ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈւՏԲՈԼԻ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

footbal

Հայկական ակումբային ֆուտբոլում մասնագետներն այնքան քիչ են, որ որոշ մարզիչներ հասցնում են գրեթե ամեն տեղ «լինել»: Բոլորն իրար գիտեն ու յուրաքանչյուր շրջափուլ անցնում է գրեթե կանխատեսելի սցենարով: Բացի մարզային ակումբներից՝ «Շիրակից» և «Գանձասարից», մրցաշրջանի ընթացքում մնացած թիմերը կարծես իրենց գլխավոր մարզիչներին փոխելու կենսական  անհրաժեշտության առջև են կանգնում: Ընդ որում, մասնագետները հեռանում են, ապա մի քանի ամսից վերադառնում, տեղափոխվում երկրորդ թիմ, երիտասարդական կամ պատանեկան հավաքական, հետո նորից հետ վերադառնում: Ու այս «մեխանիզմը» շարունակվում է տարիներ շարունակ: Հավաքականի խաղերին ստադիոն գնացող ու «աչքի պոչով» Հայաստանի առաջնությանը հետևող երկրպագուներն արդեն սովորել են այս «ընթացքին»: Կարելի է վստահորեն պնդել, որ հայկական  ակումբները զարգացման ծրագիր չունեն: Այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեին պատանի ֆուտբոլիստների կատարելագործմանն ու նոր Մխիթարյանների ի հայտ գալուն:  Անցած շաբաթ գավաթային «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս և ավարտում իր գործունեությունը Հայաստանի գործող չեմպիոնի կազմում: Առնվազն զարմանալի իրավիճակ: Լինելով Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը, Խաշմանյանը վերջին տարիներին երկու ամուր թիմ է պատրաստել, որոնք ստիպված թողնում է կամ պաշտոնանկության, կամ դրսևորած սկզբունքայնության պատճառով:

Նախ «Արարատին» 2 տարի առաջ դեպի չեմպիոնություն տանող ճանապարհի վերջում, ամենաթեժ պահին Խաշմանյանին հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից  և  թիմը հայտնվեց  4-րդ հորիզոնականում: Նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» ոսկե մեդալներ նվաճեց , Չեմպիոնների լիգայում էլ կարողացավ մեկ փուլ հաղթահարել: Խաշմանյանի գլխավորած թիմն աչքի ընկավ վստահ և անզիջում խաղով: Երկրպագուներից շատերը հենց նրան են տեսնում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում, սակայն մինչ այժմ նա այդպիսի հրավեր չի ստացել:Հրաժարականի մանրամասները հայտնի դարձան հաջորդ օրը:

Պարզվում է, որ «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը «Ալաշկերտի» պարտությունից հետո թիմից հեռացրել է մի քանի ֆուտբոլիստի, իսկ Խաշմանյանին էլ հանդերձարանում ասել է, որ նրա փոխարեն հաջորդ խաղում թիմին կմարզի  մեկ այլ մասնագետ, ինչից հետո միայն Խաշմանյանը կարող է  հետ վերադառնալ:

Խաշմանյանի դիտարկմամբ՝  իրեն հարգող որևէ մասնագետ չէր համաձայնվի նման պայմանով մնալ թիմում: Խաշմանյանի հետ թիմից հեռացել է նաև մարզչական շտաբը ( դա աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված կարգ է): Գլխավոր մարզիչը,ինչպես ընդունված է ասել, «այսբերգի»  ամենատեսանելի մասն է , մինչդեռ թիմի խաղի կազմակերպման հսկայական  աշխատանքը կատարվում է մարզչական շտաբի կողմից: Բագրատ Նավոյանը «Արմենիա TV»-ի հետ զրույցում Խաշմանյանին և կոլեգաներին անվանել է «խոպանի բրիգադ» և նշել, որ նրանք պրոֆեսիոնալի նման չեն վարվել:

Դժվար է ասել, թե մահամերձի  դերում հայտնված հայկական ակումբային ֆուտբոլը այսպիսի  մենեջմենթի պայմաններում քանի մրցաշրջան դեռ կդիմանա:

Նշենք միայն, որ Հայաստանի առաջնության 10-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 19 միավորով երկրորդ տեղում է և ընդամենը 2 միավորով է զիջում առաջատար «Շիրակին»:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register