ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

  • ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
  • ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Մարտունու ուղղությամբ տեղակայված դիրքեր կարողացանք հասնել հրամանատարական «Վիլիս»-ով: Փոխգնդապետ Էրիկ Սարգսյանը դեպի դիրքեր տանող քարքարոտ ու փոսոտ ճանապարհով մեքենան այնքան հմուտ էր վարում, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա այդ տարածքը աչքերը փակ էլ է անցնում: Կանգնում ենք պահածոյի դատարկ տուփերն իր սարդոստայնը գցած փշալարերով մուտքի մոտ: Հենակետի ավագը փոխնգդապետին զեկուցում է իրավիճակը, որից հետո մեզ թույլատրում են ներս մտնել: «Բլինդաժից» (հրետանային կրակից և ռմբակոծությունից պաշտպանվելու ամուր ծածկով ապաստարան.) դուրս են գալիս զինվորները: Պատերազմի վետերաններն են այստեղ, հենց նրանց անունով է կոչվում դիրքը, հենց նրանք են սկսում ակտիվ զրույցը: Ժամկետային զինվորները ուշադիր լսում են ավագ ընկերներին: Ավելի ուշ կարողանում ենք նաև նրանց հետ առանձին զրուցել:«Բլինդաժի» մոտ «բոդռուշի»(մարտական հերթափոխից հետո «բլինդաժի» մոտ մեկ ժամ կանգնող դիտորդ,-խմբ.) կանգնած տղան՝ Հայկ Ավետիսյանը ծնվել և մեծացել է Գյումրիում, 21 տարեկան է: Ծառայությանը մնացել է 60 օր: Օրերը չի ջնջում օրացույցում, բայց հաշվում է «պերեսմենկաների»(մարտական հերթափոխների) քանակը: Ասում է՝ սա 19-րդն է: Կրտսեր եղբորը նույնպես 60 օր է մնացել, սակայն… մինչ զորակոչվելը: Հայկը վերադառնալու է տուն, եղբայրը մեկնելու է ծառայության: Կատակում է, թե եղբայրն է փոխարինելու իրեն:  «Մինչ ծառայությունը սովորել եմ Գյումրու տնտեսագիտական ինստիտուտում: Զորացրվելուց հետո առաջնահերթ շարունակելու եմ ուսումը, հետո` աշխատանք եմ փնտրելու: Ապրիլյան սրացումների հենց առաջին օրը պատերազմի վետերաններից միացան մեզ: Ավելի վստահ սկսեցինք զգալ, տրամադրվածությունը փոխվեց: Ի վերջո նաև հաճելի է մեծ փորձ ունեցող մարդկանց հետ ծառայելը: Ժամանակ առ ժամանակ բոլորիս տրամադրությունը բարձրացնում է հումորի անսպառ զգացում  ունեցող  Պավելը: Չնայած մեկ ամիս անդադար դիրքերում ենք, բայց կամավորականների ընկերակցությամբ ծառայությունը դյուրին է անցնում, ընդհանուր լարվածությունը և ծանրաբեռնվածությունը նույնպես նվազել է: Ամեն ինչ ունենք, որևէ բանի կարիք չկա, միայն թե կարոտն է մի քիչ խանգարում… Ինչ խորհուրդ կտամ կրտսեր եղբո՞րս: Կարծում եմ՝ ծառայության վերաբերյալ սխալ է խորհուրդ տալը: Յուրաքանչյուր զորամաս, նույնիսկ առանձին «պոստ», կարող է տարբեր լինել, տարբեր դրվածք ունենալ: Ավելի ճիշտ կլինի, որ ինքը բացահայտի: Դիրքերում, օրինակ, շատ կարևոր է ամեն րոպե զգոն, ուշադիր լինելը»,- իր դիտարկումներն է ներկայացնում  գյումրեցի երիտասարդը:                                Եթե Հայկը դիրքերում ծառայության մեծ փորձ ունի, ապա 19-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը, թեև 10 ամսվա զինվոր է, այս յուրատեսակ ծառայությանը նոր է ծանոթանում: «Կարանտինից» դուրս գալուց հետո թոքաբորբ է տարել, մեզ հետ հանդիպման պահին նա  երկրորդ անգամ էր դիրք բարձրացել: Հետաքրքրասեր ու ժպտերես տղա է Խաչատուրը, ծնունդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից: Մինչ ծառայությունը` անվճար հիմունքով սովորել է Արցախի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում: Ծառայությունից հետո կրթությունը շարունակելու է:

