ԱՐԵՎՆ  ԱՓՈՎ ՉԵՍ ԾԱԾԿԻ

kabve1

Մեզ ջերմություն պարգևող  արեգակը առավել քան  ձեռնբաց է: Հնուց  անտի երկնային այս  լուսավորը  մարդկանց համար եղել և մնում է ջերմության ու կենարարության  հոմանիշն ու  նրանց անդավաճան ուղեկիցը: Եթե նավթը, գազը, անտառներն անգամ վերանան,  ապա արևի մարում գոնե տեսանելի ապագայում գիտնականները չեն  կանխատեսում: Արևային էներգիան մարդկանց կողմից մշտապես հույսի շող ու էներգետիկ այլընտրանք է դիտարկվել: Արևային էներգիայի օգտագործման  ամենատարածված եղանակը արևային ջրատաքացուցիչներն են, արևից հնարավոր է նաև հոսանք ստանալ:Վերջին շրջանում հատկապես, ի հայտ են եկել գաղափարներ, որոնք կարող են հեղափոխական ազդեցություն ունենալ առաջին հերթին Հայաստանի համար: «Ճամփորդը»  թեմայի շուրջ զրուցել է «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիա» ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի հետ:

Մութը լույսով փոխելու ժամանակը

Վահան Համազասպյանը համոզված է, որ ողջ աշխարհը ուշ թե շուտ պետք է անցնի արևային էներգիայի զանգվածային օգտագործման կամ ինչպես Հայաստանում են անվանել գիտնականն ու նրա համախոհները՝ հելիոֆիկացիայի (էլեկտրաֆիկացիա, գազաֆիկացիա տերմինների նմանությամբ):

  • Արևոտ մի օր, 1993 թվականի մարտի 22-ին, իմ տանը ասպիրանտներիս հետ քննարկում էինք, թե ինչ ուղղությամբ կարելի է աշխատել, որպեսզի օգտակար լինենք Հայաստանին, քննարկում էինք, թե ինչ եղանակների կարելի է դիմել՝ հայրենական արդյունաբերությունը ճգնաժամից դուրս բերելու համար: Այդ օրերին գազ և հոսանք չունեինք, մի բաժակ թեյ պատրաստելու հնարավորություն անգամ չունեինք: Նայեցի պատուհանից դուրս՝ ուժեղ արևը միանգամից ջերմացրեց դեմքս: Ինքս ինձ պարսավեցի՝ « Էլ ինչ ինժենիեր ես, եթե այս արևի պայմաններում  մի աման տաք ճաշի հարց անգամ չես կարողանում լուծել»: Այդ ժամանակ էլ որոշեցի մի փորձարկում անել: Հանդիպեցի ակադեմիկոս Պարիս Հերունու հետ, խնդրեցի ինձ մի ալեհավաք (անտենա) տալ, որի վրա որոշել էի հայելիներ շարել: Այդ ալեհավաքն էլ տարա Երևանի մոտակայքում գտնվող Գեղանիստ գյուղ: Դրեցի եղբորս այգում, հայելիներով ծածկեցի և առաջին անգամ արևի օգնությամբ կերակուր՝ տապակած կարտոֆիլ պատրաստեցի: Շատ հաջող ստացվեց:  Այդ օրվանից  էլ որոշեցի արևային էներգիայով զբաղվել (ժպտում է,-խմբ.)»:

Խաղողը միայն գինու համար չէ

  • Գործընթացն առաջ տանելու համար մեզ պետք էր ստեղծել արևային սարքեր, մշակել տեխնոլոգիաներ: Ցանկությունս էր սկսել աղետի գոտուց՝ Սպիտակից: Արևային գործարաններ ստեղծելու գաղափարը հանգիստ չէր տալիս: Շատերը կարծում են, որ արևի միջոցով կարելի է միայն պարզապես ջուր տաքացնել կամ հոսանք ստանալ: Բայց դրանք գոնե բիզնեսի կամ գիտության առումով այնքան էլ արդիական չեն: Վերջերս Շվեդիայից Հայաստան է եկել մի գործարար, որն ուզում է  մեր երկրում նմանատիպ արևային գործարաններ հիմնել՝ արտադրելով չիր, մուրաբաներ ու պահածոներ: Նպատակն է ստացված արտադրանքն արտահանել Շվեդիա և եվրոպական այլ երկրներ, որտեղ, օրինակ, մեկ թուզն արժե 1 դոլար: Այժմ բիզնես պլան ենք մշակում: Խաղողը միայն գինու և չամիչի համար չէ: Լավ է իրացվում նաև սուջուխը, որի բազմաթիվ տեսակներ կարելի է պատրաստել. չէ՞ որ Հայաստանում աճում է  300 տեսակի խաղող: Բեռլինում կայացած ցուցահանդես-վաճառքում 20 գրամանոց սուջուխները վաճառվել են 2 դոլարով, այսինքն 1 կիլոգրամը՝ 100 դոլար: Այն դեպքում, երբ իր ինքնարժեքը 3-4 դոլար է:Ցավոք, հայ գործարարներն այդպես էլ չհետաքրքրվեցին արևային գործարանների հեռանկարով, և այժմ, ամենայն հավանականությամբ, փողի մի մասը չի մնալու Հայաստանում»:

 

Արևային ժամեր

 Արևային փոքր գործարանն իրենից ներկայացնում է 500-1000 ք.մ տարածքում տեղակայված  մի շինություն, որի տանիքում տեղադրված է ընդհանուր՝ 30 մետր երկարությամբ և 12 մետր լայնությամբ հայելիների բարդ համակարգ: Ներսի հատվածում միրգը (կամ բանջարեղենը) անցնում է հատուկ խցիկով, որում ջերմաստիճանը հնարավոր է մի քանի ամիս շարունակ պահել ընդհուպ մինչև 300 աստիճան, սահմանել խոնավության աստիճանը: Այս և բազմապիսի այլ ֆունկցիաները՝ ավանդական չորանոցների համեմատ մեծ առավելություն են տալիս արևային գործարանին: Այսպիսի փոքր գործարանի արժեքը տատանվում է 800 հազարից 1.2միլիոն դոլարի միջակայքում: Արևային սարքերի կարողությունը հասնում է  300 կվտ ջերմային ու 40 կվտ էլեկտրական հզորության: Գործարանում կարող է աշխատել 10-15 մարդ:  «Արտադրանքը համարվում է էկոլոգիապես մաքուր և առողջ սնունդ, կարող է վաճառվել արևմտյան երկրների բիոխանութներում: Եթե հայկական ամեն մի գյուղի մոտակայքում լինի այսպիսի գործարան, կշահեն բոլորը՝  ե՛ւ ներդրողները, ե՛ւ պետությունը, ե՛ւ գյուղացիները, որոնք  մթերման նոր հնարավորություն կստանան, աշխատատեղեր կբացվեն: Հայաստանում միջին հաշվով 2500 արևային ժամ ունենք, և ամպամած, անարև օրերին աշխատելուհամար արևային գործարանները պետք է ունենան էներգիայի կուտակիչներ: Հայաստանում բոլոր տեղերն էլ արևոտ են, կա առավելագույնը 20 տոկոսի տարբերություն: Արևային գործարանների համար լավագույնս համապատասխանում են Արարատյան դաշտավայրն ու Արցախը: Ինչ վերաբերվում է տարվա եղանակներին, օրինակ՝ ձմռանն, արևը շատ ուժեղ է, քանի որ օդը չոր է և կլանումը քիչ է: Սակայն ձմռանն էլ օրերն են կարճ և արևային ժամերն էլ քիչ են»:                                 Վահան Համազասպյանը հավատում է, որ Հայաստանը կարող է դառնալ աշխարհի հելիոֆիկացման սկզբնակետ:Գիտնականն ու իր համախոհները փորձում են իրենց ընտրած ուղղությունն ավելի ժողովրդական դարձնել: Սպիտակում կազմակերպել են երիտասարդական, էկոլոգիական «արևային խաղեր»: Մասնակիցները բաժանվել են թիմերի և յուրաքանչյուր սարքի վրա պատրաստել տարբեր կերակուրներ: Գիտնականի դիտարկմամբ տուրիզմի և առողջ սննդի տարածման համար կարող են հրաշալի միջոց լինել արևային սրճարանները, որտեղ ամեն ինչ կպատրաստվի արևային սարքավորումներով: Գիտնականի համոզմամբ՝ ապագայում արևային էներգիան է դառնալու մոլորակի բնակչությանը սնուցող հիմնական աղբյուրը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register