ԱՍՏՂԱԲՈՒԾԱՐԱՆԸ

ayaqs

Ամստերդամի «Այաքսը» պարզապես ակումբ չէ, այն ֆուտբոլային «գործարան» է: Տասնամյակներ շարունակ հոլանդական ֆուտբոլի դրոշակակիրը հաջողությամբ աճեցնում է տաղանդավոր խաղացողներ և աշխարհին տալիս հեղափոխական մարզիչներ՝ Ռինուս Միխելս, Լուի վան Գալ, Յոհան Կրույֆ:

Այաքսը» եվրոպական ֆուտբոլում գերիշխել է 1970-ականներին, երբ երեք տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների գավաթը: Հոլանդական ակումբը Եվրոպայում վերջին անգամ փայլատակել է 1995 թվականին, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 19-ամյա Պատրիկ Կլյուվերտը հաղթական գոլ խփեց պատմական «Միլանի» դարպասը: Հենց այդ մրցաշրջանի «Այաքսն» էր մեկտեղել հետագայում անվանի անվանի ֆուտբոլիստներ դարձած երիտասարդների:

Աշխարհում հայտնի ֆուտբոլային դարբնոցը հետևողական ու մանրազնին աշխատանք է կատարում նաև Հոլանդիայի սահմաններից դուրս՝ գտնելով երիտասարդ, տաղանդավոր խաղացողների, որոնց համար «կռիվը» ակումբների միջև սկսվում է դեռ պատանեկան տարիքից: «Այաքսը» կարող էր այժմ էլ պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, սակայն ֆինանսական առումով արդեն զգալիորեն զիջում է եվրոպական խոշոր ակումբներին, ինչի պատճառով էլ հարկադրված բաժանվում է իր  լավագույն խաղացողներից: Բրիտանական «Squawka» հանդեսը կազմել է խորհրդանշական հավաքական «Այաքսի» նախկին առաջատարներից, որոնք այժմ էլ հանդես են գալիս տարբեր ակումբներում:  Ահա թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ «Այաքսը», եթե չվաճառեր իր աստղերին.

Դարպասապահ՝ Յասպեր Սիլեսեն – Հոլանդիայի հավաքականի առաջին համարն անցած ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»: Սիլեսենը աչքի է ընկնում ճարպկությամբ և ճշգրիտ փոխանցումներով:

Աջ եզրային պաշտպան՝ Գրեգորի վան դեր Վիլ – 29-ամյա պաշտպանը 2012 թվականին լքեց Ամստերդամը, որպեսզի միանա ՊՍԺ-ին: Նրա կարիերան Փարիզում չհաջողվեց, այժմ նա հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչեում»:

Ձախ եզրային պաշտպան՝ Մաքսվել –  «Ինտերում» և «Բարսելոնայում» հանդես գալուց հետո 35-ամյա բրազիլացի խաղացողը տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ հավանաբար կարիերայի վերջին մրցաշրջանն է անցկացնում:

Կենտրոնական պաշտպան՝ Յան Վերտոնգեն – «Տոտենհեմի» պաշտպանության հենասյունն աչքի է ընկնում ֆիզիկական ամրությամբ, ունի գնդակի հետ վարվելու տեխնիկա  և անհաղթ է «երկրորդ հարկում»:

Կենտրոնական պաշտպան՝ Թոմաս Վերմալեն – Բելգիայի հավաքականի պաշտպանի համար վերջին տարիները անհաջող են ընթանում: «Արսենալի» նախկին ավագը թիմից հեռանալուց հետո տխուր վիճակագրություն ունի: «Բարսելոնայի» կազմում նա սակավ քանակի խաղերի է մասնակցել, իսկ այս մրցաշրջանում «տաքացնում» է «Ռոմայի» պահեստայինների նստարանը:

Հենակետային կիսապաշտպան՝ Նայջել դե Յոնգ – Ժամանակակից ֆուտբոլի ամենաագրեսիվ խաղացողներից մեկը 4 տարի «Այաքսում» անցկացնելուց հետո տեղափոխվել է «Համբուրգ», այնուհետև «Մանչեսթեր Սիթի», 4 տարի անցկացրել է «Միլանում», իսկ այժմ խաղում է թուրքական «Գալաթասարայում»:

