ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ

sa

Արցախի մայրաքաղաքի փոքր կենտրոնում, սրճարանների, ռեստորանների շղթայում հայտնվել է «սարդոստայն», որն օրըստօրե ավելի շատ մարդ է գցում իր «ոստայնը»: Մոտ երկու ամիս գործող «Մուլկիմանդիլ» գինետուն-սրճարանը հասցրել է  դառնալ Ստեփանակերտի  երիտասարդության սիրելի հավաքատեղին: Ցանցի հիմնադիրները երևանցի Նաիրա Իսրայելյանն ու հորդանանահայ Կարո Սերպեկյանն են:

Հյուրասեր նախասրահում կարելի է նկատել Կարոյի ակորդեոնը, թելերով հյուսված սարդոստայներ, գինիների հարուստ տեսականի և աշխարհի քարտեզ, որի վրա տարբեր երկրների տարածքներից թելեր են միանում Արցախին: Պարզվում է, որ արտասահամանցի յուրաքանչուր հյուր իր երկրից յուրատեսակ կապ է հաստատում: Առաջին գծավորը եղել է պանամացի:  «Մուկլիմանդիլի» անձնակազմի միջև ընկերական հարաբերություններ են հաստատված: 17-ամյա մատուցողուհի Աննան հաճախում է համալսարան, այդ ընթացքում նրան փոխարինում են Նաիրան և Կարոն, որոնք նաև խրախուսում են երիտասարդ աղջկան ազատ ժամերին դասերով զբաղվել սրճարանում: Ստեփանակերտում «Ճամփորդի» թիմը «Մուկլիմանդիլում»  հանդիպեց միայն Նաիրային: Կարոն հաջողացրել էր արձակուրդ մեկնել Հորդանան: Նաիրան արդեն 4 տարի է ինչ բնակվում է Արցախում, այստեղ աշխատել է որպես գիդ, հիմնել է հոսթել Ստեփանակերտում: Նրան էլ խնդրեցինք պատմել «Մուկլիմանդիլի» ստեղծմնան մասին:  «Սկսել ենք պլանավորել դեռ անցած տարվա դեկտեմբերից, բացումը եղել է մայիսի 16-ին: Հետաձգվում էր, քանի որ այս ոլորտում թե՛ ես, թե՛ Կարոն անփորձ էինք: Դժվար էր մեզ համար, օրինակ՝ մինչև պատերի մեր ուզած գույնը ստացանք, 4 անգամ խնդրեցինք ներկել: Կարոյի հետ ծանոթացանք 2015 թվականի օգտոստոսին, նշեց, որ կամավորական ծրագրով է եկել Արցախ, բայց շատ է հավանել ու ուզում է այստեղ ինչ-որ գործ սկսել: Հաջողություն մաղթեցի, որից հետո ևս մեկ անգամ հանդիպեցինք Երևանում, արդեն նոյեմբեր ամիսն էր: Պարզվեց, որ դեռ ոչինչ չի արել: Որոշեցինք խելք-խելքի տալ: Ի վերջո հասկացանք, որ կարող ենք միասին սկսել գործը: Սկզբում մտածում էինք թեյարանի մասին, հետո տեսանք, որ Ստեփանակերտում արդեն բացվել է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի տեղ, որը կմիավորեր քաղաքի երիտասարդներին: Հենց այս միտքն է եղել անկյունաքարը. ստեղծել հավաքատեղի, որտեղ տեղացիներն ու արտերկրացիները կշփվեն, կուրախանան, կծանոթանան իրար հետ: Միավորող այս գաղափարից էլ ծնվեց անվանումը՝ ցանց, սարդոստայն, որն արցախյան բարբառով արտասանվում է «մուկլիմանդիլ»:

