ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԴԻՄԱՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾԸ

danakaharutyun

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անցած շաբաթվա` մահվան ելքով  ավտովթարը չմարսած, օրեր առաջ կրկին ցնցվեցինք: Եվ եթե առաջինը դժբախտ պատահար էր, ապա երկրորդը… Հոկտեմբերի 19-ի երեկոյան դանակահարվեց Սևան քաղաքի բնակիչ  22-ամյա Լևոն Սահակյանը, մահացավ հոկտեմբերի 21-ին:

Դանակահարության պատճառը կենցաղային էր. Լևոնն ընդամենը գնացել էր «Պատանի լրագրողների դպրոց»՝ ճշտելու, թե ինչու է դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն ուշացնում իր նշանածի աշխատավարձը: Տնօրենը հերսոտել էր, թե պարտքեր ունի, և, հավանաբար լեզվակռվի ընթացքում  դանակահարել երիտասարդին՝ վնասելով  նրա թոքն ու սիրտը:  Լևոնը դանակահարված վիճակում անձամբ էր նստել իր մեքենայի ղեկին ու հասել հիվանդանոց, որտեղ էլ անմիջապես վիրահատվել էր: Հոկտեմբերի 21-ի առավոտյան, երբ տղայի նշանածի հետ էի զրուցում, տպավորություն էր, թե դրական դինամիկա կա. Լևոնի սիրտն արդեն ինքնուրույն կծկումներ էր կատարում, և չնայած նրան, որ լրատվականներում տղայի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, իրականությունն այդքան էլ սարսափազդու չէր թվում, դանդաղ, բայց հաստատուն գնում էր դեպի լավը: Սակայն ժամեր անց, 21:30-ի սահմաններում, Լևոնի սիրտը կանգ առավ:

Լևոնը կիրթ  երիտասարդ էր, ապագա բժիշկ՝ բժիշկների ու ուսուցիչների ընտանիքից: Վահան Ղազարյանը հենց դանակահարության օրն էլ բերման ենթարկվեց, որտեղ էլ ինքնախոստովանական ցուցմունք տվեց ու ընդունեց իր մեղքը: Հիմա նախաքննություն է իրականացվում: Իրականության սարսափելի կողմը ցույց տալու համար նշեմ, որ տղային թաղեցին սիրելիի ծննդյան օրը…Եվ ցավոք, սա հորինված մի պատմություն չէ: Կյանքն է, ինչպիսին որ կա:

Իսկ ինչո՞ւ է կյանքը այսպիսին, ինչո՞ւ է այն նմանվում անորակ մի հեռուստասերիալի վատ գրված սցենարի, ինչո՞ւ են կիրթ ու  զարգացած մարդիկ քաղաքակիրթ երկրում դեռևս դանակներով հարցեր լուծում: Պատճառը պարզ ու կոնկրետ է՝  անպատժելիությունից ու անհավատությունից:

Եկեք  մի պահ մեզ Ամերիկա կամ Շվեյցարիա զգանք: Աշխատել ենք, մեր փոքրիկ, բայց կյանքի տվյալ հատվածում շատ անհրաժեշտ աշխատավարձը ուշացնում են: Տնօրենն ամեն օր այսօր-վաղն է անում, տարբեր պատճառաբանություններ հորինում: Ամերիկացին ու շվեյցարացին առանց ավելորդ մանրամասնությունների ետևից ընկնելու  ուղղակի կդիմեն դատարան: Եվ սա լավագույն տարբերակը կլինի: Աշխատանքային օրենսգիրքը նմանօրինակ երկրներում իր քաղաքացու ձեռքն ամուր է բռնում, սատարում ու օգնում է: Իսկ մեր Աշխատանքային  ու Քաղաքացիական օրենսգրքերի վրա արդեն անհաշվելի շերտերով փոշի է նստել, մենք փորձում ենք նրանց չդիմել, որովհետև, մեր մեջ ասած, դրանց դիմելն անիմաստ է: Իհարկե, այնտեղ ևս փայլուն են շարադրված աշխատող մարդուն պաշտպանող ու գործատուին պարտավորեցնող տողերը: Սակայն,ամենևին էլ ոչ անհիմն, մենք սովոր չենք մեր իրավունքները պաշտպանել դատարանում.սա գրեթե համատարած է:Սա խնդրի մյուս կողմն է, իսկ ամենացավոտ ու իրական կողմում փաստն է, որ մտավորական կոչվող մարդը կարող է մահացու հաշվեհարդար տեսնել իրեն պահանջով դիմող երիտասարդին: Դանակը նրա համար խոհանոցային կիրառությունից բացի այլ նշանակություն էլ ուներ…