Կենտրոնական կիսապաշտպան՝ Ռաֆայել վան դեր Վարտ –  Վան դեր Վարտը գնդակի հետ «զրուցելու» հիասքանչ հմտություններ ունի: Նրա կարիերան կարող էր շատ ավելի հաջող անցնել, եթե նա պարբերաբար քաշի հետ խնդիր չունենար: Այժմ նա հանդես է գալիս «Միտյուլանդ» ակումբում:

Կենտրոնական կիսապաշտպան՝ Ուեսլի Սնեյդեր – Հավանաբար վերջին տասնամյակում Հոլանդիայի լավագույն խաղացողը:  Խաղադաշտն ափի մեջ տեսնող ֆուտբոլիստը ոսկերչական ճշգրտության փոխանցումներ է կատարում, հրաշալի խաղում է երկու ոտքով: Այժմ 32-ամյա Սնեյդերը հանդես է գալիս «Գալաթասարայում»:

Ձախ եզրային հարձակվող՝ Քրիստիան Էրիկսեն – «Տոտենհեմի» և Անգլիայի առաջնության ամենաստեղծագործ խաղացողներից մեկի համար ժամանակին մեծ «որս» էին սկսել եվրոպական գրանդները, երբ դանիացին դեռ փայլում էր «Այաքսում»: Էրիկսենը հիանալի է իրացնում տուգանայինները և վճռորոշ պահերին գտնում է խաղընկերներին:

Աջ եզրային հարձակվող՝ Լուիս Սուարես – Վերջին տարիների ընթացքում Հոլանդիայի առաջնությունը լքած ամենանշանավոր խաղացողը: Սուարեսը «Այաքսում» խաղացել է 2007-2011 թվականներին՝ 110 խաղում դառնալով  81 գոլի հեղինակ: «Լիվերպուլում» և այժմ էլ՝ «Բարսելոնայում» նա դարձավ ժամանակակից ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը:

Հարձակվող՝ Զլատան Իբրահիմովիչ – «Այաքսի» երկրպագուները սիրեցին շվեդ հսկային իր անկանխատեսելիության, վճռականության, ուղիղ խոսքի և իհարկե՝ գոլերի համար: Զլատանը «Այաքսում» խաղացել է 2001-2004 թվականներին, 74 խաղում դառնալով 35 գոլի հեղինակ: 2004 թվականին Իբրակադաբրան տեղափոխվեց «Յուվենտուս»: Զլատանը դարձավ ամենայուրօրինակ հարձակվողներից մեկը՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ՝ «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի» «9»-րդ  համարը՝  Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է:

Հ.Գ.- Հրաշալի կլիներ, որ այս ցանկում հայտնվեին նաև Էդգար Մանուչարյանը և Արազ Օզբիլիսը, սակայն նրանք «Այաքսից» հեռանալուց հետո նշանակալի աճ չգրանցեցին: Մանուչարյանը 2005 թվականին 18 տարեկանում «Փյունիկից» հայտնվեց «Այաքսում», սակայն մինչև 2010 թվականն այդպես էլ չկարողացավ ամպրապնդվել թիմում: Օրերս հայտնի դարձավ, որ Մանուչարյանը լքել է թայլանդական «Ռատչաբուրի» ակումբը: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու Հայաստանի ֆուտբոլի երբեմնի հույսը: Օզբիլիսը վաղ տարիքից ընտանիքով Թուրքիայից տեղափոխվել է Հոլանդիա: 1998 թվականին 8-ամյա Օզբիլիսը հայտնվել է «Այաքսի» մարզադպրոցում: Նա մինչ 2012 թվականը հանդես է եկել ամստերդամյան ակումբում, սակայն առանց նշանակալի հաջողության: Ռուսաստանում 4 տարի անցկացնելուց հետո նա այժմ անորոշ իրավիճակում է: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիկթաշ» ակումբին, որը կարծես Օզբիլիսի հետ առանձնակի հույս չի կապում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register