ՄԵՆՔ  ՍՏԵՂԾՎԱԾ  ԵՆՔ  ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ  ԼԱՎԸ  ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ariiana

Անցած շաբաթ աշխատանքային հետաքրքիր հանդիպում ունեցա երիտասարդ, խելացի ու եռանդուն մի պաշտոնյայի հետ: Ինձ առավելապես ուրախացրեց փաստը, որ կառավարության մաս կազմողների մեջ քիչ չեն հայրենիքը սիրող, իրենց հող ու ջրին հնարավորինս օգտակար լինել փորձող մարդիկ: Նշածս երիտասարդը նրանցից  մեկն է: Ինձ  հետ զրույցում նա ասաց, որ հասունացել է երկրում փոփոխություններ իրականացնելու ժամանակը: Ահա թե ինչու են մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սփյուռքում բնակվող խելացի երիտասարդները վերադառնում հայրենիք՝ ցանկանալով դառնալ այդ փոփոխությունների մասը:

«Մենք սիրում ենք մեր երկիրը և ցանկանում  ենք մեր դրական ներդրումն ունենալ օրըստօրե ավելի լավը դարձող  կառավարության մեջ»: Այսպիսին է նրանց մոտեցման տրամաբանությունը:                                       Ուրախալի է նաև տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանի արձանագրած նկատելի ցատկը: Չնայած ընտրություններով պայմանավորված բացասական դաշտին՝ ինստիտուցիոնալ  կառույցները Հայաստանում իրապես զարգանում են, ժողովրդավարական արժեքներն էլ՝ ամրապնդվում: Բայց այդ մասին մի ուրիշ  առիթով: Մարտի 8-ին ընդառաջ, կուզեի խոսել կառավարման համակարգում կանանց  ներգրավվածության և  նրանց  վերապահված դերակատարության մասին: Արդյոք  նրանք պատրա՞ստ են դրան:

Խնդիրն առավել լավ ընկալելու համար՝ եկեք համեմատենք:  ՄԱԶԾ 2015 թվականի համապարփակ հետազոտության համաձայն, հայկական խորհրդարանի անդամների 11% -ը կանայք էին, մինչդեռ Ադրբեջանում այդ ցուցանիշը 16,  Վրաստանում՝ 11% էր կազմում: Իսկ ձեր կարծիքով, ո՞ր երկրի կանայք են ավելի կրթված: 3-4%-ով շրջանցելով իր հարևաններին այս հարցում՝ 94 % ցուցանիշով առաջատարը Հայաստանն է: Մեկ  այլ ուշագրավ փաստ ևս. մեր կանանց  94%-ն աշխատում է (տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը 95% Է կազմում): Հարևան Վրաստանում նույն ցուցանիշը ընդամենը 57 (տղամարդկանց համեմատ՝ 18%-ով ավելի քիչ), իսկ Ադրբեջանում՝ 63%  է: Իսկ ինչպիսին էր պատկերը մոտ 10 տարի առաջ: 2008 թվականին հայկական խորհրդարանում կին պատգամավորները կազմում էին 8%, Ադրբեջանում և Վրաստանում՝ համապատասխանաբար 11 և 6%: Այսպիսով, Ադրբեջանն ու Վրաստանը բարելավել են իրենց ցուցանիշները՝ խորհրդարանում փակելով գենդերային բացը: Իսկ Հայաստանը՝ խորհրդարանում կին պատգամավորների թվի կրճատման պատճառով կարծես թե նահանջ է արձանագրել:  Ցավալի է: Ես անձամբ հավատում եմ, որ ինչ-որ պաշտոն զբաղեցնելու համար չափորոշիչ պետք է լինեն փորձն ու կատարողականությունը, և ոչ ամենևին սեռը կամ ասենք՝ ռասան:

Սակայն սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ այսքան կիրթ և որակավորում ունեցող հայ կանանցից քչերն են ներկայացված նախարարություններում  կամ ԱԺ-ում:  Հավատում եմ, որ խորհրդարանում, քաղաքացիական ծառայության ոլորտում ավելի շատ կանանց ներգրավվածության  դեպքում՝ ուշադրության կարժանանան և լուծումներ կստանան շատուշատ հարցեր, որոնք շատ հաճախ  այդպես էլ չեն արժանանում տղամարդկանց  ուշադրությանը: Երեխաների խնամքին, երիտասարդների և կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը, կրթությանը, առողջապահությանը, ընտանիքի ու երեխաների հետ առնչվող, հանրային  հնչեղություն ունեցող  այլ հարցերին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, եթե կառավարության կազմում կանանց ներկայացվածությունն ավելի մեծ լինի: Իմ խորին համոզմամբ՝ կրթությունը չէ խոչընդոտը: Մեր կանայք ավելի քան պատրաստ են ներգրավվել քաղաքականության մեջ: Եվ նրանց ներկայությունն իրոք անհրաժեշտ է:

