմն է, նախորդ դարավերջի կռվին ևս մասնակցել են: Նաև հիշում եմ, որ ցավից լռող, լռությամբ  ֆիլմը դիտողին խեղդող ու արցունքները մաքրող՝ զոհերի հարազատներից և ոչ մեկի շուրթերից չհնչեց՝ երնեկ չգնային, հիմա ողջ կլինեին, ինչու՞ գնացին ու զոհվեցին, ո՞վ էր խնդրել կամավոր  էլի սահման հասնել: Սգում էին կորուստը, բայց ոչ՝ որոշումը: Երևի հենց դրանով ենք պատերազմները հաղթում. հայրենիքի մասին որոշումներն անբեկանելի են:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register