Համեմատելով Երևանի և Ստեփանակերտի երիտասադրությունը, կարող եմ ասել, որ այստեղ մեծ մասի դեպքում մտածելակերպի տարբերություն կա: Այսինքն՝ Ստեփանակերտում այլ կերպ են պատկերացնում ժամանցը: Օրինակ, վերջերս կազմակերպել էինք «White Party»(մասնակիցները պետք է հագնված լինեին բացառապես սպիտակ և պարեին լատինո երաժշտության ներքո): Շատ լավ անցավ, բայց հավաքվել էին միայն աղջիկներ և սակավաթիվ էին, մոտ 20 մարդ: Կարոն Հորդանանում էր, 22:30-ն միացավ սկայպով ու տեսավ բացարձակ դատարկ «Մուկլիմանդիլ», զարմացած սկսեց հարցնել՝ ի՞նչ է եղել, որ մարդ չկա: Աղջիկները 22-անց արդեն գնացին տուն: Այստեղ այդ ժամին գրեթե ամեն տեղ դռները փակվում են: Մենք չենք մտածում սովորական սրճարան կամ գինետուն  գնալու մասին: Հիմնական նպատակը «Մուկլիմանդիլը» կրթական, ուսուցողական հանդիպումների վայր դարձնել է, որտեղ նաև ժամանակ առ ժամանակ կկազամակերպվեն ուրախ երեկույթներ: Այժմ մշակում ենք «Աշխատանքի բանաձև» թրեյնինգը՝ մասնագիտության ընտրելու, CV-ներ կազմելու, աշխատանքային սկզբունքների մասին է: Մտադիր ենք հանդիպումներ, դասախոսություններ կազմակերպել մեզ մոտ:Առայժմ «Մուկլիմանդիլը» իր տեսակի մեջ եզակի է Ստեփանակերտում, բայց լսել եմ, որ սեպտեմբերից նմանատիպ նոր տեղ է բացվելու, որոշ երիտասարդներ մեզանից խորհուրդ են հարցնում: Իհարկե, ուրախ եմ: Շատ կարևոր է, որ այլընտրանք լինի քաղաքում: Մեզանից կհոգնեն, կգնան այնտեղ, հետո հակառակը, առաջ կգա առողջ մրցակցություն»:

Կարոյի հետ հաջողվեց զրուցել սկայպով: Նա պատրաստվում էր Հորդանանից վերադառնալ Արցախ, որտեղ մշտական բնակություն է հաստատել. «Ծնվել և մեծացել եմ Հորդանանում, բայց միշտ երազել եմ Հայաստանում ապրել, աշխատել:Մասնագիտությամբ հաշվապահ եմ, մոտ 3 տարի աշխատանք փնտրեցի Հայաստանում, բայց կա՛մ ամսավճարներն էին քիչ, կա՛մ պայմաններն այն չէին: Հետո որոշեցի, որ եթե աշխատանք չեմ կարող գտնել, ուրեմն իմ սեփական գործը կսկսեմ: Լսեցի «Դեպի Հայք» («Birthright Armenia») հիմնադրամի մասին, որն օժանդակում էր հայկական արմատներ ունեցող արտերկրացիներին որոշ ժամանակով Հայաստանում ապրելու և կամավորական աշխատանք կատարելու: 6 ամիս ժամկետով եկա Հայաստան՝ նպատակ ունենալով նաև ուսումնասիրել, հասկանալ ինչ գործ կարող եմ սկսել: Իհարկե ուզում էի տեսնել Ղարաբաղը, սակայն այնտեղ ապրելու մասին կյանքում չէի մտածել: 2015 թվականի մարտին «Դեպի Հայք»-ն առաջարկեց կամավորական 4 շաբաթյա աշխատանք կատարել Ղարաբաղում: Սիրեցի Ղարաբաղը և «Դեպի Հայք»-ին իմաց տվեցի, որ ուզում եմ կամավորական աշխատանքս այնտեղ շարունակել: Ստեփանակերտում ապրելու ընթացքում էլ ուսումնասիրեցի շուկան: «Մուկլիմանդիլում» բացելուց  տարբեր խնդիրներ են եղել: Դժվար էր համապատասխան տարածք, մարդկանց գտնել: Նաիրան, 4 տարի ապրելով Ստեփանակերտում, շատ ծանոթներ ուներ, կապեր էր հաստատել և շատ օգնեց այս հարցերում:  Նաև բարդ էր թղթաբանությունը, անիմաստբյուրոկրատիա էր:«Մուկլիմանդիլը» իմ համար դեռ շատ հեռու է իդեալական, իմ պատկերացրած հավաքատեղին լինելուց: Շատ-շատ գործեր ունենք անելու, որոնք քիչ-քիչ, բայց կատարելու ենք: Շուկան փոքր է, մենք էլ չենք կարող ամեն ինչ միանգամից ներկայացնել: «Մուկլիմանդիլը» պետք է լինի որակյալ ժամանակ անցկացնելու տեղ, երիտասարդական կենտրոնի պես»:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register