12 ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԴԺՈԽՔԻ ՄԱՍԻՆ

23

«Դալան» պատկերասրահում  դեկտեմբերի 12-ին բացված «12 պատմություն» խորագրով  ցուցահանդեսում՝ պատերազմի զարհուրանքը տեսած սիրիահայ կանանց  պատմությունների հենքի վրա ստեղծված 12 կտավ էր  ներկայացված: Ստեղծագործությունների հեղինակները ժամանակակից հայ նկարիչներ էին,  հերոսները՝ ներկայումս Հայաստանում ապրող սիրիահայ կանայք, նրանց մի մասը ներկա էր ցուցահանդեսին: Նկարիչները երկար ժամանակ են անցկացրել պատերազմի միջով անցած, բռնությունների ենթարկված սիրիահայ կանանց հետ: Արդյունքում 9 նկարչի կողմից արարվել է տարբեր ոճի 12 կտավ: Ստեղծագործություններին  միավորողը ցավն էր, մեծ ցավը: Կանանցից մեկը` Նորմա Բարձումյանը վերհիշեց, թե ինչպես է դստերը դպրոց ուղեկցելուց  ոտքից վիրավորվել ամուսինը: Նորման նշեց, որ ցուցահանդեսի շնորհիվ փոքր-ինչ թեթևացել է հիշողությունների ծանր բեռը: Արդեն մեկ տարի է, ինչ Նորման և ընտանիքը բնակվում են Հայաստանում:

24

Ներկայացված կտավների հեղինակներն են`Անուշ Մհերյանը, Վիկտորյա Շահբազյանը, Ռիմա Նանյանը, Էլեն Ավանեսյանը, Մեսրոպ Սարգսյանը (ՄեՍար), Սյուզաննա Գրիգորյանը, Տարոն Շահինյանը, Լիլիթ Մարտիրոսյանը և Հարություն Հովսեփյանը(ՀովՀար): Վերջինս նաև ցուցահանդեսի գեղարվեստական պատասխանատուն էր: Հենց նա էր ընտրել նկարիչներին և արվեստանոց տրամադրել աշխատանքների համար: Ցուցադրվող կտավները վաճառվում էին  60-ից 100 հազար դրամի սահմաններում: Յուրաքանչյուր կտավի վաճառքից ստացված գումարը հավասարապես կիսվելու էր նկարչի և կտավի հերոսուհու միջև. ցուցահանդեսի ավարտին` դեկտեմբերի 16-ին, վաճառվել էր 4 կտավ:

20

Ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Երիտասարդները հանուն  զարգացման» հիմնադրամը: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Երևանի ծրագրերի ղեկավար Մարինա Հովհաննիսյանը «Ճամփորդի» հետ զրույցում պատմեց նախագծի իրականացման մասին.

22

«Փորձում ենք նկարչության միջոցով մարդկանց իրազեկել սիրիահայ կանանց խնդիրների մասին: Շատ բարդ էր գտնել սիրիահայ կանանց, որոնք պատրաստ էին իրենց ցավը վերհիշել… Ի վերջո գտանք 12 կին, գտանք նաև երիտասարդ նկարիչների: Շփումների արդյունքում նկարիչներից յուրաքանչյուրը յուրովի է պատկերել պատմությունը կտավի վրա: Երբ նկարները պատրաստ էին, սիրիահայ կանայք խոստովանեցին, որ նկարների ստեղծման գործընթացը թերապևտիկ նշանակություն է ունեցել իրենց համար»:

21

Թեև ցուցահանդեսն ավարտվել է դեկտեմբերի 16-ին, կազմակերպիչները մետրոյի կայարաններից մեկում կտավների լուսանկարների ցուցադրություն են նախատեսում`փորձելով նաև այդ կերպ անդրադառնալ պատերազմական իրավիճակներում քաղաքացիների բռնության ենթարկվելու ցավոտ թեմային:

 Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register