ՖԵՅՍԲՈւՔ «ՄԱՄՈւՇԻԿՆԵՐ»

mamushik

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է նկատել, որ հատկապես բազմազբաղ մայրիկներն իրենց անձնական էջերում «կիսվում» են իրենց երեխաների լուսանկարներով, զավեշտալի պատմություններով, դպրոցում կամ մանկապարտեզում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերով: Մայրիկների այս սովորությունը երբեմն այնքան անկառավարելի է դառնում, որ նրանց անձնական էջերը վերածվում են իրենց երեխաների մասին պատմող պատկերագրքի: Իսկ երբևէ երեխաներին հարցրե՞լ եք՝ իրենք ուզում են, որ դպրոցում ամեն կատարված և չկատարված բան դառնա հանրային քննարկման առարկա, հարցրե՞լ եք՝ ինչպես է նա իրեն զգում, երբ դաս անելիս, հաց ուտելիս, խաղալիս, դպրոց գնալիս, կամ պարզապես նստած ժամանակ դուք հայտվում, լուսանկարում եք նրան և հանձնում «Ֆեյսբուքի» ու  «Ինստագրամի» ձեր հազարավոր հետևորդների դատին: Ո՞չ: Իսկ մենք հարցրել ենք: Պարզվում է՝  «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» աստղ լինելն այնքան էլ երեխաների սրտով չէ:

Մերի, 8 տարեկան – Մաման ինձ շատ է նկարում: Որ գնում ենք այգի, ասում է՝ մի հատ էս ծառի մոտ կանգնի նկարեմ, մի հատ նկարում եմ ու վերջ: Հետո ասում է՝ լավ չստացվեց, մի հատ էլ նկարեմ, մի հատ էլ՝ էս կողմից, մի հատ էլ՝ ժպտա, չէ՜, շատ ժպտա, լավ չես ժպտում… Ես չեմ սիրում, որ մաման այդքան նկարում է, որովհետև երբ մենք միասին տեղ ենք գնում, ժամանակի մեծ մասն  անցնում է նկարվելու վրա: Դեռ տուն չհասած՝ մաման «Ֆեյսբուք» է գցում իմ նկարները, որովհետեւ երբ մենք տուն ենք գնում, մեր հարևանները հարցնում են՝ այգում լա՞վ անցավ:

Աշոտ, 10 տարեկան – Մամայի հեռախոսը շատ լավն է, ինքը միշտ հեռախոսով ինչ-որ բան է անում՝ երգ է լսում, ֆոտո է անում, կամ սիրունացնում ֆոտոները… Մաման ինձ շատ է սիրում նկարել՝ հեծանիվ քշելիս, դաս անելիս, ծովում… Որ իմ նկարները գցում էր «Ֆեյսբուք», մեր բարեկամները տեսնում էին, ասում՝ էս ինչքան ես մեծացել, ինչքան լավ նկարներ ունես… Սկզբում  ուրախանում էի, հետո որ սկսեցին անծանոթներն էլ նայել ու մամային իմ մասին շատ հարցեր տալ, դուրս չեկավ… Իմ դպրոցի ընկերները տեսել էին էդ նկարները, ինձ մի անգամ ասին՝ էդ ի՞նչ թիթիզ նկարներ ես գցել «Ֆեյսբուք», դու հո աղջիկ չե՞ս: Շատ ջղայնացա դրանից, մամային ասի, որ էլ իմ նկարները ոչ մի տեղ չգցի: Ես ֆուտբոլ եմ շատ սիրում: Հիմա ես իմ «Ինստագրամն» ունեմ, իմ պարապմունքների նկարներն էնտեղ եմ գցում, կամ էլ իմ սիրած ֆուտբոլիստների նկարներով եմ կիսվում:

Աննա, 11 տարեկան – Լինում է, որ իմ ընկերուհիներն ինձ ինչ-որ բանի մասին են հարցնում, որոնց մասին ես իրենց չեմ պատմել: Ասենք՝ ուր էինք գնացել արձակուրդներին, կամ տատիկն ինձ ինչ է նվիրել ծնունդիս… Որ հարցնում են, հասկանում եմ, որ մաման իմ նկարներից է գցել ու իմ մասին ինչ-որ բաներ գրել… Լինում է, որ մաման չափազանցնում է ամեն ինչ. մի անգամ անտառ էինք գնացել, ես ու քույրս մի քիչ առաջ էինք անցել, քայլում էինք, բայց երբ նրանք կանչեցին, մենք արագ հետ գնացինք իրենց մոտ… Իսկ մաման մեր նկարը գցել էր «Ֆեյսբուք» ու գրել, թե իբր մենք կորել ենք ու 3 ժամ մեզ չեն գտել… Դրանից հետո ես մամային ու բոլորին արգելեցի ինձ նկարել ու իմ մասին փոսթեր գրել, որովհետև ես չեմ ուզում, որ իմ հետ կատարված ամեն ինչ բոլորն իմանան, կամ քննարկեն թե ես որտեղ եմ կորել կամ ինչի եմ կորել…

Հ.Գ. Զրույցին մասնակցած փոքրիկներն առաջարկեցին «Ճամփորդում» նոր`«Ինչ չէի անի, եթե ես ծնող լինեի» խորագրով բաժին բացել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register