ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ  ՔՈՆՆ Է

vibori

Նավից՝ պարահանդեսին սպասելիս

 Ամանորյա «կազմալուծումն» ասես ավարտվեց  ու մարդիկ աստիճանաբար  վերադառնում  են իրենց բնականոն առօրյային: Ասենք դա էլ երկար չի տևի ու մարդիկ որոշ ժամանակ անց կհայտնվեն մեկ ուրիշ, այս անգամ՝ քաղաքական բուռն իրադարձությունների հորձանուտում: Տարին ընտրական է: Ու որքան էլ հեռու լինենք քաղաքականությունից կամ փորձենք խուսափել դրանից,միևնույնն է, առաջիկայում ազգովին հայտնվելու ենք այդ իրադարձությունների էպիկենտրոնում: Ընդ որում,այն մեկնարկում է այս տարի, կշարունակվի հաջորդ տարի ու Աստված գիտի, թե երբ կավարտվի:

Եվ այսպես, տարին ընտրական է. ընտրական նոր օրենսգիրք,  նոր խորհրդարանի ընտրություն: Պաշտոնական քարոզարշավին թեև դեռ շատ ժամանակ կա, մոտ երկու ամիս, սակայն օդն արդեն քաղաքականացված է: Քաղաքական ուժերը միավորվում են, դաշինքներ են ստեղծվում, նոր ուժեր են ի հայտ գալիս: Կուսակցական համագումարների շքերթ է սկսվել, իսկ ընդհատակում մեծն քարոզարշավն է քլթքլթում:

Պառլամենտական ընտրակարգին անցումը փորձաշեմին է: Այս տարի համամասնականի հետ կիրառվելու է նաև այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը, որը մրցակցություն կխթանի ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև՝ ներկուսակցական միջավայրում: Իսկական ներթիմային մրցակցություն, պայքար կծավալվի, որտեղ հայտնի չէ առաջնայինը որը կլինի՝ իշխանությունը,  հեղինակությունը, փողն ու կապերը, թե բոլորը միասին: Ըստ ամենայնի, որոշիչը կլինի այս ամենի հանրագումարը:

Շարքային ընտրողներիս համար ստեղծվել է տիպիկ մի իրավիճակ՝ հայտնի ձևակերպմամբ. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում է քեզնով: Հիմա փաստորեն եկել է մեզնով զբաղվելու ժամանակը: Պետք է թուլանանք և….հաճո՞ւյք ստանանք:

Տեսնենք,  տեսնենք, ամեն ինչ առջևում է, բոլորս մի նավի մեջ ենք ու բոլորիս մեծ դիմակահանդես է սպասվում:

Հայելի ջան, հայելի

Մեր ժողովուրդն իրեն երբևէ այնքան սիրված ու գնահատված չի զգում, որքան ընտրությունների ժամանակ: Քարոզարշավի ժամանակ յուրաքանչյուր չափահաս անձի կողքին հայտնվում են սրտացավ մարդիկ, որոնք, պարզվում է, տեղյակ են նրա բոլոր խնդիրներից, անգամ լույսի ու գազի պարտքերից ու ապառիկներից: Հայտնվում են ու սրտաճմլիկ տեքստեր արտասանում, սրտառուչ խոստումներ տալիս: Սիրտ է պետք՝ դիմանալու համար:

Քարոզարշավի ժամանակ գործի են դրվում մարդկանց համոզելու անխտիր բոլոր եղանակները: Ընդ որում՝ համոզելու երկու կարևոր աստիճան կա: Առաջինն ու ամենակարևորը, որ մարդուն համոզեն՝ գնա ընտրության: Սա առավել քան կարևոր է, քանի որ այսօր, իրոք, մասնակցութան խնդիրը լուրջ է: Սոցիալական խնդիրների բեռի տակ կքած մարդկանց մեծ մասը չի հավատում ընտրությունների միջոցով իրավիճակ փոխելու հնարավորությանը և  փորձում է իր անտարբերությամբ, այսպես կոչված բոյկոտել, արհամարհել քաղաքական ուժերին:  Նման մարդիկ ասելով, որ միևնույնն է միշտ ուժն ու փողն են հաղթում՝ հեշտությամբ զիջում  են իրենց քվեն:

Ընտրության գնալու համար երբեմն էլ գործում է հինգ հազարի մեթոդը. անտարբեր ու սոցիալական բեռի տակ ճկռող մարդիկ հաճախ հինգ հազար դրամով քվե են վաճառում, վստահ, որ միակ շահածը դա է մնալու:

Եվ այսպես, ընտրության գնալու համոզմունքն ամրապնդելուց հետո երկրորդ քայլով պետք է համոզել, որ հենց քեզ ընտրեն: Այստեղ է, որ սկսվում է մեծ քարոզարշավը: Մոտ մեկ ամիս, էկրաններից, թերթերից, բակերից, փողոցներից ձեզ կհամոզեն, որ ամենալավը դուք եք ու իրենք, պիտի իրենց ընտրեք, որ լավ ապրեք: Ամենուրեք իրենց կարևորելու արդյունքում քարոզարշավն այնքան է ծավալվում, որ հենց քաղաքական գործիչներն են սկսում հավատալ իրենց պուպուշությանն ու եզակիությանը:

Լավ,  իսկ ում ընտրել, եթե ավելի լուրջ նայենք: Իհարկե նրան, ով ոչ թե ոսկե սարեր է խոստանում, այլ ավելի իրատեսական ծրագրեր է առաջարկում, ում հնարավորություններին արդեն ծանոթ եք:

Մի վաճառեք ձեր ձայնը, հիշեք, որ յուրաքանչյուր ձայնը իսկապես որոշիչ է, մեկ-երկու և իրավիճակ կփոխվի: Հավատացեք ու որոշում կայացրեք, տեր եղեք ձեր ձայնին ու կամքին:

Ինչու ընտրել և ում ընտրել

 Իսկապես, մեր իրականությանը հետևելով,  նախորդ ընտրությունների արդյունքը տեսնելով, կարելի է մտածել, որ այս անգամ էլ նույնը կլինի: Կարելի է մտածել, որ չարժե ջուր լցնել այն մարդկանց ջրաղացին, որոնք իրականում մեր քվեն վերցնելով,  իրենց տեղն են տաքացնում: Միշտ եղել են ու կլինեն նման մարդիկ, նման քաղաքական գործիչներ, սակայն մեր խնդիրը եզակիներին, արդարամիտներին ու նվիրվածներին գտնելն է: Իսկ ադպիսիք կան, վստահ եղեք: Ընտրեք ու պահանջատեր եղեք, սա է կարևորը: Սեփական ձայնին տեր լինելու միակ ճանապարհը խնդիր առաջադրելն ու լուծմանը հետամուտ լինելն է:

Չէ որ մենք ամեն օր ենք ընտրություն կատարում, մեր հնարավորությունների շրջանակում: Իսկ հիմա մեզ խոստում տվողներին պիտի ընտրենք: Մենք մեզ չենք խաբում, մնում է թույլ չտանք, որ ուրիշներն էլ չխաբեն:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register