Ինչ խոսք, մեր տղամարդիկ  առանձնանում են իրենց պատվախնդրությամբ ու որոշ չափով էլ տաքարյունությամբ, բայց սա արդարացում չէ: Նա նաև հանգիստ էր ներքուստ, որ կարող է վախեցնել և սպրդել: Տեսակի տրամաբանությամբ երիտասարդ աղջիկը հաստատ մարդասպանի միակ ՝ աշխատավարձից զրկված աշխատողը չէր:

Նույն՝ դանակահարված տղան չի դիմել դատարան, և համոզված եմ, նրա մտքով դատարանը չի անցել ոչ թե այն պատճառով, որ քաղաքացիական գիտակցություն չունի, այլ որովհետև հավատ չունի դատական համակարգի նկատմամբ: Իսկ ո՞վ ունի: Ես էլ, եթե աշխատանքային խնդիր ունենամ, կփորձեմ հարցերս ինքս պարզել՝ առանց դատարանների հասնելու՝ անկեղծ լինեմ: Որովհետև ես էլ, դուք էլ գիտենք՝ դատարաններում որքան  են արհեստականորեն երկարացնում թղթաբանությունը, ինչքան են ականջի  հետև գցում խնդիրն ու  բարդացնում ամեն բան: Եվ ի վերջո չունենք վստահություն, որ տևական քաշքշուկից հետո հարցը հօգուտ մեզ լուծում կստանա, քանի որ կոռուպցիան խորթ չէ դատավորների սրտին ու գրպանին, իսկ մեր գործատուների գործնական կապերն ավելի ամուր են, քան մեր ճշմարտացիությունը:

Դատական համակարգի կաղալու պատճառով օրեր առաջ մի գեղեցիկ աղջկա  ոտքերի տակից հողն ուղղակի փախավ ու ծնկները ծալվեցին, երբ ամուսնությունից ամիսներ առաջ սիրած մարդուն կորցրեց՝  անհեթեթ միջադեպի պատճառով: Եվ դեռ քանի լևոններ ենք զոհելու չաշխատող օրենքներին ու անպատժելիության մթնոլորտին:

Անհավատությունը սպանիչ է: Եվ հավատալ պետք է ճիշտ ժամանակին, ճիշտ կառույցին, մարդուն, իրավիճակին: Երբ  դժբախտության լուրը տարածվեց, բոլորս աղոթում ու հավատում էինք, որ ամեն բան լավ է ավարտվելու, որ նման գեղեցիկ զույգը պիտի շարունակի իր պատմությունը, տղան երիտասարդ է, կկարողանա ոտքի կանգնել: Բայց արի ու տես, որ հոգեղեն հավատից առաջ պետք էր ամուր իրավական տանիք ունենալ մեր գլխին ու նախ իրեն հավատալ:

Ծանր է այս  մասին գրելը: Ծանր է մարդու մահը չաշխատող օրենքների մեջ կաղապարելը: Որքան էլ գրենք, երիտասարդին հետ բերել չենք կարող, ծնողների ու հարազատների վիշտը մեղմել չի ստացվի: Մնում է դասեր քաղել,  խնդիրներում հանդես գալ որպես քաղաքացի, ոչ թե դրանք լուծել պատատակային տարբերակով՝ բակային հարաբերությունների  ու հեղինակությունների օգնությամբ: Մենք հեռու ենք ամերիկաներից, բայց օրենքի տառը սեփական բռունցքներից  վեր դասելու ժամանակն է: Դժբախտություններ ու պատահարներ ամենուրեք են լինում, բայց  դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեն, եթե մենք փորձենք կարգուկանոնով շարժվել ու հավատ ունենալ: Եվ հավասար լինենք օրենքի առաջ,հավասար ու ենթակա:

Մենք պիտի տեր լինենք մեր քաղաքացիական հավատին, թող պարտվենք դատարաններում, բայց ոչ՝ կյանքին: Դատարանը մի օր հաշվի կնստի մեզ հետ, ու էլ նման լուսավոր երիտասարդների կորուստներ չենք ունենա:

Մեր խմբագրությունը ցավակցում է Լևոն Սահակյանի ընտանիքին ու հարազատներին: Ձեզ տոկունություն՝ ցավին դիմակայելու ու կատարվածից ուշքի գալու համար:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register