ՓՈՔՐ ՍԵՐՆԴԻ ՄԵԾ ՍԹՐԵՍԸ

stres

Եվս մի քանի օր և հաղթական  մայիսը իր «սուրը փառքով կդնի պատյան»: Մայիսյան եռատոնը՝ Սարդարապատի հերոսամարտը, Մեծ Հայրենականում մեր պապերի տոնած հաղթանակն ու հայ ազատամարտիկների միահամուռ ջանքերով վերաազատագրված Շուշին՝ ազգային հպարտության, եթե կուզեք՝  մեր բոլորի արդարացման  առհավատչյան են:

Ոգեղենությամբ առանձնացող մայիսի ընթացքում իրենց՝ թեկուզև  փոքրիկ  «սխրագործությունն»  են  կատարում  նաև երիտասարդ սերնդի  ներկայացուցիչները՝  դպրոցականները: Ավարտելով   դպրոցը և հաղթահարելով առաջին  բարձունքը,  նրանք  փորձում  են իրենց ապագա տեղը գտնել այս արևի տակ:

Ընդամենը 2-3 շաբաթ անց քննական տարածք համարվող դպրոցների ու բուհերի   բակերը կնմանվեն  զինվորական հավաքակայանների: Թերևս, մեկ  տարբերությամբ: Ծնողներն  իրենց  զավակներին  անփորձանք ծառայության  փոխարեն՝ բուհական  քննություններում  հաջողություն  կմաղթեն: Իրենց սաներին չեմպիոնական  մենամարտի ուղեկցող մարզիչների  նման՝ նրանք վերջին «մարտավարական» խորհուրդները   կտան իրենց զավակներին և արդեն «ռինգ» դուրս եկած իրենց զավակների «մրցելույթներին»  կողքից կհետևեն:

Դպրոցավարտներից շատերը հստակ գիտեն իրենց անելիքը,նրանք ընտրել են իրենց  մասնագիտացման ոլորտը  և ջանասիրաբար պատրաստվելով՝ եկել են վճռական  քայլն  անելու: Որոշ դիմորդներ էլ այս «հորձանուտում» են հայտնվելու՝ ծնողների նախատինքներից  խուսափելու  համար:Ավելի զավեշտական վիճակում հայտնվողներ էլ կլինեն:  Պատկերացրեք  մի աշակերտուհու, ով  սիրում է  ջութակ  նվագել կամ   նկարչությամբ զբաղվել, իսկ նրան հարկադրում են տնտեսագիտություն ուսումնասիրել կամ, ասենք՝  թարգմանչական   ֆակուլտետ  ընդունվել: Նմանատիպ դեպքերում սթրեսներն անխուսափելի են: Իսկ դա  կարող  է լուրջ ազդեցություն  ունենալ  առողջության  վրա, նպաստել սրտի, լյարդի  և երիկամների վատ աշխատանքին,  հանգեցնել  մազաթափության, ատամների, մաշկի, սեռական համակարգի հետ կապված խնդիրների:

Պարզվում է, սակայն, որ սա միայն մեր երկրին չէ, որ հատուկ է: Քննական   սթրեսը  մտահոգության  առարկա  է ամբողջ աշխարհում: Այս տեսանկյունից իրավիճակն ավելի սարսափելի է Հարավային Կորեայում: Ասիական այս երկրի կրթական համակարգը լինելով աշխարհում  լավագույններից մեկը, իսկական պատուհաս է դարձել դիմորդների և ուսանողների համար:  Ի դեպ, վտանգն այստեղ գալիս է ոչ թե մրցակից դիմորդներից, կամ ասենք, համակենտրոնացման ճամբարների  հսկիչներ հիշեցնող դասախոսներից, այլ  հենց սեփական ծնողների կողմից: Հատկապես ասիացի մայրերը աշխարհում հայտնի են իրենց  խստությամբ, իրենց զավակների առջև   դրվող  բարձր պահանջներով: Երիտասարդների հարցերով զբաղվող   հարավկորեական ազգային ինստիտուտներից մեկի հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր 4 ուսանողից մեկը՝ ինքնասպան է լինում: Եվ նա դա չի անում  51,5 միլիոն բնակչություն ունեցող իր  երկրի  պարենային ապահովության   խնդիրը մասնակիորեն լուծելու վեհ  ցանկությունից դրդված: Ոչ, ամենևին ոչ: Նրա  անխոհեմ  քայլի պատճառը հիմնականում 9 ժամանոց քննական թեստով պայմանավորված  սթրեսն է, և բուհավարտ մասնագետների  շրջանում  արձանագրված գործազրկության 41%-անոց ցուցանիշը:  Քննական   սթրեսի   բացասական   հետևանքները   զգալի   են նաև Չինաստանում,  Ճապոնիայում, Ֆրանսիայում, Վիետնամում:  Այս երկրների համար մի ընդհանրական գիծ էլ կա: Դիմորդների համար նախատեսված այս թեստերին դեմ են շատ մասնագետներ: Նրանք  պնդում են, որ բազմակի   ընտրության   հնարավորություն ունեցող  նմանատիպ   թեստերը  չեն զարգացնում դիմորդի ինքնուրույն մտածելակերպը: Ի պատասխան սրա,մրցավազքի դուրս եկած երկրները մատնացույց են անում զարգացած երկրներին՝ որտեղ դա կիրառվում  է:

Ինչևէ, ինչպես ասում են  հաղթողներին  չեն դատում:  Ինչ վերաբերում է  Հարավային   Կորեային, ապա ունենալով  աղքատիկ բնական պաշարներ, և  ոչ   բարեկամական շրջապատ, թերևս նա էլ կրթական   համակարգի շնորհիվ է փորձում լուծել իր հիմնախնդիրները: Ինչ վերաբերում է մեզ, ապա  մնում է ապագա ուսանողներին  ցանկանալ մեկ բան՝ ընտրել սիրած մասնագիտություն և անդավաճան կատարելագործվել ընտրած բնագավառում:  Իսկ այ,   քննաշրջանի   ընթացքում   մազերը  չկտրելու,  բոլոր քննություններին միևնույն հաջողակ վերնաշապիկով  կամ զգեստով ներկայանալու «պապենական» ավանդույթից  ժամ առաջ է հարկավոր հրաժարվել:  Անցանկալի, բայց հնարավոր սայթաքման դեպքում էլ խորհուրդ ենք տալիս մտաբերել՝ « Այն ինչ ձեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» անվրեպ գործող ոսկե կանոնը…

 

Արարատ  Սահակյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register