ԹՌԻՉՔԻ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

hayastani-ankaxutyun

Իմ սերնդակիցների համար հաճախ անհասկանալի է մնում, թե ինչու են մեզ հետ քննարկում ազատության դրական ու բացասական կողմերը: Անհասկանալի  է, որովհետև մեր ուղեղում այդ ժամանակ միայն մեկ միտք է հայտնվում. ինչու այլ կերպ հնարավո՞ր է ապրել:

Մենք անկախության սերունդն ենք,  ու մեզ այլ կերպ չենք կարող պատկերացնել: Ի՞նչ է նշանակում՝ չեմ կարող ճամփորդել որտեղ ուզեմ, չեմ կարող արտասահմանյան հագուստ կրել, ռոք երաժշտություն լսել: Այդ ինչպե՞ս կարող է ստացվել, որ, օրինակ, խմբագիրս  որպես իմ ավագ ընկեր ու լրագրության մեջ շատ ավելի հմտացած մարդ, տեխնիկական շտկումների ու ուղղորդումների փոխարեն որոշի ուղղակի ջնջել՝ գրաքննել հոդվածս  ու անգամ որոշել, որ այն հակապետական է ու ինձ Սիբիր աքսորել:

Նախ, Սիբիրում ցուրտ է, և ես բացարձակ ցանկություն չունեմ մրսելու: Եվ հետո, ինչ խոսք, շատ կարևոր է բառի ու խոսքի նկատմամբ խիստ ու պահանջկոտ լինելը, բայց արդյո՞ք ծայրահեղական չէ տեքստի համար, անգամ ամենաանցանկալի, մարդուն գնդակահարելը: Եթե Ստալինը  ողջ լիներ, հավանաբար կպատասխաներ, որ ոչ, ծայրահեղական չէ: Ցավոք, ես չէի լսի իր պատասխանը, քանի որ նման միամիտ հարցեր տալու համար վաղուց անդրաշխարհում կլինեի:

Կատակը մի կողմ, իրականում հաճելի է տեսնել մեր ավագ սերնդի մեղմ ու ներողամիտ ժպիտը, երբ արդեն անցած-գնացած սովետական համակարգի դեմ ընդվզում ենք ու դեռ մի բան էլ իրենց մեղադրում, որ  ջինս հագնելու ու «Սնիքերս» ուտելու մեջ երջանկություն էին գտնում ժամանակին: Ասում են. «Է՛հ, երեխեք ջան, հիմա եք «դուխով» խոսում, էն ժամանակ ծանր տարիներ էին, Սովետը երկաթե վարագույր էր, մենք չէինք պատկերացնում, որ կարելի է այլ կերպ ապրել»:

Գիտեք, երիտասարդ ու անկախ սերնդի աչքով նայելով, ես  կարող եմ փաստել, որ դա, հավանաբար, անազատ երկրների ամենամեծ  թերացումն է: Մարդիկ իսկապես մոռանում ու չեն պատկերացնում, որ կարող են ու պարտավոր են ազատ լինել: Ու մինչ այսօր թվում է, թե շատերը մեր նորանկախ հանրապետությանը չեն հարմարվել, այն չեն կարողանում ընդունել՝ ոչ թե նրա համար, որ ազատ լինելը վատ է, այլ որովհետև խորթ է:

Իսկ ազատությունն ինքնին նախևառաջ պատասխանատվություն  է: Ես պատասխանատու եմ իմ ամեն քայլի, ամեն բառի, ամեն փախած դասի ու ամեն լավ հոդվածի համար, քանի որ ինքս եմ ընտրել՝ ուր գնալ, ինչպես խոսել, ինչ մասնագետ դառնալ ու որտեղ աշխատել: Եթե ազատության մեջ չկա պատասխանատվություն, այն վերափոխվում է անարխիայի: Իսկ անարխիան, ինչպես ցանկացած այլ ծայրահեղ դրսևորում, չի կարող երկար կյանք ունենալ, որովհետև արագ բոցավառվում ու նույնքան արագ էլ սպառվում ու խամրում է: Ազատությունը դանդաղ ու հաստատուն  ճանապարհ է սիրում՝ գիտակից որոշումներով ու խելացի քայլերով:

Իմ ազատ պետությունն  ինձնից  չորս տարով է մեծ: Դա մեզ թույլ է տալիս լավ ընկերներ լինել, հեշտ լեզու գտնել ու ներել իրար՝ երբ անզգուշաբար վնասում ենք մեկմեկու: Դե հա, պնդաճակատ ենք, թերություններ ունենք, երբեմն ծայրահեղ ենք լինում…Բայց երազկոտ ենք ու լավատես: Հենց դրա համար զինվում ենք համբերությամբ, մենք մեր պետությանն ենք ոտքի հանում, ինքն էլ մեզ է մեծացնում:

Հայաստանի Հանրապետության  հետ պետք է ընկերանալ: Պետք է նստել ու լսել՝ ի՞նչ է ուզում, ինչի՞ կարիք ունի, ո՞ր ոլորտում է խոցելի: Պետք է անդադար ու անդադրում հիշեցնել, որ սիրում ենք իրեն, որ կողքին ենք ու կօգնենք: Գիշերները պետք է տաք-տաք ծածկել վերմակով ու գեղեցիկ պատմություններ հյուսել այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագան: Ավագ սերունդը մեզ ու մեր պետությանը զուգահեռ պետք է սովորեցնի՝ ինչպես ճիշտ օգտագործել ազատությունը, որպեսզի չվնասենք մեզ, փորձի հետ պահել ծայրահեղ որոշումներից, օգնի մեզ վարժ քայլել, որ հետո, մեկ էլ տեսար, թռչենք:

Եվ այսօր  լավագույն առիթն է նորից կրկնելու. իմ ազատ ու անկախ Հայաստան, իմ  հարազատ ու սիրելի ընկեր, շնորհավոր քո անկախությունը: Ցանկանում եմ քեզ ու մեզ ուժ, խելամտություն ու աշխատասիրություն: Քո բռաչափ տարածքը հարմար տեղավորված  է մեր սրտաչափ տարածքում:

Շնորհավոր: Շատ չխմես, թե չէ ինձ Սիբիր կաքսորեն:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register