7 ՀԱՐՑ. ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

Arsen-Julfalakyan

«7 Հարց» խորագրի հյուրն է  հունահռոմեական ոճի ըմբիշ: Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, 2012 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Աշխարհում շատ կան դրական իրողություններ, որոնք կուզենայի մեր երկրում էլ լինեին՝ յուրահատուկ կառույցներ,թանգարաններ,տարբեր ազգերի առանձին բնավորության գծեր և այլն։ Եթե փորձեմ առանձնացնել 1-2-ը, ապա կցանկանայի, որ մենք՝ հայերս, ավելի շատ ապրենք մեր սեփական կյանքով  և չխառնենք մեզ չվերաբերող հարցերին՝ հարևանի անձնական կյանքից մինչև ավելի լուրջ բնագավառներ… Կուզեի պահպանած լինեինք մեր պատմական կառույցները։

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Ինչ պաշտոնում էլ լինեմ,նախ փորձելու եմ հասկանալ, թե ովքեր են ընդգրկված իմ թիմում, պրոֆեսիոնա՞լ են, թե՞ ինչ-որ մեկի ծանոթ-բարեկամը։ Այսօր, գրեթե առանց բացառության, բոլոր բնագավառներում ունենք այդ խնդիրը։ Իսկ Երևանը ցավոք ունի լրջագույն խնդիրներ, ինչքան էլ շատերը փորձեն վարդագույն երանգներով ներկայացնել, թե ամեն ինչ լավ է։ Սովորական օրինակ՝ կանգնեք ցանկացած փողոցում և նայեք կառույցներին։ Չկա մի շենք, որ անճաշակ, անօրինական, իրենից վտանգ ներկայացնող ավելացրած  հատված չունենա … Ճարտարապետություն, փողոցների հարմարավետություն, կայանատեղիներ, ջրահեռացում, կանաչ գոտիներ, գովազդներ… Առանց մեծ դժվարության կարելի է խնդիրների ցանկը դեռ երկար շարունակել։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Օրենքի գերակայություն բոլորի համար, կոռուպցիայի վերացում (կամ գոնե զգալի նվազեցում սկզբի համար), աշխատատեղերի ստեղծում։

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Տիգրան Մեծ, Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Բոլոր այն էջերը, երբ մեկ կամ մի քանի դավաճանների պատճառով ամբողջ ազգը, պետությունը ճակատագրական կորուստներ է ունեցել։ Ափսոսում եմ, որ դասեր շատ քիչ ենք քաղել, իսկ սրբագրելու հնարավորություն երբեք էլ չենք ունենա։ Պետք է ներկան ճիշտ կառուցել։

 – Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ցավոք Հայաստանում այնքան իրարամերժ բաներ եմ տեսնում,որ արդեն գրեթե ոչնչից չեմ զարմանում՝ սկսած գրոշների համար շատ ծանր աշխատանք կատարող մարդուց, մինչև քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններ։ Ամեն դեպքում շարունակում են զարմացնել տաղանդավոր մարդիկ իրենց յուրահատկություններով, ընդ որում ամենատարբեր տարիքի։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Աշխատասիրություն, կամքի ուժ, եթե բնությունից էլ տրված է, գլուխգործոց կստացվի:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register