ԱՌԱՋԻՆ ՆՈՐ  ՏԱՐԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Siriahay-Galustyanner

Սիրիահայ Գալուստյանների ընտանիքն այս տարի առաջին անգամ Ամանորը դիմավորել է հայրենիքում՝ Հայաստանում: Զգացողությունները հակասական են, սպասելիքներն ու ցանկությունները՝  խաղաղության հոլովույթում:

«Ցանկությունս մեկն է՝ որ աշխարհին խաղաղություն լինի, հատկապես Սիրիային ու Հալեպին»,- ասում է ընտանիքի մայրը՝ Գոհարը, ու  հավելում,- շատ դժվարությունների միջով ենք անցել պատերազմի տարիներին, ուզում եմ, որ այսուհետ պատերազմներ չլինեն ու հաջողությունն ուղեկցի բոլորին»:

Գալուստյանների ընտանիքը Հալեպից Երևան է տեղափոխվել 2016թ. հոկտեմբերին, երբ հերթական հրթիռակոծման ժամանակ հիմնովին ավերվել է 5-րդ հարկում գտնվող նրանց բնակարանը:  Փլուզման հետևանքով Գալուստյանների մանկահասակ երեխաները գլխի  և դեմքի շրջանում վնասվածքներ են ստացել, Գոհարի ամուսինը՝ Ժանը, վնասել է ոտքը: Գալուստյանները չեն հասցրել անգամ հագուստ և գումար վերցնել:

Պատերազմող Հալեպում անցկացրած 6 տարիների մասին Գոհարը այսօր էլ սարսուռով է պատմում՝ անգազ, անջուր, անլույս պայմաններում նրանք ստիպված են եղել օրեր լուսացնել, անհաց մնացած երեխաներին հուսադրել, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու… Օրերը, սակայն, ձգվել ու դարձել են տարիներ, և հալեպահայերի համար երազված խաղաղությունն իրականություն է դարձել միայն վերջերս:

Siriahay-Galustyanner2

«Չէինք ուզում մեր տնից հեռանալ, մտածում էինք՝ շուտով կխաղաղվի, գնանք ուրիշ տեղ ի՞նչ անենք, ինչո՞վ ապրենք… Բայց որ հրթիռն ընկավ մեր տան մեջ,  որ տեսա երեխաներիս քարերի տակ… Այլևս Հալեպում մնալն անիմաստ էր,մենք այնտեղ այլևս անելիք չունեինք: Որոշեցինք, որ եթե պետք է հեռանանք այնտեղից, ուրեմն պետք է Հայաստան գանք»,- պատմում է Գոհարը:

Հայաստան տեղափոխվելու հարցով Գոհարը դիմել է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը, որն էլ հոգացել է տոմսերի ծախսը: Արդեն Երևանում  մի բարերար ընտանիք հոգացել է բնակարանի 6 ամսվա վարձը: Ժամկետը լրանում է ապրիլին, թե դրանից հետո ինչպես և որտեղ են ապրելու Գալուստյանները, Գոհարը դժվարանում է ասել. սիրիահայ ամուսինները Հայաստան տեղափոխվելու առաջին իսկ օրվանից աշխատանք են փնտրում: Աշխատանք գտնել, սակայն, դեռևս չի հաջողվում: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր է, պատրաստ է նաև խանութում վաճառող աշխատել: Ամուսինը՝ Ժանը, ոտքը վնասելու պատճառով ծանր ֆիզիկական աշխատանք թեպետ չի կարող անել, սակայն պահակի գործին դեմ չի լինի:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register