Չնայած քիչ եմ լինում դիրքերում, բայց բախտ վիճակվեց ծննդյանս տարեդարձը հենց այստեղ նշել: Առաջին անգամ էի ծննդյանս օրը տանից հեռու նշում: Այստեղ մենք ընտանիքի նման ենք, բայց, իհարկե, տարբերվում էր: Մյուս օրերի նման այդ օրն էլ ողջ օրը զենքով էի: Տղաները անակնկալ էին մատուցել՝ փոքր տորթ էին թխել: Թիկունքում գտնվող մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ մենք մեր դիրքում ամուր ենք կանգնած: Թող չանհանգստանան, վստահ եմ, որ առաջիկայում ամեն ինչ ավելի լավ է լինելու: Դիրքերում ծառայությունը երբեմն խաբուսիկ է: «Բոդռուշի» կանգնած և՛ ուշադիր ես, և՛ մտքերով տուն ես սլանում, մտածում` ապագայի մասին: Չգիտեմ, ես մեր գյուղը շատ եմ սիրում: Հավանաբար համալսարանն ավարտելուց հետո կվերադառնամ գյուղ` որպես ուսուցիչ»:

Դիրքի ավագը՝  հանգստություն ներշչնող հայացքով 19-ամյա Արթուր Քարամյանն է: Արցախի և Ադրբեջանի սահմանին Արթուրը սահուն անգլերենով շփվում է Արիանայի հետ: Բոլորը զարմացած իրեն են նայում: Արթուրը Երևանից է,  Զեյթուն թաղամասից: Արդեն 15 ամսվա ծառայող է, սերժանտ, ու արդեն  4-րդ ամիսն է դիրքի ավագ է: Թե՛ Արթուրը, թե՛ մյուս զինվորները նշում են, որ դիրքերում ծառայությունը շատ ավելի հետաքրքիր է, քան զորամասում: Այստեղ նրանք գործնականում են կիրառում զորամասում ձեռք բերած գիտելիքները: «Ապրիլի 1-ին մենք բարձրացանք դիրք: Հենց այդ գիշեր սկսվեց լարվածությունը: Ինչպես կարգն է անձնակազմին հրահանգավորեցի, տեղյակ պահեցի լարվածության մասին: Դա աննախադեպ փորձություն էր մեզ համար: Ամենակարևորը հասկացանք, որ մեր ժողովուրդը մեր կողքին է: Գիտակցում ենք, որ հայերով ավելին կարող ենք անել: Կամավորականների դերը նույնպես անգնահատելի է: Ինչպես նախկինում, այժմ էլ վստահ ենք, որ կարող ենք պայքարել հակառակորդի ցանկացած ոտնձգության դեմ: Մեր «դուխը» միշտ բարձր է եղել ու բարձր է լինելու, մանավանդ, երբ զգում ենք ժողովրդի աջակցությունը: Զինվորներն այս պահի դրությամբ որևէ բանի կարիք չունեն: Ամեն ինչով ապահովված են: Ուզում եմ հորդորել զինվորների ծնողներին, որ հանգիստ լինեն, այստեղ՝ առաջնագծում, մենք մեր խնդիրն ենք կատարում: Մեզ համար ամենաբարդը ծնողի անհանգիստ ձայնն է ու բոլորիս չլքող կարոտը: Երբ վտանգը մեծանում է, միմյանց նկատմամբ հոգատարությունն է աճում: Դիրքի ավագի տեսանկյունից ամենաբարդը պատասխանատվությունն է: Դիրքին վերաբերող ցանկացած հարցի համար ես եմ պատասխանատու, ամեն ինչ պետք է կարողանամ նկատել, այստեղ մանրունքներ չկան»:

Երկրորդ դիրքում հանդիպում ենք երևանցի 20-ամյա Հովհաննես Ղարիբյանին, այստեղ էլ նա  է դիրքի ավագը: 23 ամսվա ծառայող է, ծոցագրպանում «ստոդնևկա» (ծառայության վերջին 100 օրը նշող յուրատեսակ օրացույց- խմբ.) ունի, բայց օրերը չի ջնջում: «Ուվալնյատ»է լինելու (զորացրվելու է) զինվորական հագուստով, մտադիր է հարազատներին անակնկալ մատուցել:  Մինչ ծառայությունը ակտիվորեն զբաղվել է սպորտով՝ ազատ ոճի ըմբշամարտով ու մարմնամարզությամբ, մասնակցել է մրցումների: Մտածում է ծառայության ավարտից հետո շարունակել մարզական ուղին:«Կամավորների հետ ծառայությունը շատ ոգեշնչող է: Ընդհանրապես դիրքերում ծառայությունը ավելի հետաքրքիր է, իսկ երբ փորձառու մարդիկ են լինում դիրքում, ավելի վստահ ես լինում: Չեմ ուզեցել գնալ սպորտային վաշտ: Մտածում էի իսկական ծառայության՝ դիրք պահելու մասին:  Եթե որևէ մեկն ի վիճակի չի լինում խրամատ բարձրանալու, ես եմ փոխարինում նրան: Այստեղ մենք ընտանիքի նման ենք ու կատարում ենք մեր առջև դրած խնդիրը՝ մեկմեկու օգնելով»,- նշում է Հովհաննեսը:

Զինվորների հետ շփվելուց հանգստություն ես զգում: Չնայած ամեն րոպե սպառնացող վտանգին, նրանք անխափան իրենց գործն են անում: Սահմանը պահպանող զինվորները մեր օրերի հերոսներն են: Ակամայից ուզում ես երկար մնալ դիրքում ու բոլորի հետ անվերջ  զրուցել:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register