ՀՈւԼԻՍԻ 29. ԶԼՄ-ՆԵՐԻ ՍԵՎ ՕՐԸ

lragrog

Հուլիսի 29-ին՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության  գունդը գրաված զինյալ խմբին իրենց զորակցությունը հայտնելու համար հարյուրավոր քաղաքացիներ  էին հավաքվել: Ոստիկանությունը քաղաքացիներին դիմավորեց ցույցը դադարեցնելու հորդորներով, իսկ հաջորդիվ կիրառեց հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխանռնակներ:  Դրանց կիրառման պատճառով  տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան թե՛ բազմաթիվ քաղաքացիներ, թե՛ իրադարձությունները լուսաբանող լրագրողներ: Հատուկ միջոցների կիրառմանը հետևեցին ցուցարարների ևիրադարձությունները լուսաբանող լրագրողների վրա գրոհող քաղաքացիական հագուստով անձինք: Սարի թաղում այդ օրն աշխատած լրագրողներից շատերի կարծիքով, այդ անձանց առաջնային նպատակը լրագրողների աշխատանքը խոչընդոտելն էր: Հատուկ միջոցների կիրառումից և քաղաքացիական հագուստով անձանց ծեծուջարդից տուժել է 10-ից ավելի լրագրող, վնասվել կամ առևանգվել է նրանց պատկանող տեխնիկան: Անկասկած, հուլիսի 29-ը՝ անկախ Հայաստանի ազատ մամուլի ամենասև օրերից մեկն էր:

«Ճամփորդը» զրուցել է Սարի թաղում բռնության ենթարկված լրագրող գործընկերների հետ:« jam-news.net»-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանի համար սա առաջին դեպքը չէ, երբ խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը: Անցած տարվա ամռանը «ElectricYerevan»-ի ցույցերի ամենաթեժ օրը, երբ ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ մարդկանց հեռացրեց Բաղրամյան փողոցից, Գևորգ՝ իբրև  ազատ ֆոտոլրագրող աշխատել է այնտեղ: Այդ օրը ոստիկաները վերցրելեն նրա լուսանկարչական խցիկը և վերադարձրել միայն մի քանի օր անց, երբ իր լուսանկարներն արդեն չէին կարող համարվել թարմ: Գևորգի հավաստմամբ՝ մեկ տարվա ընթացքում ոչ մի մի բան չի բացահայտվել: Սարի թաղում ևս Գևորգը կորցրել է տեխնիկան և վնասվածքներ ստացել: «Չգիտեմ՝ միտումնավոր էր, թե ոչ, բայց Սարի թաղում առաջին լուսաձայնային նռանկը պայթեց հենց իմ ոտքերի մոտ: Ականջներս խլացան, ոտքս վնասվեց: Ոստիկանական հատուկ միջոցների կիրառման պատճառով սկսեց այրվել տներից մեկը: Մի ողջ ընտանիք, որ ընդհանրապես ցույցին չէր մասնակցում, դուրս եկավ տանից և սկսեց բողոքել և հայհոյել ոստիկաններին: Այդ ժամանակ ոստիկանական շարքերից քաղաքացիական հագուստով մարդկանց խումբ դուրս եկավ, որոնք հարձակվեցին այդ մարդկանց վրա: Ես բնականաբար սկսեցի լուսանկարել ու տեսանկարահանել: Դա տեսնելով, վերջիններս հարձակվեցին ինձ վրա, կոտրեցին խցիկներից մեկը, մյուսն էլ խլեցին: Այդ ողջ ընթացքում ես լրագրողական վկայականով էի և բացահայտ էր, որ մամուլի ներկայացուցիչ եմ: Փորձեցի հետ վերցնել խցիկս, սպառնացին: Այդ պահին ես միակ լրագրողն էի տարածքում և հեշտ թիրախ էի նրանց համար: Այս բռնություններից հետո ես առաջիններից էի, որ բողոք ներկայացրեցի ոստիկանություն: Արդեն դատաբժշկական փորձաքննության եմ ենթարկվել: Առայժմ որևէ առաջխաղացում չկա, տեխնիկաս էլ չեն վերադարձրել կամ փոխհատուցել: Կարող եմ վստահաբար ասել, որ քաղաքացիական հագուստով մարդկանց գործողությունները համակարգված էին: Ինչ խոսք՝ միակ դրական պահը այս պատմության մեջ՝ ձեռք բերված փորձն է, որը շատ թանկ արժեցավ ինձ համար»:

