ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ  ԶԵՆՔ  ԿՐԵԼՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔ

zenq

Հայաստանում չկա մի մարդ, որ հետաքրքրված չլինի մեր բանակի սպառազինությամբ, գոնե անունով ծանոթ չլինի մեր զինապահեստի այս կամ այն զինատեսակին: Պատահական չէ, որ սովորաբար հինգ տարին մեկ՝ Անկախության տոնակատարության հոբելյաններին անցկացվող ռազմական շքերթը մեծ ոգևորություն է բերում մարդկանց: Վերջին շքերթի ժամանակ հեռահար բարձր խոցելիության զենքի՝ «Իսկանդերի» հայտնությունը քաղաքի կենտրոնում իսկապես ոգևորության մեծ ալիք բարձրացրեց ու շատ հարցերի պատասխան տվեց հատկապես ապրիլյան պատերազմից հետո:

Բոլորիս ընկալման մեջ ամուր նստած է, որ մենք պետք է ուժեղ և լավ զինված լինենք, որովհետև անավարտ պատերազմ ունենք և ապրում ենք չափազանց փխրուն  խաղաղության մեջ:

Սակայն այս իրականությանը հակառակ և մարդկային տրամաբանության համար անընդունելի է զենքի ապօրինի գործածությունը խաղաղ կյանքում և անձնական հաշվեհարդարների համար: Որտեղից է զենքը հայտնվում քաղաքացիական անձանց ձեռքին, ով ունի իրավունք այն կրելու և որ դեպքում՝ կիրառելու: Փորձենք  հասկանալ:

Զենքը՝ օրենքով ու օրենքից դուրս

Մեր ծով օրենսդրական դաշտում «Զենքի մասին» ՀՀ օրենք ունենք, որտեղ շատ հարցերի պատասխան ու զենքի հետ կապված ամեն իրավիճակի լուծում կգտնենք:

ՀՀ տարածքում զենք կրելու, ձեռք բերելու, դրա թույլտվություն ստանալու, հավաքածուներ ունենալու և առնչվող բոլոր հարցերը, օրինակ՝ քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են այս օրենքով, որը պարբերաբար լրացվել ու փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ժամանակի պահանջներին:

Մեր երկրում զենքերը բաժանվում են 3 խմբի՝ քաղաքացիական, ծառայողական  և մարտական: «Մարտական զենքը, որն ունի 300 ջոուլից (աշխատանքի և էներգիայի չափման միավոր) ավելի հզորություն, կրում են այնպիսի ստորաբաժանումներ, որոնք մարտական գործողություններ են իրականացնում: Ծառայողական զենքերը հիմնականում պետք է ունենան թիկնապահները, պահնորդները, դրանք 300 ջոուլից ցածր հզորության զենքեր են, իսկ քաղաքացիական զենքերը, որոնք մինչեւ 7 ջոուլ հզորության են, խանութից իրավունք ունի գնել ցանկացած քաղաքացի»:

Ըստ օրենքի՝ զենք ձեռք բերելու իրավունք ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից, հաշվառման վայրից, անձը հաստատող, առողջության մասին  վկայող փաստաթղթեր, իսկ դատվածության մասին փաստաթուղթը կամ դրա բացակայությունն ապահովում է ՀՀ ոստիկանությունը: Զենք գնող քաղաքացին սահմանված ժամկետում պետք է գրանցի այն:

Քաղաքացիական զենքերը (իխիստ հարաբերական առումով) համեմատաբար անվտանգ են: Մահաբեր զենքերի կողքին գազով ատրճանակն անգամ իր վտանգն ունի՝ այն օգտագործվելով, կարող է առողջական խնդիրներով մարդկանց, օրինակ, ասթմատիկների կամ հիպերտոնիկների մահվան պատճառ դառնալ:

Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Մասնագետների ներկայացմամբ՝ քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա 10 փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ): Ձեռք բերված զենքը պետք է պահվի կողմնակի անձանց անհասանելի վայրում:

Իսկ զենք նվիրելու իրավունք ունի այն քաղաքացին, որն ունի  թույլտվություն: Նվեր ստացողը՝ նույնպես: Հայաստանում  զենքով պարգևատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը և ԱԱԾ տնօրենը: Ըստ ոստիկանության մասնագետների՝ միաժամանակ ՀՀ քաղաքացիներին կարող են պարգևատրել այլ պետությունների ղեկավարները, սակայն նվեր-զենքը 3-շաբաթյա ժամկետում պետք է գրանցվի ոստիկանությունում: «Զենքի մասին» օրենքով քաղաքացիական զենք ձեռք բերելու լիցենզիա չի տրվում 18 տարին չբոլորած քաղաքացուն, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, պատիժ կրողներին, մշտական բնակության վայր չունեցողներին  և այլն:

Ինքնապաշտպանությունից դեպի ագրեսիա

Այսօր Հայաստանում զենք ներկրող և վաճառող մեկ տասնյակից ավելի գրանցված առևտրային կազմակերպություն կա: Զենք ներկրելու և վաճառելու լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Մասնագետների ներկայացմամբ՝ Հայաստան զենք ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից  և եվրոպական երկրներից: Զենքի արժեքը սկսվում է 100 հազար դրամից և հասնում մի քանի միլիոնի: Քաղաքացիական զենքն ի սկզբանե նախատեսված  է ինքնապաշտպանության համար, սակայն այն հաճախ ագրեսիայի նախահարձակ գործիք է դառնում, օրինակ, վայ թիկնապահների ձեռքին. սա մեր իրականության ու իրավապահ դաշտի մարտահրավերներից է:

Տալ, թե չտալ

Արդյոք չպե՞տք է խստացվեն զենք տրամադրելու պայմանները: Մասնագիտական կարծիք. «Եթե թիկնապահը պրոֆեսիոնալ կրթություն է ստացել, երբևէ անտեղի զենք չի գործածի: Թիկնապահը զենք օգտագործելու իրավունք ունի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն: Այսինքն՝ եթե քո  և հասարակության մյուս անդամների կյանքին ու առողջությանը վնաս է սպառնում, իրավունք ունես զենք օգտագործելու: Հասարակական վայրերում, եթե հղի կանայք, երեխաներ կամ ծերեր կան, թիկնապահն այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի, այնպես տիրապետի զենքին, որ հասկանա՝ տվյալ դեպքում ինքն իրավունք ունի՞ այդ իրավիճակում այն օգտագործելու, թե՞ ոչ: Երբ  թիկնապահ ես,  իրավունք չունես կամակատար լինել և քո պատվիրատուի կամքով սրան-նրան սպանել, այդպիսի թիկնապահը պոտենցիալ մարդասպան է դառնում»:

Զենքի ազատ վաճառք պետք է լինի՞, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը տարբեր երկրներում տարբեր է: Միացյալ Նահանգներում օրինակ, նման ազատությունն անկասյած ի չարն է գործադրվում: Մատչելի զենքը հայտնվում է չարագործների, հոգեպես անհավասարակշիռ մարդկանց ձեռքին՝ այստեղից ածանցվող տխուր հետևանքներով: Զենքը չարիք է և մարդկային հասարակությունն իր ինքնամաքրման ճանապարհին մի օր պիտի իսպառ հրաժարվի զենքից, բռնությունից ու ուրիշի կյանքը խլելուց:

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register