ԹԱՆԿԱԳԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

ariii

Միայն անկախության հռչակման տոնի նախորդող օրերին է հնարավոր քայլել  Երևանով ու հանդիպել…տանկերի: Հայերն այս օրվան առանձնահատուկ են պատրաստվում, ինչը զարմանալի չէ, հատկապես հոբելյանական տարեթվերին: Փողոցները ներկվում են եռագույնով, պատրաստվում ենք ռազմական շքերթին, մեկ օրում հասցնում ենք տասնյակ միջոցառումներ վայելել:  Սա արցունքներով, արյամբ ու քրտինքով վաստակած  ու  նույնով շաղախված  ու ամրագրված անկախություն է:  Երբ որևէ բան դժվարությամբ ես հաղթահարում ու ձեռք բերում, այն փայփայում ու գուրգուրում ես: Հենց դրա համար էլ այս տոնի մեջ այսքան սեր ու հոգատարություն կա. չէ՞ որ մենք բառիս բուն իմաստով պատերազմ հաղթելով ենք անկախությունն ամրագրել:

Մեր ինքնուրույն պետությունը երիտասարդ է: Շատ քաղաքագետներ կարծում են, որ սա որոշ չափով վնասում է մեզ. խոցելի ենք, երիտասարդին բնորոշ տաքարյուն ու անհամբեր ենք, արագ ուզում ենք մեծ փոփոխությունների հասնել, ամուր պետություն դառնալ: Նաև հավակնոտ ենք, մեզ ոչ մեկից չենք թերադասում ու մեզ բացառիկ ու ամենակարող ենք համարում: Մեր երազկոտությունը գուցե մեզ խանգարի ամուր հողի վրա կանգնել, բայց հենց այս տեսլականն է, որ մեզ քայլելու փոխարեն ստիպում է թռչել:

Այո, մենք տաքարյուն երիտասարդ-պետություն ենք: Բայց հենց սա է ստիպում մեզ չդոփել տեղում: Մեր երիտասարդությունն է, որ օգնում է մեզ ամեն ընկնելուց հետո արագ ոտքի կանգնել ու էլի փորձել: Մենք մեր զինվորների նման քաջ ենք ու ամուր,  մեր երիտասարդ աղջիկների պես նվիրված ու ճկուն: Իսկ սրանք լավ պետականություն կառուցելու համար կարևոր նախադրյալներ են:

Այս անգամ մեր անկախությունը մեզնից ոչ մեկը չի կարողանա խլել: Որովհետև սա գիտակցված որոշում էր և մենք պատասխանատու ենք դրա համար: Պատասխանատու ենք մեր վերելքների ու վայրէջքների, հաջողությունների ու պարտությունների, ճիշտ ու սխալ որոշումների, ժամանակավոր՝ սև, բայց հարատևության ձգտող կյանքի սպիտակ հատվածի համար:

Շուտով տոն է, Հայաստանի անկախության քառորդ դարի առթիվ, և  մենք առավել քան գիտակից ենք այն տոնում: Ուրեմն շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ ազատությունը ճիշտ ընկալելու, այն բարօրության համար օգտագործելու  համար: Շնորհավոր անկախությունդ, իմ նոր հայրենիք:

Սիրով՝ ձեր  Արիանա

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register