ԿԱՆԱՉ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ «ՈՉ»-Ի ԱՐԴԱՐԱՑՈւՄՆԵՐԸ

kabve1

Բնապահպանության հիմնախնդիրները լրջորեն ուսումնասիրման ու վերացման ենթակա են, սակայն պետք չէ մոռանալ, որ այն թանկ հաճույք է՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, բարձրադիր տարածքում գտնվող լավագույն տները միայն հարուստներին են հասու: Իսկ կանաչ էկոլոգիան իրապես թանկ հաճույք է, և դրա համար պետք է հարստանալ՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Մեր բռաչափ, պատերազմից մի փոքր շունչ քաշած, տնտեսական չնչին աճ  գրանցող ու բյուջեի հսկա ճաքերը փոքր կարկատաններով  փակող երկրում էկոլոգիական խոշոր  ծրագրերը առայժմ երազանքի են նման: Բացարձակ չնվազեցնելով նմանօրինակ խնդիրների կարևորությունը, պետք է փաստել, որ բնապահպանությանը հասնելու համար դեռ մի քանի ոլորտ պետք է ոտքի կանգնած լինի, որպեսզի երկիրը կարողանա բնությանը թև ու թիկունք դառնալ:

Ցանկությունը գեղեցիկ է, սակայն ներկա դրությամբ ոչ այդքան իրագործելի: Դեռ հասցնում ենք միայն մեր կտրվող անտառներին կցկտուր օգնություն հասցնել, պայքարել մեր բակերի ու համայնքների մի քանի ծառերի համար: Այ երբ հաստատուն տնտեսական աճ կգրանցենք, կկարողանանք ժողովրդի համար արժանավայել ապրուստ ստեղծել ու ֆինանսական մակարդակ բարձրացնել, այդ ժամանակ ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք ուշադրությունը սևեռել մեր երկրի կանաչ կողմի վրա:

Զարգացող երկրներին հատուկ է խոցելի բնապահպանությունը, և Հայաստանը բացառություն չէ այդ շարքում: Բավական է հիշել հանքարդյունաբերությունը, որը բնակավայրերի մոտակայքում է և ոչ միշտ է արդիական տեխնոլոգիաներով իրականացվում: Իսկ Երևանը փոշոտ քաղաք է, որը կանաչի մեծ կարիք ունի: Թեկուզ համեմատության համար նայեք Երևանի հին լուսանկարները, այնտեղ ծառերն անհամեմատ շատ էին: Այսօր քաղաքապետարանը փորձում է լրացնել բացը, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ցավոք, մեկ ծառ կտրելու համար րոպեներ են  պետք, աճելու համար՝ տասնյակ տարիներ:

Բայց  եկեք չկենտրոնանանք բացասականի վրա: Եվ հուսանք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի բարեկամ երկրների օգնությամբ որոշ խոշոր բնապահպանական  ծրագրեր իրականացնել: Բնապահպանությունը կենսակերպի ու կենսամակարդակի, նաև՝ պետական քաղաքականության  համալիր արդյունք  է, և պետք է ակնկալել, որ միայն այս համադրությամբ ու ջանքերով կկարողանանք լավ արդյունքներ գրանցել: Ցավոք,  աշխատելու դեռ շատ տեղ կա՝ սկսած  տարրական ու կենցաղային աղբահանությունից, մինչև արդյունաբերություն ու թափոնների վերամշակում:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register