ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԽԱՂԸ

Ariana-001

Նախորդ երեկո ինձ բախտ վիճակվեց ժամանակս կիսել հետաքրքիր հայ  զրուցընկերոջ հետ: Նա ինձ պատմեց իր մանկությունից՝ ներկայացնելով 90-ականներից իր սովորածը: Նրա  դիտարկումը շատ նոր ու հետաքրքիր էր ինձ համար: Սովորաբար 90-ականներից խոսելիս ասում են՝ բարդ ժամանակաշրջան էր,երբ մթությամբ էր պատված ոչ միայն երկիրը, այլ անգամ մեր ներսը, որովհետև հաճախ թվում էր, թե այդ ամենը վերջ չունի: Մինչդեռ զրուցակիցս նախորդ դարավերջի տարիներն այլ կերպ էր դիտարկում. մեկ մոմ ունեինք, սակայն երջանիկ էինք, քանի որ միասին էինք:

Պատմում էր իր զարմիկներից, որոնք հիմա ապահով կյանք ունեն, ներսից ու դրսից ողողված են լույսով, տեխնիկայի վերջին նորություններով ու լավագույն խաղալիքներով: Նշեց, որ սիրում է նրանց ասել, որ կարող են անգամ հատակին ընկած ուտելիքն ուտել, ինչպես ժամանակին նա է արել՝ չնայած այս միտքը նրա զարմիկները ոչ մի կերպ ըմբռնել այդպես էլ չեն կարողանում: Աշխարհը մոռանում է փոքր և առաջին կարևորության իրերի համար շնորհակալ  և, առհասարակ, ինքնաբավ լինել: Իսկ ժամանակին ամենաչնչինն անգամ հերիք էր, կարևոր էր սիրելիների ներկայությունը և դա ավելի թանկ արժեր, քան այս դարի առաջարկած անշնչավոր ճոխությունը:

Հետո մի լավ բան էլ ասաց. յուրաքանչյուր օր միասին ապրելն ու գոյատևելը ստիպում է մարդկանց գնահատել  կյանքն ու ապրել այս պահով: Այնուամենայնիվ, սա թուլանալու պատճառ չէ. ապրի՛ր օրով, սակայն մի՛ մոռացիր պլանավորելու մասին, քանի որ չափից ավելի ինքնագոհությունը ծուլություն և ապագայի հետ կապված առավելություն ունենալու անհնարինություն է ծնում: Եվ ես կարծում եմ, որ սա մի դաս է, որ մենք որպես երկիր պետք է քաղենք՝ անձնապես կիրառելուց հետո: Մենք այդքան վատ չենք ապրում, ինչպես որ 90-ականներին, սակայն արդյո՞ք մենք ունենք ապագայի պլան: Կամ արդյո՞ք մենք բավարարված ենք վաղվա օրով: Քանի որ ինչ վատ բան էլ որ լինի, մենք միշտ կարող ենք գտնել մեկ ուրիշին, ում կարելի է մեղադրել(ես վերջերս ժամանակ անցկացրի մի քանի լրագրողների հետ և երբ նրանց հարցրի, թե հատկապես որ թեմայի մասին է առավել դժվար գրելը, նրանք ինձ թեմաների և պատճառների մի ամբողջ տրցակ ներկայացրին: Երբ նրանց հարցրի, թե ինչու, նրանց պատասխանները գրեթե նույն կերպ հանգեցին հետևյալին. նրանք այդ մասին չեն կարող գրել, քանի որ հանրությանը դա հետաքրքիր չէ, կամ հանրությունը չի հասկանա: Ուրիշներին մեղադրելը միշտ հեշտ է, բայց գուցե փորձենք միասին հանրամատչելի ճանապարհնե՞ր գտնել):

Երբ ընդունում ես, որ որևէ բանի համար դու պատասխանատվություն չես կրում, ակամայից  սովորում ես, որ մեկ ուրիշը պետք է պլանավորի քո փոխարեն, կամ էլ թողնում ես, որ հանգամանքները և կյանքն ինքը քո փոխարեն պլանավորեն, այնպես, որ երբ ամեն ինչ վատ ընթանա, կարողանաս այլոց մեղադրել: Կարելի է մեղադրել կոռումպացված համակարգին, կառավարությանը, քո հարևանին, պատերազմին, տնտեսական իրավիճակին և քաղաքական պայմաններին, ձեր ծնողներին, ընկերներին, դպրոցին, ուսուցիչներին…նույնիսկ ձեր շանը: Բայց մի մոռացեք մի փոքրիկ, բայց շատ կարևոր բան. մինչ դուք մեղադրում եք, հոսում է ձեր, հենց ձե՛ր կյանքը, և ոչ թե մեղադրյալներինը: Չեմ կարծում, որ ի ծնե երազել եք ապրելուն հատկացված տարիներն օգտագործել բողոքելու և մեղադրելու վրա:

Այսպիսով, որո՞նք են մեղադրանքի խաղի երկարաժամկետ ազդեցությունները: Իմ ընկերն, օրինակ, եկավ եզրահանգման, որ մեղադրանքն ի վերջո հանգեցնում է ապագան չպլանավորելու:  Մեղադրել սիրողներն ունեն որոշակի պատկերացումներ, երազանքներ, որոնք այդպես էլ նպատակ չեն դառնում, առավել ևս՝ չեն պլանավորվում:

Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ որոշել խոսել մեղադրական տոնից, անպատասխանատվությունից: Ընտրություններն են մոտենում՝ ահա թե ինչու: Մի՞թե  տնտեսական, քաղաքական խնդիրների հիմքը նույն այդ մեղադրանքները չեն, որոնք օգնում են մեզ անպատասխանատու լինել և արդարացնել մեր ծուլությունը, կոմֆորտի գոտին չլքելու և եղածով բավարարվելու  ինքնակործան հատկությունը, որն էլ շղթայական կերպով ի վերջո ազդում է երկրի վրա:

Ժամանակն է թափանցիկության և հաշվետվողականության մշակույթ  ստեղծել ոչ միայն մեր առաջնորդների, այլ նաև ինքներս մեր շրջանում: Սակայն ինչպե՞ս պատասխանատվություն ստանձնել, եթե չունես պլան: Հորդորում եմ բոլորիս ընդունել պլանավորումը, ոչ թե պարզապես երազելը, որպես անձնական պատասխանատվության մի մաս, որը պիտի պահանջենք նաև մեզ առաջնորդողներից:

Ամեն մեկը և յուրաքանչյուրը կարող է խոստումներ տալ, ամեն մեկը և յուրաքանչյուրը կարող է դժգոհ լինել և ավելի լավ կյանք պահանջել, սակայն իրականում արդյունքի հասնելու համար պլանավորելու և անձնական պատասխանատվություն կրելու մշակույթը պետք է առաջին հերթին ձևավորվի անձնական, և այնուհետև միայն մակրո մակարդակում: Արդյո՞ք մեր վճարած հարկերը բերում են  ցանկալի արդյունքի: Կբողոքենք, կասենք՝ ոչ, անիմաստ է, թերանում են, ստում են և այլն: Դրա փոխարեն  ուղղակի եկեք հարցնենք նրանց. ինչպե՞ս եք պլանավորում հարկերից ձևավորված գումարն օգտագործել կոնկրետ այս կամ այն ոլորտում: Դյուահավատ մի՛ եղեք և մի՛ հավատացեք ցանկացած խոստման: Մտածե՛ք, արդյո՞ք դրան հնարավոր է հասնել և եթե հնարավոր է, ապա կոնկրետ ինչպե՞ս: Կամ ասենք, ինչո՞վ է այդ մարդու պլանը տարբերվում մյուսների պլաններից; Ձեր քվեն խոստումներին մի՛ տվեք, ինչպես որ մի՛ տվեք ձեր ժամանակը սին երազանքներին: Ձեր քվեն տվե՛ք չափելի, հասանելի, երկարաժամկետ ազդեցություն ունեցող պլաններին և ոչ թե կարճաժամկետ քարոզարշավային խոստումներին, որոնք չափելն ուղղակի անհնար է: Երազանքն էլ նպատակ հռչակեք, որպեսզի այն նույնպես չափելի, շոշափելի և ամենակարևորը՝ իրագործելի դառնա:

Մենք էլ նոր առաջարկ ունենք. «Ճամփորդի» թիմով, ձեզ հետ միասին ցանկանում ենք հարցեր կազմել, որոնք կուղղենք մեր քաղաքական գործիչներին, սա քայլ անելու մեր տարբերակն է, որը համոզված ենք կհանգեցնի դրական արդյունքի և կամրապնդի հասարակություն-քաղաքական գործիչ կապը: Մենք չենք ցանկանում գովել կամ մեղադրել մեկին, քննարկման առարկա դարձնել միջանձնային հարաբերություններն ու միջկուսակցական հակասությունները, դառնալ անդկուլիսյան  բամբասանքների բարձրախոսը:  Դրան հակառակ մեր ցանկությունն է  հանրության ուշադրությունը բևեռել քաղաքական միավորների նախընտրական ծրագրերի կոնկրետությանը: Ծրագրեր, որոնք կոչված են ծառայելու նույն այդ հանրության բարօրությանը: Ուզում ենք հուշեք մեզ , թե ո՞ր քաղաքական գործչի ու միավորի  աշխատանքային պլանն է ձեզ հետաքրքիր ու կուզեք այն պարզաբանվի մեր օգնությամբ:

Սա նաև երկկողմանի է լինելու, քանի որ քաղաքական գործիչներին էլ ուզում ենք առաջարկել կապ հաստատել մեզ հետ ու պատասխանել ընթերցողների հարցերին, որոնք կվերաբերեն հանրային խնդիրներին՝ մի կողմ թողնելով «նեղ-մասնագիտական» քաղաքականությունը, որի շնորհիվ դուք ոչ թե կքարկոծեք  քաղաքական հակառակորդներին՝ միջանձնային պատերազմներ նախաձեռնելով, այլ կանդրադառնաք սոցիալական ու տնտեսական մի շարք թեմաների, որոնք երբեմն մնում են մի կողմում:

Գեղեցիկ բառեր չենք ուզում, իրատեսական պլանների պահանջ ունենք և՛ մենք, և՛ հասարակությունը: Ցո՛ւյց տվեք մեզ ձեր պլանները, որպեսզի գիտակցենք՝ ումն է մեր քվեն ու հավատանք ձեզ: Իսկ մեղադրական խաղերն ուզում ենք դադարեցնել: Չենք մեղադրում, այլևս գործում ենք:

 

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register