Ինչպես ցույց է տվել ժամանակը, գումարային հարցերում էլ կանայք ավելի լավ են կողմնորոշվում: Նրանք ավելի խելամիտ են տնօրինում գումարը: Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվետվությունից մեջբերում անելով կասեմ, որ  աշխարհի աղքատ բնակչության 70%-ը կանայք են: Սակայն հարկ է նշել, որ կանայք միշտ էլ ֆինանսավորվելիս ու  վարկավորվելիս դժվարություններ են ունեցել: Առևտրային բանկերը միշտ էլ նախապատվությունը տվել ու տալիս են գործարար տղամարդկանց՝ անտեսելով կանանց, ովքեր ոչ ֆորմալ տնտեսության աճող սեգմենտն են:

Եկեք  չմոռանանք Հնդկաստանում և աֆրիկյան երկրներում հանդիպող բազմաթիվ օրինակների մասին, երբ միկրոֆինանսավորվող նախագծերի պարագայում կանայք տղամարդկանցից ավելի արդյունավետ են գտնվել՝ հատկացված գումարն օգտագործելով  իրենց երեխաների կրթության և առողջության վրա: Այս մասին վկայող փաստերը բազմաթիվ են, համացանցը կօգնի համոզվել դրանում:

Ես չեմ փորձի ասել, որ կանայք պիտի  գերիշխեն աշխարհում: Ես նաև չեմ կարծում, որ կանայք պետք է հավասարեցվեն տղամարդկանց:  Այո, ես մնում եմ այն համոզմանը, որ կանանց, ինչպես և տղամարդկանց, պետք է տրվեն հավասարազոր իրավունքներ, սակայն ոչ մի դեպքում ես չեմ մտածում, որ նրանք իրար հավասար են:  Տղամարդիկ և կանայք ունեն իրենց  բնորոշ հատկանիշները, որոնցով էլ լրացնում են մեկմեկու: Այդպիսին է մեզ ստեղծել Արարիչը. իրար լրացնող, բայց և շատ տարբեր:

Ես չեմ կարծում, որ կանանցից պետք է պահանջել նույնը, ինչ հակառակ սեռից: Եվ ահա թե ինչու է, որ ես չեմ մտածում, որ անխտիր բոլոր կանայք պետք է աշխատեն կամ քաղաքական ու բիզնես աշխարհում առաջատարի դեր ստանձնեն: Նույն կերպ ես չեմ կարծում նաև, որ բոլոր տղամարդիկ պետք է երեխաներին խնամեն կամ վարսավիրներ դառնան: Սրանք բոլորն էլ ներանձնային որոշումներ են և ցանկացած մարդն ինքը պետք է կատարի իր ընտրությունը: Բայց ես հավատում եմ, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք պետք է ունենան իրենց ուրույն ոլորտներն ու ինքնադրսևորման տարբերակները: Կանանց պետք է հնարավորություն տրվի, որպեսզի նրանք  իրենց ուրույն ներդրումն ունենան քաղաքականության մեջ՝ ցանկության դեպքում,իհարկե, քանի որ նրանց ասելիքը բազմաշերտ է ու անչափ կարևոր աշխարհի համար: Իգական սեռը շատ առավելություններ ունի: Մեծ է ազգային հարցերում  նրանց ներդնելիք ներուժը: Ունենք և կարող ենք ճիշտ օգտագործել մեզ վերապահված վստահությունը:

Մեր երկրին անհրաժեշտ են խելացի, առաջադեմ, կառավարության մեջ դրական ներդրում ունեցող մարդիկ: Կարծում եմ, որ նոր փոփոխությունները կքաջալերեն ավելի և ավելի շատ կանանց  միանալ երկրի սոցիալ-քաղաքական կյանքին (պարտադիր չէ միայն ընտրություններին թեկնածություն դնելով, ոլորտը լայն է, կարելի է օգտվել բոլոր հնարավորություններից):

Բայց  առավել կարևորն, ըստ իս՝ կթողնե՞ն մեզ արդյոք տղամարդիկ հարցն է: Հայ կանայք ապացուցել են, որ աշխատասեր են, ունակ ստանձնելու նման պատասխանատվություն: Ու եթե նրանք կամենան, ապա ոչ մի տղամարդ  էլ ի զորու չի լինի նրանց կանգնեցնել:  Այդ դեպքում տղամարդիկ ստիպված կլինեն իրենց համոզմունքներում ընկրկել ու նրանց առաջ թողնել: Այո, մենք ստեղծվել ենք այս պահի՝ կառավարելու, փոփոխելու, աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register