ՍԵՓԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ԴԱՐԲԻՆՆԵՐԸ

ankax

Ասում են՝ բառերն ուժ ունեն, և եթե մի բան շատ ես մտածում ու կրկնում, ի վերջո իրականություն է դառնում:  Բայց արի ու տես, որ մեր խոսքն ու միտքը հաճախ իրենց մեջ  դրականի փոխարեն՝ բացասական  նրբերանգ են պարունակում:

Հազարավոր տարիների պատմություն ունեցող մեր երկիրն այսօր ընդամենը քսանհինգ տարվա պետություն է, ու ինչպես ամեն նոր կյանք ու կառույց, կայանալու, ամուր կանգնելու ճանապարհ ունի անցնելիք:  Ու մեր մտքերը միշտ չէ, որ դրական ակնկալիքով են տիեզերք «ճանապարհվում»: Այսօրվա դժվարությունները շատերին են ստիպում հուսահատվել, հիասթափվել ու վաղվա օրվան թերհավատ նայել: Դրանից մեր մտքերն ու բառերը դժգույն ու բացասական են դառնում: Իրականում դրանք  նկարագրում են մեր վիճակի  հետևանքը, բայց ոչ՝ պատճառը, և կառչելով անպատճառ հուսալքությունից, մենք մոռանում ենք դրական քայլերի մասին՝ պատասխանատվությունն անընդհատ գցելով մեկս մյուսի վրա: Սրանից  է ծնվել ամենաբացասական ու ճահիճ նետող՝ «Երկիրը երկիր չի» արտահայտությունը: Երբ հարցնում ես, թե ինչու, պատասխանում են՝ «Մի կերպ ենք ապրում, մեր գոյությունն ենք  մի կերպ քարշ տալիս…»: Ինչ խոսք, կյանքը Հայաստանում հեշտ չէ, դժվար է սեփական ոտքերին ամուր կանգնելը, սակայն եկեք մտածենք՝ արդյոք մեզնից կախված ամեն ինչ անո՞ւմ ենք, որ վիճակը փոխվի:

  • Ինչու՞ պիտի ես անեմ, միայն ինձնով հո չի»: Այսպես մտածելով, շատերը կողքի են քաշվում, դիտորդի կրավորական հայացքով նայում իրադարձություններին ու  ակնկալում, որ մի օր մի բարի քեռի կամ իշխանավոր իրենց հեքիաթային կյանք կբերեն: Հեքիաթները  լավն են ու անփոխարինելի մանկական տարիքում, իսկ հասուն մարդկանց ուղղակի աշխատել է պետք, ընդ որում ի սկզբանե աշխատել՝ աշխատանք ունենալու համար: Այսինքն, լավ կրթվել, ճիշտ ու պահանջված մասնագիտություն ընտրել, լավ մասնագետ դառնալ, որպեսզի աշխատանքի շուկայում երկար անգործ չմնաք: Իսկ որակավորում  չունեցող մարդն իսկապես երկար կարող է անգործ մնալ: Իրականում հասարակությունը ձևավորվում է բոլոր անհատների համախմբումից  ու մի ծաղկով գարունը հենց այս դեպքի համար է:
  • Մեկ է, ոչինչ չի փոխվելու». փակուղի տանող այս արտահայտությունը ևս թույլերի ու ծույլերի համար է: Կարող է փոխվել ամեն ինչ և պետք է փոխվի մեզնից յուրաքանչյուրի քայլերով:
  • Գնալ է պետք, էստեղ ապրել հնարավոր չէ». ցավոք սրտի, սա արտագաղթի շարժիչ ու վարակիչ կարգախոսն է դարձել: Կրկին հիշում ենք, որ Հայաստանում իսկապես շատ խնդիրներ կան, բայց մեր փոխարեն դրանք մեր հարևանը չի լուծելու, ճիշտ ինչպես մեր ընտանիքներում:

Իրականում բոլոր խնդիրները սկսվում են հարաբերական մանրուքներից: Երբ մենք սիրում ենք մեր տունն ու փողոցը և հարգում մեզ, այն չենք աղտոտում ու չենք մտածում, թե մեր նետած լուցկու հատիկից ոչինչ չի լինի:  Լինում է, չանենք այդպես: «Բոլորն էլ փողոցում աղտոտում են, թող չանեն, ես էլ չեմ անի». մի՛ սպասեք ուրիշների «դարձի գալուն»: Ինքներդ օրինակ ծառայեք,  ու ձեզ համար էլ աննկատ կտեսնեք, որ տրամադրություն է փոխվում փոքրիկ դրական քայլերից ու դրանց հետևում են փոքրիկ, բարի պտուղները, որոնք արագ մեծանալու հրաշալի հատկություն ունեն:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register