ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ «ԼՈՒՅՍՆ» ՈՒ  «ՍՏՎԵՐԸ»

5

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի երրորդ  հանրապետությունն առաջին անգամ հարկային օրենսգիրք կունենա: Եթե մինչ այս մեր երկրում հարկային համակարգը կանոնակարգվում էր առավելապես առանձին օրենքներով, ապա ի դեմս հարկային նոր օրենսգրքի նախագծի մենք կունենանք առավել ընդգրկուն, ամփոփ փաստաթուղթ:Ազգային ժողովի առաջին ընթերցմանը ներկայացված հարկային նոր օրենսգրքի նախագիծը տնտեսվարող սուբյեկտների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից միանշանակ չընդունվեց : Ոլորտի փորձագետները բազմիցս բարձրաձայնեցին կարևոր խնդրի մասին՝ օրենսգիրքը մեծ հարված է հասցնելու ՓՄՁ-ներին  և հանրության միջին խավին, որոնք տնտեսության ձևավորման և կայացման գործում էական նշանակություն ունեն: Առաջին ընթերցումից հետո նախագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին, որոշ հարցեր, այդուհանդերձ,մնացին անփոփոխ: Ի՞նչ հիմնական փոփոխություններ է ենթադրում հարկային նոր օրենսգիրքը, ի՞նչ հետևանքներ այն կունենա մեր տնտեսության վրա և ո՞րն է տնտեսության զարգացման Հայաստանի տեսլականը. այս և այլ հարցերի շուրջ «Ճամփորդը» զրուցել է ԵՊՀ կառավարման և գործարարույթան ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի և ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ:

img_7461

Հարկային նոր օրենսգրքի հիմնական փոփոխությունները

Հիմնական փոփոխությունները վերաբերում են եկամտային հարկի դրույքաչափերին և շրջանառության հարկի շեմին, որոնք, առաջին ընթերցմանը ներկայացված տարբերակի համեմատ, որոշակիորեն մեղմացվել են:

 – Եթե նախորդ տարբերակով մինչև 120.000 դրամ ամսական եկամտի դեպքում էր նախատեսվում վճարել 23 % եկամտային հարկ, հիմա շեմը բարձրացվել է՝ հասցնելով 150.000 դրամի: Երկրորդ միջակայքը՝ 150.000 -2 մլն դրամ եկամուտ ստացող անձինք, պետք է վճարեն 28 % հարկ: Ստացվում է, որ մինչև 280.000 դրամ ամսական անվանական եկամուտ ունեցող անձինք չեն տուժելու, տուժելու են 280.000 դրամ և ավել ստացողները,- ասում է Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմին, այն ևս փոփոխությունների է ենթարկվել՝ 40 մլն դրամից հասցվելով 58 մլն  350.000 դրամի:

– Առաջին ընթերցման ժամանակ ներկայացվել էր 40 մլն տարեկան շեմը: Դա նշանակում էր, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցելու էր 40 մլն-ը, նրանք ընկնելու էին ավելացված արժեքի հարկի դաշտ: Սա չափազանց ցածր շեմ է: Երկրորդ ընթերցմամբ շեմը փոխվեց  և վերադարձանք նախկին շեմին՝ 58 մլն 350.000 դրամ: Երրորդ ընթերցմանն արդեն ներկայացվելու է 60 մլն-ի շեմը, այսինքն՝ 60 մլն-ը գերազանցելու դեպքում  ես դու անցնում ավելացված արժեքի հարկի դաշտ և 5 % շրջանառության հարկի փոխարեն մուծում 20%,- նկատում է Ռուբեն Հայրապետյանը:

Ինչի՞ կհանգեցնեն հարկային դրույքաչափերի փոփոխությունները

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի մասնագիտական կանխատեսումները հուշում են՝ հարկային նոր օրենսգիրքը հարվածելու է առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկարտերերին և ֆիզիկական անձանց: Մեծ է հավանականությունը, որ հարկային բեռի ավելացմանը զուգահեռ կմեծանա նաև ստվերային տնտեսության ռիսկը:

– ԱԱՀ-ի շեմի իջեցման արդյունքում, փոքր և միջին բիզնեսը, չկարողանալով հարկային այդ բեռն իր ուսերին կրել, ստիպված է լինելու մի մասը  ևս թաքցնել: Հետևաբար, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դա թույլ չտա. մի կողմից՝ կարող է ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները, ինչը ծախսատար է, մյուս կողմից՝ ինչ քայլեր էլ նախաձեռնի, դրանք խոչընդոտելու են բիզնեսի բնականոն զարգացմանը: Հետևաբար, ՓՄՁ-ն կամ պետք է դիմի ստվերային գործունեության կամ դադարեցնի գործունեությունը,- նշում է տնտեսագետը:

karlen

Ո՞ւմ էին պետք հարկային օրենսգրքի փոփոխությունները

Հարկային նոր օրենսգրքի նախագծի  ներկայացումից անմիջապես հետո փորձագիտական շրջանակներում ակտիվորեն սկսեց շրջանառվել այն կարծիքը, որ փոփոխությունները միտված են ոչ թե երկրի տնտեսության կայացմանն ու զարգացմանը, այլ պետբյուջե մուտքերի ապահովմանը: Կարծիքը հիմնավորվեց հատկապես 2016թ.-ի պետբյուջեի դեֆիցիտի և 2017թ.-ին կանխատեսվող պետական արտաքին պարտքի ֆոնին:

– Ցանկացած հարկ 4 հիմնական գործառույթ է իրականացնում՝ ֆիսկալ, կարգավորիչ, խթանող  և սոցիալական: Ֆիսկալ գործառույթը հենց բյուջեի եկամուտներին է վերաբերում: Այս փոփոխություններն, ըստ էության, ուղղված են միայն առաջին գործառույթի ապահովմանը, որքան էլ փորձեն հակառակը ներկայացնել: 2016թ.-ի բյուջեի դեֆիցիտ՝ շուրջ 190 մլրդ ՀՀ դրամ, 2017թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված 150 մլրդ պակասորդ, ընդ որում՝ այդ պակասորդի 80 մլրդը նախատեսվում է ֆինանսավորել արտաքին պարտքի ավելացման միջոցով: 2016թ.-ի վերջին

մենք ունենալու ենք 5.8 մլրդ ԱՄՆ դոլարի պետական պարտք, 2017թ.-ի վերջին այդ պարտքը գերազանցելու է 6.2 մլրդ դոլարը: Այս ամենը ֆինանսավորելու համար որպես ճարահատյալ քայլ դիմել են հարկային օրենսգրքի փոփոխություններին,- ասում է Ռուբեն Հայրապետյանը:Մինչդեռ վիճակագրական տվյալները փաստում են՝ փոքր և միջին բիզնեսը Հայաստանում ապահովում են պետբյուջեի մուտքերի մոտ 20 տոկոսը միայն, մնացած 80 տոկոսն ապահովում են 1000 խոշոր հարկատուները: Հետևաբար, ակնկալիքները, թե ՓՄՁ-ները լրացնելու են բյուջեի դեֆիցիտը, այնքան էլ տրամաբանական չեն: Պետք է հասնել նրան, որ միջին բիզնեսն իր տեսակարար կշռով խոշորանա. այդ դեպքում միայն կարելի է սպասել, որ նրա վճարած հարկերը ևս շոշափելի կլինեն՝  կարծում է Կառլեն Խաչատրյանը:

– Բյուջե լրացնելու առավել խելամիտ ճանապարհը հարկային վարչարարության  և հարկային դրույքաչափերի նվազման միջոցով ստվերը կրճատելն է, քան դրույքաչափերը բարձրացնելով ակնկալելը՝  թե մուտքերը կավելանան, – ասում է նա :

Կարճաժամկետ խնդիրների լուծո՞ւմ, թե՞ տնտեսության զարգացման երկարաժամկետ տեսլական

Բյուջեի դեֆիցիտի և արտաքին պարտքի խնդիրների լուծման ճանապարհին քանի՞ փոքր և միջին ձեռնարկություն կփակվի, սոցիալական խնդիրների սրացման հետևանքով քանի ՀՀ քաղաքացի կարտագաղթի և  2 տարի անց ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության վիճակը, դեռևս մեծ հարցականի տակ է: Հաստատ է մի բան՝ կարճաժամկետ խնդիրների լուծման փոխարեն անհրաժեշտ է տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրի և վերջնական նպատակակետի սահմանում, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ճիշտ «ախտորոշել» ներկա իրավիճակը, այլև զարգացման բազմամյա տեսլականի արդյունքում՝ գնահատել ռիսկերն ու խուսափել ցնցումներից:

-Տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են կտրուկ, շրջադարձային լուծումներ: Եթե մենք մտածում ենք միայն վաղվա մասին՝ չմտահոգվելով, թե 3, 4, 5 օր անց մեզ հետ ինչ է լինելու, որևէ դրական տեղաշարժ ակնկալել չենք կարող: 25 տարիների ընթացքում մենք փորձել ենք ծագած  խնդիրներին րոպեական լուծումներ տալ՝ առանց մտածելու երկարաժամկետ հետևանքների մասին: Այս պահին կառավարությունը պետք է ավելի շատ նման խնդիրներին ուշադրություն դարձնի և հարկային օրենսգրքով այնպիսի շեմեր, դրույքաչափեր նախատեսի, որոնք ոչ թե այս կամ հաջորդ տարվա բյուջեի խնդիրը կլուծեն, այլ 3-4 տարի հետո տնտեսության զարգացման արդյունքում կկարողանանք ավելի շահեկան թե՛ տնտեսություն, թե՛ բյուջե ունենալ,- ասում է Կառլեն Խաչատրյանը:

Ռուբեն Հայրապետյանը ևս լավատես է, նրա ակնկալիքներն առավելապես նոր ձևավորված կառավարության հետ են կապված:

– Նոր կառավարության սկզբնական քայլերի մեջ արդեն դրսևորվում են խաղի կանոնների փոփոխություն, որոնց մեջ ես ուզում եմ առանձնացնելառաջին անգամ նկատելի երկարաժամկետ ծրագրերի նշույլը,- ասում է նա:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register