ՈՐՔԱՆ ԵՆ ՈՒՏՈՒՄ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ

chinovnik

Բարի ախորժակ

Արժույթի միջազգային հիմնադրամը կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով զեկույց է հրապարակել, որից պարզ է դառնում, որ աշխարհում չինովնիկների կողմից վերցվող կաշառքը կազմում է 1.5-2 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ՀՆԱ-ի 2 տոկոսը:
Զեկույցում առանձնակի շեշտվում է, որ սա կոռուպցիայի իրական ցուցանիշ լինել չի կարող, քանի որ կաշառքը կոռուպցիայի դրսևորումներից ընդամենը մեկն է: Հիմնադրամի վերլուծաբանները թվարկել են այն պայմանները, որոնք կնպաստեն կաշառակերության նվազմանը: Դրանցից են կառուցվածքային վերափոխումները, բիզնեսի վրա պետության կարգավորիչ դերի թուլացումը, բիզնես միջավայրի բարելավումը, պետական գործընթացների առավելագույն թափանցիկությունը:

Անուշ լինի

Անցած շաբաթ հետաքրքիր վերլուծություն է հրապարակել նաև Գինու ինստիտուտը: Հետազոտությունը վերաբերում է Եվրոպայում գինու սպառման ծավալներին, և այդ խմիչքի նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքին: Ի զարմանս բոլորի՝ մեկ շնչին ընկնող սպառման ծավալներով ամենաշատ գինի սպառվում է ոչ թե Իտալիայում կամ Ֆրանսիայւմ, այլ՝ Վատիկանում: Համաձայն կատարված հաշվարկների՝ Վատիկանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է միջինում 54 լիտր գինի: Երկրորդ տեղում ևս փոքր երկիր է ՝ Անդորրան, որտեղ գինու սպառումը կազմում է մոտ 46 լիտր: Անդորրայից հետո ցուցակում Սլովենիան է և Ֆրանսիան, որտեղ մեկ շնչի հաշվով տարեկան շուրջ 42 լիտր գինի է սպառվում:

Քանի ողջ ենք, իրար պարտք ենք

Արժույթի միջազգային հիմնադրամը եվրոպական երկրներին առաջարկել է մինչև 2040 թվականը Հունաստանին ազատել այդ երկրի ստացած վարկերի տոկոսների կամ մայր գումարի վճարումներից: Համաձայն առաջարկվող նախագծի, Հունաստանը ստացած միջազգային վարկերի մարումները կկատարի 2040 թվականից մինչև 2080 թվականը:
Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկով եվրագոտու երկրներից ստացած վարերի համար 30-40 տարով կֆիքսվի միջինում տարեկան 1.5 տոկոս տոկոսադրույք, և Հունաստանը տոկոսների վճարումը կկատարի միայն մայր գումարի գերակշիռ մասը վճարելուց հետո: Այս առաջարկը հիմնավորվում է նրանով, որ փորձագետների կողմից իրականացված երկարաժամկետ կանխատեսումները Հունաստանի տնտեսության համար բավականին վատատեսական են:
Արդարացի լինելու համար պետք է շեշտել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կատարած առաջարկը շատ ավելին է, քան պատրաստ են կատարել Հունաստանի եվրոպացի գործընկերները: Հունաստանի եվրոպական վարկատուները, Գերմանիայի գլխավորությամբ, հանրագումարով շուրջ 200 միլիարդ եվրոյի վարկ են տրամադրել օժանդակության ծրագրի շրջանակներում, և տրամադրված չեն այդ հսկայական գումարները «գրել սառույցին»: Չնայած այդ տրամադրություններին, զուգահեռաբար քննարկվում է եվրագոտուց ևս 60 միլիարդ եվրոյի օժանդակության տրամադրման հարցը: Հիշեցնենք, որ Հունաստանը պարտավոր է 2016-ի հուլիսին, որպես նախկինում վերցրած պարտքի սպասարկում՝ Եվրոպական կենտրոնական բանկին վճարել մոտ 3.5 միլիարդ եվրո:

Աշխատողն աղքատ պիտի չլինի

Չինաստանը սկսում է գործնական քայլեր իրականացնել երկրում աղքատության մակարդակը կրճատելու ուղղությամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն գյուղական բնակավայրերում ապրող մոտ 70 միլիոն չինացի տարեկան ընդամենը 376 դոլար եկամուտ է ունեցել: Պետական ծրագրի համաձայն միչև 2020-ը նախատեսվում է աղքատությունից հանել այդ մարդկանց: Մասնավորապես՝ Չինաստանի գյուղատնտեսության զարգացման բանկը այդ նպատակով պատրաստ է ծախսել շուրջ 460 միլիարդ դոլար: Նշված միջոցների մի մասն ուղղվելու է վերաբնակեցմանը, մյուս մասը՝ տուրիզմի, կրթության զարգացմանը, հացահատիկային մշակաբույսեր արտադրողների օժանդակությանը, գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերին, որոնք էլ պետք է նպաստեն գյուղական համայնքներում աղքատության վերացմանը:

Կառլեն Խաչատրյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register