Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

28

Քաղաքի նյարդը շարունակում է ձգված մնալ: Կենտրոնում  լարվածությունը օդի բաղադրիչ է դարձել: Տպավորությունն այնպիսին է, որ եթե մի փոքր էլ այսպես շարունակվի, մոռանալու ենք,  որ խաղաղ ապրելն է օրինաչափը, ճիշտը: Շնչելը ծանր է դարձել, որովհետև օդը մաքուր չէ: Թթվածնի պակասից մտքերը նույնպես ծանրանում են, ու որքան շատ ես փորձում հասկանալ, այնքան ավելի ես խճճվում ու կորցնում վերլուծական-իմաստային թելերը:

Լավ կլիներ, եթե ամեն բան սկսեր ու ավարտվեր միայն ուղեղը պաշարած քաոսով: Ցավոք, կցկտուր  մտքերը միայն հետևանք են: Պատճառը գտնվում  է մեզնից մի քանի փողոց այն կողմ՝ ոստիկանական ծանր մեքենաների, ժողովրդի ծանր պահանջների, արևի տոթ  ներկայության  շուրջբոլորը:

Մեկս մյուսին միայն մի հարց ենք տալիս. ի՞նչ է կատարվում, ո՞րն է լինելու հանգուցալուծումը, ինչո՞ւ է վիճակն ամեն օր  ծայրահեղորեն փոխվում: Երբ  ՊՊԾ գունդը դեռ նոր էր գրավվել «Սասնա ծռերի» ազատամարտիկների կողմից, կարծում էի, որ իմ՝ իրավիճակը  պարզորոշ  չպատկերացնելը կապված է Հայաստանում ոչ այդքան երկար ապրելու հետ: Շատ հետաքրքրված եմ քաղաքականությամբ, բայց գուցե դեռ ժամանա՞կ է պետք, որպեսզի պատկերն ամբողջական տեսնեմ: Հենց դրա համար չէի շտապում  եզրակացություններ անել՝ փորձելով  լսել ընկերներիս,  քաղաքականությանն ու անգամ Արցախի պատերազմին մոտ կանգնած մարդկանց՝ հասկանալու համար երկկողմանի պահանջներն ու լուծման տարբերակները՝ հնարավորինս շատ քննարկելով: Հետո նկատեցի, որ անգամ քաղաքագետներն են շիվարած. ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում ոչ մեկն ամբողջովին ու հիմնավոր չի հասկանում,թե  ինչ է կատարվում Խորենացի փողոցում: Թվում է, թե զինված մարդկանց պահանջը շատ կոնկրետ է, թվում է, թե ոստիկաններն ամեն բան ճիշտ են կազմակերպում…Բայց արի ու տես, որ մեկ շաբաթից ավել է, ինչ ոչ մի լուծման չենք հանգում: Մինչ մենք գուշակում ու լրատվության պատառիկներն իրար կցմցելով վերլուծություններ ենք անում, մեկ զոհ ունեցանք: Ունեցանք իրավիճակ, երբ ոստիկաններից ոմանք անտեղի ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ (իմ խորին համոզմամբ, նման մարդիկ եզակի են ոստիկանական կառույցում ու չպետք է ամբողջ համակարգի անվան հետ խաղան):  Այլ կերպ, «անմեղ» վերլուծություններով հարց չենք լուծում: Բայց և այս լարվածությանը, թվում է, թե էլ հնարավոր չէ դիմանալ:

Բոլորիս նյարդերը լարված են: Օդի հետ մեր թոքեր են ներթափանցում վախն ու անհանգստությունը: Մենք շնչում ենք լարվածությունը,  բայց աղոթք ենք արտաշնչում՝ խնդրելով, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, էլ ոչ մի զոհ ու անգամ արյան կաթիլ չթափվի Երևանի բարձունքում հաստատված գեղեցիկ փողոցում: Թող պատժվեն իրական մեղավորները, թող ամեն ինչ արդար լինի:

  • Ի՞նչ է կատարվում» հարցին միանշանակ պատասխան դեռ չկա: Բայց ցանկություն կա, որը կարող եմ բոլորիս անունից բարձրաձայնել, որը մտածում են թե՛ զինված խմբավորմանը պաշտպանողները, թե՛ դեմ արտահայտվողները, թե՛ լուրերին անթարթ հետևողներն ու անգամ չհետևողները. երազանք կա, որ ամեն բան խաղաղ լուծվի: Չէ՞ որ Հայաստանը սիրո ու սիրողների երկիր է,  այս պրկված նյարդը մեր կյանքից ջնջել է պետք: Մաքուր ու խաղաղ օդի կարիք ունենք: Հուսանք՝ հանգուցալուծումը շատ չի ուշանա:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register