7 ՀԱՐՑ. ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ

narine-kroyan-2

«7 Հարց» խորագրի հյուրն է արձակագիր, տնտեսագիտության տեսության դասախոս Նարինե Կռոյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կուզենայի որ մարդը, ՀՀ քաղաքացին մեր երկրում համարվեր պետական գերակա շահ, արժեք, ինչպես Իսրայելում է:

 – Եթե Դուք  լինեիք  Վանաձորի քաղաքապետը, ո՞րը կլիներ  Ձեր առաջին հանձնարարականը: – Վանաձորը կմաքրեի քաղաքի դեմքն աղճատող կառույցներից, քաղաքը կդարձնեի մաքուր և լուսավոր, կվերականգնեի  Վանաձորի` մշակութային, զբոսաշրջային և առողջարանային քաղաքի երբեմնի համբավը:

 – Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Օրենքի գերակայություն, մեկնարկային հավասար հնարավորություններ բոլորի համար, տնտեսության ազատականացում և մոնոպոլիաների վերացում: Այս երեքի արդյունքում կունենանք բարեկեցիկ և կեցության համար իսկապես գրավիչ երկիր, որը միայն որպես հայրենիք չի ընկալվի`զուտ պաթետիկ իր գրավչությամբ, այլ կլինի երկիր, որտեղ կարելի է և պետք է ապրել ու սերունդ տալ:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Գուրգեն Տեր-Մովսիսյան (Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս): Այս վերջինը խիստ սուբյեկտիվ դիտարկում է. ղարաքիլիսեցու արյունը մեջս խոսեց (ծիծաղում է, –խմբ.):

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Անկախության այս 25 տարիները, որոնք, իմ կարծիքով, կորուսյալ տարիներ եղան մեզ համար, ինչպես կասեր պատմության մեծ մանիպուլյատորներից մեկը` մեկ քայլ առաջ շարժվեցինք, երկու քայլ` ետ: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Դաժան 90-ականների սերունդը` մեր զինվորը, որի սերը իրեն գրեթե ոչինչ չտված և  ավելի շատ վերցրած հայրենիքի նկատմամբ անչափելի էր կամ էլ չապրված մի ամբողջ կյանք էր: Առհավատչյան` 2016-ի ապրիլը:

 – Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Չհանձնվելն է, ատամները սեղմելն ու ինքդ քո ցավի վրայով անցնելն է` չդավաճանելով քո որդեգրած համամարդկային, բարոյական սկզբունքներին, ինչը, մեղմ ասած, այսօր չափազանց դժվար է:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register