«News.am» լրատվական կայքի ֆոտոլրագրող, օպերատոր Խորեն Գրիգորյանի տեխնիկան նույնպես վնասվել է քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից: Նա նշում է, որ նախկինում գրեթե չի հանդիպել իր աշխատանքը խոչընդոտող դեպքերի. «Ոստիկանների շարքի մոտ լուսանկարում և տեսաձայնագրում էի: Հատուկ միջոցների կիրառումից հետո զգացի, որ թիկունքից մեկը դաստակս բռնել է, հաջորդ ակնթարթին քաղաքացիական հագուստով մի տղամարդ հարձակվեց տեսախցիկների վրա և կոտրեց: Ուսապարկիցս քաշեցին, բայց կարողացա ազատվել նրանցից և հեռանալ: Այս ամենը մոտ 10-15 վայրկյան է տևել, և ողջ ընթացքում լրագրողական բեյջը(անձը հաստատող վկայականը- խմբ.) առկա է եղել»:

Սարի թաղում տուժել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից միանգամից երեքը՝  օպերատոր Գարիկ Հարությունյանը,  լրագրող Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը: Վերջինս անհավանական պայմաններում ուղիղ եթերով հաղորդում էր՝ փորձելով լուսաբանել Սարի Թաղում ստեղծված լարված իրավիճակը: Ուղիղ եթերում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմը տեխնիկան կորցնելուց հետո արդեն հեռախոսվ էր հաղորդում: Հովհաննեսը շնչակտուր պատմում էր՝ միաժամանակ փախչելով քաղաքացիական հագուստով մարդկանց հետապնդումից: « Սարի թաղում հիմնականում քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվեցին լրագրողների վրա: Կենտրոնացել էին հատկապես  լրագրողների վրա, նրանք կոտրեցին նաև մեր տեխնիկան: Միայն մեկ հարց տվեցին. «Էդ նկարո՞ւմ ես», ու 4 հոգով հարձակվեցին: Ասացի, որ չեմ տեսանկարահանում՝ հույս ունենալով փրկել տեխնիկան, բայց ապարդյուն: Հիմնականում հարվածներ էին հասցնում մեր գլխին ու ձեռքերին: Կոտրեցին  նաև լրագրողական հավաստագիրը՝ «բեյջը»: Ոչ միայն լրագրողներին, այլև քաղաքացիներին էին այդպես հարվածում: Ձեռքերով պաշտպանում էի գլուխս, բայց անընդհատ հարվածում էին: Ի վերջո պայթուն եղավ, նրանք շեղվեցին և ես հասցրեցի այդ տարածքից փախչել»:

Ընդհանուր առմամբ հուլիսի 29-ին, Սարի թաղում տուժել են հետևյալ լրագրողները՝ Մարիամ Գրիգորյանը, Դավիթ Հարությունյանը (երկուսն էլ՝ «1in.am»-ից), Խորեն Գրիգորյանը («news.am»-ից), Հովհաննես Մովսիսյանը, Կառլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը ( երեքն էլ՝ «Ազատություն» ռադիոկայանից), Աղվան Ասոյանը, Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Հովիկ Գրիգորյանը («panorama.am»), Տիգրան Գասպարյանը(«LifeNews»-ից), Տիգրան Բադալյանը, Ռոբերտ Անանյանը (երկուսն էլ՝ «Ա1+»-ից),  Մարութ Վանյանը «(lragir.am»-ից): Վերջիններս այրվածքներով, սալջարդերով բուժում են ստանում հիվանդանոցում: Առողջական խնդիրներ ունեցող մեր գործընկերներին շուտափույտ ապաքինում և առողջություն ենք ցանկանում:

Հ.Գ.՝  օրենքի հղմամբ:  Հայաստանի Հանրապետության օրենքը զանգվածային լրատվության մասին

Հոդված 4.  Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները

1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման: Հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Արգելվում է` 1) գրաքննությունը.2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ. 3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

 

Գրի առավ՝ Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register